HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինձ ինչ»-ը մեռավ

Երբ տևական ժամանակ քո ապրած երկրի վրա որևէ քաղաքացիական ազդեցությունից զրկված ես լինում, գալիս է մի «հրաշալի անհոգ» վիճակ, երբ շատ թեթև ես զգում, քանի որ քեզ պետությունն ազատել է որպես քաղաքացի որևէ բանից հուզվելու, ջղաձգվելու, ընդվզելու՝ կենսական էներգիա խլող վիճակից։ Երբ տևական ժամանակ պետությունն իր քաղաքացուն բացահայտ «ազատում է» որևէ վատ բանի վրա ազդելու հնարավորությունից, մի պահից քաղաքացին իրեն գտնում է նեգատիվ նիրվանայի մեջ ու օրվա մեջ մի քանի անգամ մտքում ասում` «ինձ ինչ»։ Պետությունը, զրկելով ազդեցության հնարավորությունից, քաղաքացուն չի ծանրաբեռնում երկրի հանդեպ հոգատարության նորմալ բայց և ներդրում պահանջող բեռով։

Մարդը ստեղծում է իր անձնական տարածքը ու հնարավորին չափ փորձում մասնավոր տարածք ստեղծել և ապրել իր կենսաբանական ու հոգեբանական կյանքը։ Բնականաբար, առիթից առիթ սեղմում է բռունցքները, ատամները, արտահայտվում է թունդ, բայց ինքը գիտի, որ արդեն ստեղծել է իր պաշտպանական «ինձ ինչ»-ը ու մի քանի րոպեից կմիացնի այն ու կամփոփվի դրա մեջ՝ ֆիզիկապես ապրելով պետության մեջ, բայց՝ ազատված լինելով նրա խնդիրներից մտահոգվելու բնազդից:

Արդեն տևական ժամանակ այս վատ պաշտպանական մեխանիզմը գործում է մեծամասնության մեջ։

Դեռ ոչինչ պաշտոնապես չի փոխվել։ Բայց այն պահից, երբ ձայնդ միացնում ես առաջին տասնհինգ հոգու ձայնին, սկզբում՝ շատ թերահավատ ու սկեպտիկ, հետո՝ ավելի վստահ, բայց տագնապած, հետո՝ արդեն համարձակ ու անհանգիստ, ու հնարավոր ես դարձնում անհնար թվացող հրաժարականը՝ այդ նույն օրվա ցնծացող երեկոյից հետո երբ արթնանում ես, հանկարծ հայտնաբերում ես, որ չկա նախկին «թեթևությունը», որովհետև դու արդեն քեզ զրկել ես «ինձ ինչ» ասելու հնարավորությունից։ Դու փոխվել ես, դու պարտավոր ես պատասխանատու լինել։ Իմ ասածը բոլորովին շարժման առաջնորդների մասին չէ՝ դա ինքնըստինքյան պարզ է։ Ես խոսում եմ շարքային քաղաքացու մասին, որն իր ձայնը միացրեց մյուսների ձայնին։

Ես «կորցրել եմ» նախկին «նեգատիվ նիրվանան»։ Արդեն ամեն օր ապրում եմ շատ լարված բոլոր դրսևորումների ու դեպքերի համար, բոլոր բացականչությունների ու տողերի համար, որովհետև պահանջելով ու ստանալով իմ պահանջը` ես՝ շարքային քաղաքացիս, պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա։

Բանկի հարձակման լուրը մի քսան օր առաջ ինձ կհետաքրքրեր միմիայն մարդկային գործոնի շրջանակում՝ հո մարդ չի զոհվել։ Հիմա, բացի առաջին՝ «հո մարդ չի զոհվել»-ից անմիջապես հետո լարվում ես՝ ի՞նչ էր սա, ինչու՞ հենց հիմա, երբ ամեն ինչ դեռ շատ անկայուն ճոճվում է, ու՞մ սարքածն էր, ո՞նց կարձագանքեն։ Սրանք իրոք լարվածություն են մտցնում տևական ժամանակ «ինձ ինչ» պաշտպանական մեխանիզմով ապրած ու հիմա, ութսունութից հետո առաջին անգամ նոր բան ստեղծած մարդկանց քաղաքացիական կյանքում։ Դեպքից անմիջապես հետո մտածում ես, եթե հարձակվողը ոստիկան չլիներ, անպայման ասելու էին «էս էիք ուզու՞մ, տեսա՞ք», ու արդեն չես կարողանում չտեսնել ուղղորդված շարասյան արձագանքը, չվատնել քեզ անպայման ուզելով, որ մարդիկ չարախնդան, որովհետև սա արդեն քո՝ ստեղծվելու փորձ անող պետությունն է։ Շատ դժվար է սեփական պետություն ունենալու ցանկության բեռն ամեն օր կրել։

Տերյան փողոցի վրա գտնվող սրճարաններից մեկի աշխատողները մի քանի լիքը լցրած տոպրակներով սրճարանի համար սնունդ էին բերում։ Նկատեցի, որ տոպրակները «Երևան Սիթի» ցանցինն են։ Մտածեցի՝ բոյկոտը վերջացավ։ Ու հանկարծ տեսնում եմ, որ Տերյանով անցնող ամենամեղմ արտաքինով ու պատկառելի տարիքի կանայք նայում են տոպրակների հետևից ու թոթվում ուսերը։ Չեն կռվում, վատ բան չեն ասում, բայց անտարբեր չեն անցնում, «ինձ ինչը» չկա։ Նրանցից մեկը մոտեցավ տոպրակներով տղաներին, ես զրույցը չլսեցի, բայց տեսա, որ խաղաղ զրուցում էին։

«Ինձ ինչ»-ը մեռավ քաղաքում։ Սա շատ կարևոր նվաճում էր, մնացածը հարաբերական է։

Վարդենիկ գյուղի տղամարդիկ իրենց պատգամավոր ու հայրենակից Հակոբ Հակոբյանին կանչել են գյուղ ու պահանջում են` իրենց հարցերին պատասխանի։ Պատիվ են պահանջում՝ քվեարկության համար, հէկ-ի համար, գետի համար, աղքատի միս չառնելու իր հայտնի ասույթի համար։ Վարդենիկի հոգնած, չսափրված, կոշտ տղամադիկ սուպերմենի տպավորություն են թողնում, որովհետև այդ հոգնած, ճնշված, վատ ապրող մարդիկ զգացել են, որ իրենք մեծ բան որոշող են, իրենք կարող են ամեն ինչ անել, փոխել, իրենք այլևս այն սոսկալի «ով էշ՝ ես փալան» հայկական ասացվածքի հերոսը չեն, իրենք տեսել են իրենց ուժը, դրա շնորհիվ են չսափրված, հոգնած, դժվար ապրած, բարբառախոս տղամարդիկ սուպերմենի տպավորություն թողնում տեսանյութում։

Միջին տարիքի կանայք, որոնք հիմնականում մայրեր են, երբ հայտնվում են ցույցերի ու երթերի մեջ՝ ուրեմն այդ շարժումը գնում է դեպի հաղթանակ, եթե, իհարկե, չեն կրակում։

Երբ կանայք, փակելով իրենց խոհանոցները կամ աշխատատեղերը, իջնում են փողոց, սկզբում` կնոջ ու մայրական բնազդով իջնում են պաշտպանելու։ Նրանք հայտնվում են մայթերին ու փողոցներում, որտեղ բռնություն է կատարվում։ Սա չկառավարվող բնազդ է։ Կանայք իջնում են պաշտպանելու։ Երբ երթերի մեջ միջին և միջինից բարձր կանանց թիվը մեծանում է, շարժումը դառնում է համաժողովրդական, մինչ այդ՝ շարժումը քաղաքացիական է։ Երբ կանայք դուրս են գալիս, ուրեմն բոլորը դուրս են գալու։ Սկզբում նրանք պաշտպանում են ու ապահովություն են հաղորդում ընդվզող շարքերին, որովհետև երբ կողքիդ միջինից բարձր տարիքի կանայք են` զգացողություն կա, որ ոչ մի սարսափելի բան չի պատահի, իսկ հետո, արդեն պաշտպանի ու ապահովություն բերողի վստահությամբ սկսում են վանկարկել ընդվզման կարգախոսը։

Երբ կանայք ջարդում են «ինձ ինչ»-ը՝ մեծ ցուցանիշ է այն բանի, որ անտարբերության հոգեհանգիստ է հայտարարված Երևանից մինչև Վարդենիկ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter