Կիրակի, 23 սեպտեմբերի

Ավազակային հարձակման հետեւանքով մահացել են HSBC բանկի անվտանգության մեկ աշխատակից եւ մեկ ոստիկան



HSBC բանկի' Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարելու հետևանքով մահացել է բանկի անվտանգության մեկ աշխատակից եւ մեկ ոստիկան: Բժիշկները պայքարում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված բանկի անվտանգության երկրորդ աշխատակցի կյանքը փրկելու համար։

Հրազենային վիրավորում ստացած ոստիկան Արա Շախգուլյանը մոտ մեկ ժամ առաջ մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Ինչպես «Հետք»-ին հայտնեցին բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից՝ ոստիկանը մահացել է վիրահատական սեղանին, սրտի կանգ է ունեցել, բժշիկները փորձել են փրկել ոստիկանի կյանքը, սակայն չի հաջողվել։ Հիվանդանոցից դեպքի վերաբերյալ այլ հանգամանքներ պարզել չկարողացանք։

Քիչ առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ հայտնելով․ «Ավաղ, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից»։ 

Ավագ ենթասպա Արա Շախգուլյանն այս տարի կդառնար 45 տարեկան։ Ոստիկանության համակարգում էր 2000 թվականից, ապրում էր Կոտայքի մարզի Ակունք գյուղում, երկու որդիների հայր էր։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ HSBC բանկի' Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա դանակով, նռնակով, հրացանով զինված հարձակում է եղել։

Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:
Ոստիկանությունը հայտնում է, որ ավազակային հարձակում կատարած անձը ներս մտնելուց հետո հրացանով կրակել է առաստաղին ու փող պահանջել։ Նա հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն, հեռու փախչել չի հաջողվել: Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով' նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, ինչպես հետագայում պարզվեց` Արա Շախգուլյանին, սակայն արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:

Հրազենը, նռնակը, դանակն ու հափշտակված գումարը, որի չափը ճշտվում է, փաթեթավորվել են՝ փորձաքննությունների համար։ Բանկում հայտնաբերված կրակված պակուճը, փողոցում հայտնաբերված հրացանի փամփուշտի կոտորակը ևս փաթեթավորվել են՝ փորձաքննությունների համար։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ