HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքացիները մաքրում են Հանրապետության հրապարակի շրջակայքը

Վաղ առավոտից տասնյակ երիտասարդներ մաքրում են Հանրապետության հրապարակի շրջակայքը: Նրանք հավաքում են աղբը, լվանում աղբամանները, ավլում հրապարակի տարածքը, մաքրում նաև խոտածածկ տարածքները։

Աղջիկներին օգնում են ցուցարար տղաները, ովքեր հրապարակի շատրվաններից դույլերով ջուր են բերում եւ լցնում աղբարկղերի մեջ՝ դրանք լվանալու համար։

Ելենա Սարգսյանը Հանրապետության հրապարակում է վաղ առավոտից: «Իմ քայլը» շարժմանը միացել է ապրիլի 13-ից, երբ համակուրսեցիների հետ գնացել էր Հյուսիսային ավտոկայան՝ Նիկոլ Փաշինյանին դիմավորելու համար։ Այսօրվա մաքրությանը եկել է միայնակ, հասցրել ծանոթանալ հրապարակում մաքրություն անող մի քանի աղջիկների հետ:

Ելենան սովորում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում։ Լոռու մարզի Տաշիր քաղաքից է, մայրաքաղաքում կազմակերպված մաքրությանը առաջին անգամ է մասնակցում:

Ասում է՝ այսօր կատարած աշխատանքը հեշտ չի եղել, հրապարակի սալիկների որոշ հատվածներ է ջրով լվացել․ «Աղբը մաքրելն էր հիմնականում դժվար, մեկ էլ սքոչ և ծամոնները էին կպած հատակին, դրանք քերելն էր դժվար։  Եթե մենք կեղտոտել ենք, պարտավոր ենք մաքրել։ Մեր քաղաքն է»։

Ելենան հույս ուներ, որ այսօրվա մաքրությանը ավելի շատ մարդ կգար, քանի որ նախորդ օրերին հրապարակում ավելի շատ ցուցարար է եղել։ Մաքրությունն ավարտելուց հետո նա պատրաստվում է դասի գնալ՝ չնայած, ինչպես ինքն է ասում, «Հեչ տրամադրված չէ»։

Աղբամանների ներսում թափված աղբը ձեռքերով հավաքող ցուցարարներից էր նաև տնտեսագետ Սիրանուշ Մաղաքյանը։ Հրապարակի շրջակայքի մաքրությանը եկել է  09։30-ից։ Սիրանուշը գովելի է համարում նման նախաձեռնությունների իրականացումը։ Հրապարակի շրջակայքը մաքրում է առաջին անգամ, չնայած մարզերում կատարվող աղբահավաքությանը հաճախ է մասնակցել:

Նրա ընկերներից շատ մարդիկ են այսօրվա մաքրությանը մասնակցում․ «Շատ ինքնակազմակերպված են երեխաները, չեն սպասում՝ ով ինչ կանի։ Բոլորը միահամուռ կերպով աշխատում են։ Եթե այստեղ եկել, հավաքվել էինք, առավոտյան էլ պետք է մաքրեինք, կապ չունի, որ քաղաքապետարանի աշխատակիցները եկել են, գործ են անում, մեզ օգնում են։ Ամենաառաջինը սա մենք մեզ համար ենք անում»,- ասում է Սիրանուշ Մաղաքյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ևս քաղաքացիները հավաքվել էին` մաքրելու Հանրապետության հրապարակի տարածքը։ Այդ օրը առավոտյան՝ 11:00-ից, տասնյակ քաղաքացիներ միայնակ, ընտանիքների և երեխաների հետ ավլել էին հրապարակի շրջակայքը, տոպրակներով շրջել տարածքով և հավաքել մանր աղբը:

Մեկնաբանություններ (2)

Manukjan
Ապրեք, շատ ապրեք էրեխեք ջան իսկական սրտացավ ու հայրենասեր քաղաքացին եք նոր Հայաստանի, Շնորհակալ եմ
mahmouzian
yo are the best .only you young people can change the old rotten system and those s no brain putrified deputy .thank you a thousand times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter