Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Հակոբ Հակոբյանը վարդենիկցիներին խոստացել է, որ քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին. գյուղացիները ժամանակավոր բացել են նրա հէկի ջուրը



Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն այսօր առավոտյան հանդիպել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչներին, ովքեր երեկ փակել էին Վարդենիկ գետից սնվող պատգամավորի հէկ գնացող ջրի հոսքը և ուղղել դեպի Վարդենիկ գետի բնականոն հունը:  

Հակոբ Հակոբյանը գյուղապետարանի մոտ բնակիչների հետ լարված և թեժ մթնոլորտում տեղի ունեցած քննարկումներից հետո խոստացել է, որ քվեարկելու է վարչապետի ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին:

«Հակոբյան Հակո՞բն է ձեր թշնամին, թե՞ պատգամավորը»,- իր խոսքն այսպես է սկսել պատգամավոր Հակոբյանը:

Գյուղացիներից լսելով, որ պատգամավորն է ժողովրդի թշնամին՝ Հակոբ Հակոբյանը մանրամասնել է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Վարդենիկը 3000 ձայն է տվել Հանրապետական կուսակցությանը, այդ թվում՝ նաև իրեն: Մեկ տարի անց փոշմանել են և ուզում են Նիկոլ Փաշինյանին ընտրել որպես վարչապետ:

«Ես ձեր պատգամավորն եմ, ընձի մի տարի պետք չի եղել, երեկ դուք կուսակցության հայտարարությունը կարդացել եք: 20 ժամում մենք փոշմանել ենք, ընտրում ենք Նիկոլին: Այսինքն՝ մենք ընդամենը 20 ժամ ենք վերցրել Նիկոլին ընտրելու համար: Երկրորդը՝ ձեզնից ո՞վ է դավաճանին հարգում: Ոչ մեկ: Բա դուք ուզում էիք ես դավաճա՞ն դառնայի ձեր համար: Բա ինչի՞ 20 ժամ չեք տալիս, որ ես դառնամ ձեր ուզած կնոպկա քվեարկողը»,- ասել է Հակոբ Հակոբյանը:

Վարդենիկի համայնքապետարանի աշխատակազմի քարուղար Արմեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ գյուղացիները նրան նաև այլ պահանջներ են առաջադրել, որոնք առնչվում են հէկի առաջացրած բնապահպանական և տնտեսական խնդիրներին: Գյուղացիների պահաջներից մեկը նաև հէկից ստացած պատգամավորի շահույթից որոշակի մաս գյուղում ներդրում կատարելուն է վերաբերել:

Առաջիկա երկու օրում գյուղացիները պատգամավորին հստակ ներկայացնելու են այդ պահանջները, և եթե Հակոբ Հակոբյանը չհամաձայնի, վարդենիկցիները կրկին փակելու են ջրի հոսքը դեպի հէկ:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան վարդենիկցիները փակել էին դեպի հէկ գնացող հոսքը և ջուրն ուղղել իր բնականոն՝ գետի հուն: Նրանք պահանջում էին, որպեսզի Հակոբ Հակոբյանն անձամբ գա գյուղ և ընտրի ժողովրդի թեկնածուին:

Հակոբյանը, սակայն, երեկ չէր գնացել Վարդենիկ: Եվ նրա այցը կայացել է միայն ՀՀԿ խմբացկության երեկվա որոշումից հետո՝ սատարել պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին և որևէ թեկնածու չառաջադրել ՀՀԿ-ի կողմից:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Արման17:53 - 3 մայիսի, 2018
Տարոսը մյուսներին
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ