Շաբաթ, 22 սեպտեմբերի

Կավարտը պատասխան է նրանց, ովքեր շեփորահարում են պատասխանատու հանքարդյունաբերության մասին


Կապանի Կավարտ գյուղական թաղամասը գտնվում է քաղաքի հյուսիսում՝ կենտրոնից 5 կմ հեռավորության վրա: Կավարտ տանող ճանապարհն անցնում է Արփիկ, Աշոտավան, Լենհանքեր (Լենինյան հանքեր, Լենգրուպա) թաղամասերով: Ճանապարհին զուգահեռ հոսում է նույնանուն՝ Կավարտ գետակը, որը Ողջիի վտակն է:

Մեծ հաշվով, սա գետակ էլ չէ, այլ ընդամենը մի փոքր առու:

Կավարտ թաղամասից մինչեւ Արփիկ ընկած հատվածում գետակը դարչնագույն է, իսկ Արփիկից ներքեւ՝ մինչեւ քաղաքի կենտրոն, դրա ջուրը սպիտակ գույնի է:

Տարբեր գույները տարօրինակ չպիտի համարել, եթե հաշվի առնենք, թե ինչ տարածքներով է հոսում Կավարտը: Մասնավորապես, Արփիկից ներքեւ ջրի սպիտակ գույնը, թերեւս, բնակիչների ու տարածքի տնտեսվարողների կողմից տարբեր կեղտաջրերի ու քիմիական նյութերի արտանետման հետեւանք է: Իսկ ահա ավելի բարձր հատվածում ջրի դարչնագույնը պայմանավորված է Կավարտի բաց հանքով:

Սա Կապանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի երակներից մեկն է: Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) դեռ 2015-ին անդրադարձել էր հանքի պատմությանը:

Կավարտը մետաղների մշակմամբ հայտնի է դեռեւս հնագույն ժամանակներից: 18-րդ դարում արդեն հայտնի էր որպես պղնձի արդյունահանման եւ ձուլման կենտրոն: 19-րդ դարի կեսերից մինչեւ 20-րդ դարի սկիզբը Կավարտի կամ Ղաթարի պղնձահանքերը շահագործել են հույն արդյունաբերողներ Կոնդուրովները, հայ Խոջամիրովները եւ ապա նաեւ ֆրանսիացիները: Հանքավայրը հայտնի է նաեւ Մեծ Մաղարա անունով: 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունների կողմից վերաբացվեցին 1917-18 թթ. անիշխանության եւ Հայաստանի 1-ին Հանրապետության օրոք փաստացի չգործող հանքերը: 1924 թ.-ից դրանք կոչվեցին Լենհանքեր: Մինչեւ 50-ական թթ. այն շահագործեցին որպես փակ հանքեր, իսկ ահա դրանից հետո մինչեւ 1985 թ. գործեցին որպես բաց հանքեր: Այդ գործունեության ընթացքում ավերվեց հին Կավարտ գյուղը՝ իր սբ. Գեւորգ եկեղեցու հետ:

Հայաստանի անկախացումից հետո շահագործումը վերսկսվել է 1999 թվականին։ Հետագայում՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի մասնավորեցումից հետո, նոր սեփականատերը՝ կանադական «Դինո Գոլդ Մայնինգ» (ապա՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան») ընկերությունը, շարունակել է Կավարտի բացահանքի շահագործումը։ Սակայն 2-3 տարի անց նորից դադարեցրել է եւ այսպիսի վիճակում թողել մեզ։

Հանքարդյունաբերող ընկերությունը պարտավոր էր բաց հանքի շահագործման դադարեցումից հետո ռեկուլտիվացիա անել՝ գրունտով փակել փորված հսկա «թասը», ինչի արդյունքում չէինք ունենա այն, ինչ այժմ կա:

Այսօր տեղումներից հետո ջրերը, լցվելով բացահանքի մեջ, կուտակվում են տեղում, ապա ներծծվում ու խառնվում գրունտային ջրերին, մի մասն էլ, հանքի տարածքով հոսելով, դուրս է գալիս ու խառնվում մակերեւութային ջրերին: Երկու դեպքում էլ հետեւանքներն աղետալի են:  

ՀԲՃ-ի անդրադարձից հետո «Հայկական ժամանակ» օրաթերթը զրուցել էր Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ, ով տարօրինակ ու ծիծաղելի պատասխան էր տվել թերթին. «Ես կավարտեցի եմ: Կավարտի առու ասեմ, գետակ ասեմ, ձոր ասեմ, այդ փոքր քանակությամբ ջրերը, որ հոսում են, դրանք ընդամենը Կավարտ գյուղում գտնվող Ցուրտ աղբյուր կոչվող ջրերն են: Դուք եք որակում կարմիր կամ Համահայկական բնապահպանական ճակատը: Ձորի հատակը, գրունտն է կարմիր»: Լրագրողի հարցին, թե արդյոք հողը կարմիր է ծանր մետաղների պատճառով, քաղաքապետն ասել էր. «Ես չեմ կարող ասել: Ես նման տեղեկություն չունեմ: Եթե մենք ձեռքի տակ ունենանք հավաստի տվյալներ, որ այդ ջուրը պարունակում է ծանր մետաղներ, բնականաբար, մեր մտահոգությունը կհայտնենք»: Այն, որ 2012-ից համայնքը ղեկավարող մարդը տարիներ շարունակ չի փորձել համայնքապետարանի կողմից լաբորատոր հետազոտություն պատվիրել գետի ջրերում առկա ծանր մետաղների քանակը ճշտելու, դրանով իսկ իր համայնքի, ավելին՝ իր հարազատ թաղամասի բնակիչների առողջությունը պաշտպանելու համար, խոսում է նրա աշխատանքի որակի մասին:

Առանձնացնենք միայն այն, որ Ա. Հայրապետյանը, կավարտեցիների ճանապարհը կարճացնելու համար, մի երկու տարի առաջ ճամփա է բացել հենց բաց հանքի եզրով: Այս ճանապարհով քայլելիս կարելի է տեսնել հանքը շահագործածների անպատասխանատու գործելակերպի ու, իհարկե, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բարձիթողի վերաբերմունքի եւ անճարակության հետեւանքները: 

2017-ին ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնին Կավարտ գետի ջրի խնդրով դիմել էր ՀԲՃ-ն՝ հանձնելով նմուշ, որը վերցվել էր այդ տարվա մայիսին բացահանքից շուրջ 1 կմ ներքեւ ընկած հատվածում: Լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել էր, որ ջրի թթվայնությունը շատ բարձր է, ինչն ապացուցում է բնապահպան ակտիվիստների մտահոգությունը, որ տեղի է ունենում հանքի թթվային դրենաժ, այսինքն՝ հանքի թթուները խառնվում են գրունտային ու մակերեւութային ջրերին՝ աղտոտելով դրանք: Հետազոտությամբ նաեւ ապացուցվել էր, որ Կավարտ գետում նորման գերազանցում են կադմիումը, նիկելը, կոբալտը, պղինձը, ցինկը, մանգանը, բարձր է ջրի կոշտությունը:

Այս ամենը, սակայն, վերաբերում է միայն ջրին, այնինչ բաց հանքի անտերության պատճառով տարիներ շարունակ աղտոտվում է օդը եւ հողը: Բավական է թեթեւ քամու ժամանակ գտնվել տեղանքում՝ զգալու համար, թե ինչպիսի գարշահոտ է տարածվում հատկապես Կավարտ եւ Լենհանքեր թաղամասերում: Ծանր մետաղները քամու միջոցով որպես փոշի տարածվում են նաեւ շրջակայքում, իսկ քանի որ Կավարտն ավելի բարձր դիրքում է, այդ փոշին հեշտությամբ հասնում է նաեւ Կապանի կենտրոն:

Ինչպես գրել էինք նախորդ հոդվածում, բաց հանքի հարեւանությամբ նաեւ մեքենաների «գերեզմանոց» կա: Սա անօրինական աղբավայր է, բայց տարիներ շարունակ քաղաքային իշխանությունները աչք են փակում իրողության վրա:  

Ինչպես Կավարտը, այնպես էլ Շահումյանը, որին անդրադարձել ենք օրերս, իշխանության ամենաթողությամբ կատարված ու կատարվող թալանի օրինակ են, եւ երբ այսօր նույն իշխանության տարբեր մարմինների ու հանքերի շահագործողների կողմից խոսք է բացվում պատասխանատու հանքարդյունաբերության մասին, նրանց ընդամենը պետք է ցույց տալ Շահումյանն ու հատկապես Կավարտը:   


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։