HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արման Թաթոյան. «Լրագրողների աշխատանքը պետք է լինի լիարժեք պաշտպանված»

Մայիսի 3-ը մամուլի ազատության միջազգային օրն է: Լրագրողները, մեդիա ոլորտի հասարակական կազմակերպություններն ամփոփում են Հայաստանում խոսքի ազատության վիճակը և տալիս գնահատականներ: Արդեն օրինաչափություն է, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն աճում են ընտրությունների, հանրահավաքների և զանգվածային բողոքի այլ միջոցառումների ժամանակ: Ինչպես փաստում են մասնագետները, բացառություն չէին նաև Սերժ Սարգսյանի վարչապետության, այնուհետև իշխող Հանրապետական կուսակցության կառավարման դեմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» շարժման բողոքի գործողությունները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ նախնական տվյալներով` քաղաքացիական անհնազանդության գործողությունների լուսաբանման ժամանակ տուժած  լրագրողների և օպերատորների թիվը 27 է: Նրանցից բռնության է ենթարկվել 16-ը: 2 դեպք է գրանցվել, երբ ճնշում է գործադրվել ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ՝ առանց ֆիզիկական բռնության, խոչընդոտվել է աշխատանքը: Եվս 9-ը տուժել են հրմշտոցի, ոստիկանության հատուկ միջոցների կիրառման ժամանակ:

Դատախազության տվյալներով 2018թ. ապրիլի 13-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում քաղաքական անհնազանդության գործողությունների լուսաբանման ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 17 դեպք է արձանագրել: Դրանցից 12-ը՝ 14 լրագրողի վերաբերյալ, իրենց նկարագրությամբ պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ: 

Վերլուծելով վերջին տարիների իրադարձությունները` Աշոտ Մելիքյանը նշում է, որ լրագրողների և ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրողները հիմնականում ոստիկաններն են կամ նրանց հովանու ներքո գործող քաղաքացիական հագուստով անձինք, կամ՝ գործող իշխանության շրջանակներից, նրանց «ծառայող» անձինք:

«Եթե մենք վերջին 10 տարվա իրադարձությունները վերլուծենք, ապա կտեսնենք, որ լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների ոտնահարումների ճնշող մեծամասնությունն անհետևանք է մնում, և իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: Կարծում եմ` այստեղ միտում կա: Գործող ՀՀԿ-ական իշխանությունները երբեք լուրջ չեն վերաբերվել լրագրողների իրավունքների խախտումներին, նայել են մատների արանքով, իսկ հաճախ` նաև հովանավորել են, թե ինչպես են գործերը կոծկվում»,-ասում է Աշոտ Մելիքյանը:

Միայն 2017թ. կոմիտեն արձանագրել էր լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների` 11, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների դեմ տարատեսակ ճնշումների 113 դեպք, տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի 62 խախտում։

2017-ը աննախադեպ է եղել նաև ԶԼՄ-ների և լրագրողների դեմ դատական նոր գործերի առատությամբ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ միայն «Sut.am» լրատվական կայքի հիմնադիր, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և նրա համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացվել է 30 դատական հայց։ Դրանք վերաբերում էին կայքի մարտի 24-ի աղմկահարույց հրապարակմանը, որում բացահայտվում էր նախընտրական շրջանում դպրոցների և մանկապարտեզների տնօրենների՝ վարչական ռեսուրսի գործածմամբ ձայների հավաքագրումը՝ հօգուտ իշխող ՀՀԿ-ի։ Յուրաքանչյուր հայցով պահանջվում էր հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և 2 մլն դրամ փոխհատուցում վճարել։ Սակայն, առաջին իսկ դատական նիստին այդ հայցերը հետ են վերցվել։ Տարվա կտրվածքով ԶԼՄ-ների և/կամ լրագրողների ներգրավվածությամբ դատական գործերի թիվը հասել է 60-ի, բոլորն էլ` վիրավորանքի և զրպարտության հիմքով։

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ չնայած բոլոր ճնշումներին, խոսքի ազատությունը մեր ձեռքբերումներից մեկն է հետխորհրդային շրջանում: Սակայն, այսօր այն ցածր մակարդակի վրա է, և կարելի էր շատ ավելի լուրջ արդյունքներ գրանցել, եթե հարգվեր այդ հիմնարար իրավունքը:

«Այս իրադարձություններից հետո, կարծում եմ, նոր իշխանություններն ավելի բարենպաստ պայմաններ պետք է ստեղծեն խոսքի ազատության և մամուլի ազատ գործունեության համար»,-հավելում է Ա. Մելիքյանը: Նրան մտահոգում է ոլորտը կարգավորող օրենսդրությունը, մասնավորապես` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, որը բազմաթիվ դրույթներով չի համապատասխանում այսօրվա չափանիշներին: Բացի այդ, անընդունելի է համարում 21-րդ դարում ունենալ այսպիսի վերահսկելի հեռարձակման ոլորտ:

Հայաստանի աղքատ խավի համար տեղեկատվության հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է: Կան մարդիկ, ովքեր սովոր չեն տեղեկատվության համար վճարել և նույնպես կախված են անվճար հեռուստառադիոալիքներից: Իսկ ոչ ազատ հեռուստատեսության պարագայում, ըստ պրն Մելիքյանի, կասկածի տակ է դրվում տեղեկատվության արժանահավատությունը, բազմակողմանիությունը և այլն: Բացի այդ, նա կարծում է, որ ցավալի՝ մահամերձ վիճակում է տպագիր մամուլը: Պատճառը միայն ֆինանսական դժվարությունները չեն, այլ այն, որ ժամանակին տպագիր մամուլը բաժանվեց տարբեր ճամբարների՝ քաղաքական, տնտեսական, օլիգարխիկ և այլն:

«Անընդունելի է լրատվամիջոցների կենտրոնացումը որոշ օլիգարխիկ և քաղաքական շրջանակների ձեռքում: Դրանք ոչ միայն հոլդինգներն են, այլև մեկ սեփականատիրոջ կողմից ֆինանսավորվող և կառարվող լրատվամիջոցները: Տարբեր օրինակներ կարելի է բերել: Կարծում եմ, որ այս բոլոր հանգամանքները հանգեցրին նրան, որ միջազգային տարբեր կազմակերպություններ, այդ թվում` «Ֆրիդոմ Հաուս» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունը, Հայաստանը դասում է ոչ ազատ լրատվամիջոցներ ունեցող երկրների շարքին»,-հավելում է Աշոտ Մելիքյանը:

Թեհմինե Ենոքյան. Գործերի քննությունն անարդյունավետ է

«Lragir.am» վերլուծական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը մեկն է այն լրագրողներից, որ տուժել է «Իմ քայլը» շարժման բողոքի ակցիաներից մեկի ժամանակ: Ապրիլի 27-ին լրագրողը ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ Երևան քաղաքի Հերացի, Արմենակյան փողոցների և Մյասնիկյան պողոտայի խաչմերուկում մասնագիտական պարտականություններն իրականացնելիս մի խումբ անհայտ անձինք խոչընդոտել են իր մասնագիտական օրինական գործունեությանը: Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը):

Թեհմինեն պատմեց, որ իր մասնագիտական օրինական գրծունեությանը խոչընդոտողները և ցուցարարներին ծեծողները եղել են Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների հարազատները կամ ընկերները։

«Ոստիկանությունը եկավ, երբ արդեն այդ անձինք ցուցարարներին ծեծել էին: Նորքի ոստիկանությունում հաղորդում եմ տվել հանցագործության մասին: Նշել եմ, որ չունեմ ֆինանսական պահանջ, պնդել եմ, որ իմ մասնագիտական գործունեության կոպիտ խախտում է տեղի ունեցել։ Ակնկալիքների առումով ասեմ, որ իմ պրակտիկան ցույց է տվել՝ գործերը չեն բացահայտվում: Երկու գործ էլ ունեմ, որոնք 2013 թվականից մինչ այժմ դեռ քննության փուլում են, սակայն, հաշվի առնելով երկրում կատարվող փոփոխությունները, միգուցե բացահայտվի այդ անձանց ինքնությունը, և գործը հասնի դատարան, լինեն արդար պատիժներ»,-ասում է Թեհմինե Ենոքյանը։

Լրագրողը նշեց, որ գործերից մեկը հարուցվել է 2013թ. դեկտեմբերի 2-ի դեպքով, որը վերաբերում է Շենգավիթի ոստիկանության ապօրինություներին: Այդ օրը Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մարդիկ փողոցում խաղաղ ցույցի միջոցով փորձում էին իրենց ձայնը բարձրացնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ։ Այդ ակցիան լուսաբանելիս Lragir.am-ի թղթակից Թեհմինե Ենոքյանին ոստիկանության բաժին են տարել քաղաքացիական հագուստով մարդիկ, քաղաքացիական մեքենայով։ Մեկ ժամից ավել ոստիկանությունում պահելուց հետո իրավապահները լրագրողին ազատ են արձակել։

Թեհմինեն նշեց, որ դատախազությունը գործ չի հարուցել: Որոշումը բողոքարկվել է մինչև վերաքննիչ դատարան: Հետո հայց են ներկայացրել վարչական դատարան, և նոր-նոր անցել են դատաքննության փուլին: Ոստիկանությունից բացի, պատասխանող է ճանաչվել 3 անձ, ովքեր այժմ ոստիկանությունում չեն աշխատում։

Մյուս գործը վերաբերում է «Էլեկտրիկ Երևան»-ին: 2015թ. հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ: Դրա դեմ բողոքող քաղաքացիները Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ բողոքի ակցիաներ էին իրականացնում: Այդ օրերի շարժումը ստացավ «Էլեկտրիկ Երևան» անվանումը: Այդ գործով Թեհմինեն տուժող է ճանաչվել: Տեղի է ունեցել առերեսում և, լրագրողի խոսքերով, գործն այդ փուլում դոփում է։ Լրագրողը դիմել է Մարդու իրավունքներին եվրոապական դատարան` ոչ արդունավետ համարելով ներպետական քննությունը։

Անհրաժեշտ է ապահովել քրեական պատասխանատվության խիստ միջոցներ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով` իրենց ուսումնասիրությունները վկայում են, որ լրագրողների մոտ առկա է արդարացի ընկալում այն մասին, որ պատասխանատվության մեխանիզմի բացակայության պատճառով է ստեղծվում անպատժելիության տպավորություն, ինչն էլ իր հերթին չի ունենում որևէ կանխարգելիչ ազդեցություն նման ապօրինությունները հետագայում կանխելու տեսանկյունից: Այս ամենն ակնհայտ է դառնում ընտրական կամ հանրային նշանակության այլ իրադարձությունների ընթացքում, քանի որ լրագրողի մասնագիտական պաշտպանված աշխատանքն այդ իրադարձությունների նկատմամբ հանրային վստահության ձևավորման կարևոր բաղադրիչ է:

«Համակարգային առումով երկրում պետք է ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որպեսզի լրագրողն ինքը զգա, որ պետության կողմից պաշտպանված է իր մասնագիտական աշխատանքի հանդեպ ցանկացած ոտնձգությունից: Մենք մշտապես նշել ենք, որ լրագրողների հետ փոխգործակցությունը պետք է լինի յուրաքանչյուր պետական մարմնի գործունեության սկզբունք, քանի որ դրանով ապահովվում է նաև հանրային իշխանության գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը»,-ասում է ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նրա խոսքերով՝ լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքերի բացառումը պետք է ապահովվի ինչպես կոնկրետ դեպքերի առնչությամբ պետության պատշաճ իրավական գնահատականով, այնպես էլ նույն պետական համակարգում լրագրողի բարեխղճության կանխավարկածի և վերջինիս գործունեության` իբրև հասարակական վերահսկողության կարևոր օղակի ընկալումների արմատացմամբ:

ՄԻՊ-ը փաստում է, որ վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ժամանակ արձանագրվեցին նաև լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքեր։ Դրանք ամփոփվել են և ուղարկվել իրավասու իրավապահ մարմիններին` քրեական վարույթի շրջանակներում ստուգելու համար։

«Ցավոք, դեռ առկա են լրագրողի դերի վերաբերյալ ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր, որոնք դժվարացնում են լրագրողի լիարժեք, արդյունավետ աշխատանքը: Ուստի, չափազանց կարևոր է հանրային այն ընկալումների արմատավորումը, որ կանխավարկածը միշտ պետք է լինի օրենքին համապատասխան ու բարեխիղճ գործելու բարձր կոչումը կրող լրագրողի օրինավոր ու ազնիվ աշխատանքի օգտին»,-հավելում է Արման Թաթոյանը:

Թաթոյանի կարծիքով` լրագրողներն անփոխարինելի հանրային գործառույթ են կատարում հատկապես այնպիսի կարևորագույն իրադարձության շրջանակում, ինչպիսին խորհրդարանական ընտրություններն են, որի միջոցով ձևավորվում է երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմինը: Ուստի, լրագրողների աշխատանքը պետք է լինի լիարժեք պաշտպանված՝ հանրությանը ընտրական գործընթացի, այդ թվում՝ խախտումների կամ ապօրինի այլ գործողությունների վերաբերյալ լիարժեք տեղեկությունների փոխանցումը երաշխավորելու նպատակով: Պաշտպանվածությունն իր հերթին պահանջում է լրագրողի աշխատանքի ցանկացած խոչընդոտի արագ արձագանք իրավապահ մարմինների կողմից: Սակայն, դա էլ բավարար չէ: Անհրաժեշտ է ապահովել քրեական պատասխանատվության խիստ միջոցների կիրառումը լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտած անձի նկատմամբ՝ անկախ վերջինիս կարգավիճակից կամ որևէ այլ հանգամանքից:

Գլխավոր լուսանկարը` Հակոբ Հովհաննիսյանի, media.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter