HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր և Լիբանանի էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարարի որդիների ընկերությունը կրկին արտոնություն ստացավ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի և Լիբանանի  էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարարի որդիների «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությանը մաքսային արտոնություն տալ։ Հիշեցնենք, որ այս ընկերությանը կառավարությունը ևս մեկ արտոնություն էր տվել 2018թ․ ապրիլի 12-ին։

Գործադիրն այսօրվա նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ որոշեց, որ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությունը Հայաստան կներմուծի թեթև արդյունաբերության մեջ օգտագործվող հումք և սարքավորումներ՝ ներմուծման մաքսատուրքից ազատվելով։

Ընկերությունը գրանցված է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Գործարանային 1 հասցեում: Այս հասցեում է գտնվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան», որն ամիսներ առաջ Աբրահամյանը վաճառել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը:
Գործադիր բերված որոշման նախագծի համաձայն՝ ընկերությունը պատրաստվում է Հայաստան ներմուծել 7 մլրդ դրամ արժողությամբ հումք և սարքավորումներ, որոնք օգտագործվելու են թեթև արդյունաբերության բնագավառում:

Սարքավորումները ընկերությունը կներմուծի Իտալիայից, Չինաստանից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, Ուզբեկստանից, Թուրքիայից, Հնդկաստանից, Շվեցարիայից։ Ընկերության հավաստմամբ՝ ծրագրի շրջանակներում իրականացվելու է 10,9 մլրդ դրամի ներդրում, ստեղծվելու է 175 աշխատատեղ։

Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը կարտադրի 23 մլրդ դրամի արտադրանք, որից 3,1 մլրդ դրամինը կիրացվի Հայաստանի տարածքում, մյուս մասը՝ 13,3 մլրդ դրամի արտադրանք կարտահանվի ԵԱՏՄ, իսկ 6,7 մլրդ դրամի արտադրանք՝ երրորդ երկրներ։

Ընկերությունից հայտնել են, որ հումքը չի ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չի բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։

Հավելենք, որ գործադիրի ապրիլի 12-ի որոշմամբ՝ ընկերությունը 2018թ․ ապրիլի 13-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը հանրապետություն կներմուծի 8,2 մլրդ դրամ արժողությամբ հումք և սարքավորումներ՝ ավելացված արժեքի հարկը երեք տարի հետաձգումով վճարելով։ «Էյ Բի Սի Տեքստիլ» ընկերությունների հիմնական բաժնետերը Կիպրոսում գրանցված «Նաթքոմ Լիմիթեդ» (NATCOM LIMITED) ընկերությունն է, որի 40%-ը Աստղիկ Ալեքսանյանինն է, 30-ական տոկոս բաժնետոմս ունեն Լիբանանի էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարար Արթյուր Նազարեանի որդիները՝ Փիթըր և Գարի Նազարեանները։

Մեկնաբանություններ (1)

Օննիկ Քիրէմիթլեան
«Սարքավորումները ընկերությունը կներմուծի Իտալիայից, Չինաստանից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, Ուզբեկստանից, Թուրքիայից, Հնդկաստանից, Շվեցարիայից։» Ինչո՞ւ է Թուրքիան այս ցանկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter