HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից հափշտակության գործն ուղարկվել է դատարան. ԵՄ պատվիրակությունը տուժող է ճանաչվել

Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Քրեական գործը, հիշեցնենք, առնչվում է Քրեական օրենսգրքի 178, 38-178 և 325 հոդվածներին, այսինքն՝ հափշտակությունը, հափշտակությանն օժանդակությունը և փաստաթղթերի կեղծիքը: Գործով մեղադրյալների թիվը 19 է, սակայն այս պահի դրությամբ նրանցից 14-ի վերաբերյալ գործն անջատված վարույթով ուղարկվել է դատարան:

Նշենք, որ վերը նշված հափշտակության գործի քննությունը սկսվել է շուրջ երեք տարի առաջ. 2015 թվականի սեպտեմբերի 15-ին Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակից ՀՀ գլխավոր դատախազություն նյութեր են ուղարկվել այն մասին, որ 2012 թվականի սեպտեմբերի 2-ին «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպության անունից Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ է ներկայացվել «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» անվամբ ծրագիր, որը հաստատվել է, և ծրագրի իրականացման նպատակով «Մարտունու ուսանողական խորհուրդ» ՀԿ-ին փոխանցվել է շուրջ 120.000 եվրո գումար:

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչների կողմից իրականացված ստուգմամբ ծրագրի իրականացման համար ներկայացված ֆինանսական ծախսերն ամբողջությամբ չեն հիմնավորվել

Նախապատրաստված նյութերի հիման վրա 2015 թվականի հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

Նույն օրը որոշում է կայացվել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությանը տուժող ճանաչելու մասին

2016 թվականի փետրվարի 22-ից քրեական գործի նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Կեղծ փաստաթղթեր  և իրականությանը չհամապատասխանող դրամաշնորհային ծրագրեր կազմելու միջոցով 14 մեղադրյալի վերաբերյալ դատարան ուղարկված  գործով հափշտակված գումարի չափն, ըստ նյութերի, կազմում է 907 մլն 281 հազար 869 դրամ:

Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգում վերը նշված ընդհանուր գումարի չափի մասին տեղեկություններ չկան, ներկայացված է միայն առանձին դրվագներով հափշտակված գումարի չափը:

Համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ քրեական գործը նախ մակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, թե ամբաստանյալ Գարիկ Չիլինգարյանի ընտանիքի հետ մտերիմ հարաբերություններ ունի:

Այս պահին գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի վարույթում է. վերջինս 2018-ի մարտ ամսին է նշանակվել դատավոր:

Ըստ «Դատալեքսում » մեղադրյալներին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ առկա տեղեկատվության ՝ Եվրամիության դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանը մեղադրվում է այն բանում, որ ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել մեղադրյալներ Հրայր Գյոնջյանի և Տիգրան Սուքիասյանի հետ, իսկ վերջինս իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել մեղադրյալներ Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի և Արմեն Բարեղամյանի հետ, ապա վերը նշված անձինք մեղադրյալ Գևորգ Ղազարյանի օժանդակությամբ, 2012-2013 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով խաբեությամբ հափշտակել են ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի գումար:

Գարիկ Չիլինգարյանն, ըստ մեղադրանքի, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով Տիգրան Սուքիասյանի, Հրայր Գյոնջյանի և Մարինե Պապյանի հետ` 2009-2010 թվականներին մշակել և «Ներդրումների պաշտպանության հիմնադրամ»-ի, Ինովացիոն հետազոտությունների և զարգացման կենտրոն», Նորագույն տեխնոլոգիաներ հանուն մարդկային զարգացման», «Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունների անունից ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող դրամաշնորհային ծրագրեր, որից հետո հափշտակել են հատկացված դրամաշնորհային ծրագրերի առանձնապես խոշոր չափերի գումարները:

Ալեքսանդր Պողոսյանն, ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության գալով Տիգրան Սուքիասյանի, իսկ վերջինիս միջոցով՝ նաև Մարինե Պապյանի և Հրայր Գյոնջյանի հետ, 2011 թվականի ընթացքում մշակել և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ է ներկայացրել «Վայոց Ձորի մարզի գյուղական համայնքներում աղքատության դեմ պայքար կաթի վերամշակման ոլորտում գյուղատնտեսական ոլորտի ակտիվ և կայուն զարգացումը խթանելու և կաթ արտադրողների և վերամշակողների համար գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն ու ծառայությունները հասանելի դարձնելու միջոցով» անվանումով ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դրամաշնորհային ծրագիր:

Այնուհետև Մարինե Պապյանը նախաձեռնել է ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված դրամաշնորհների տրամադրման մրցույթին ներկայացվող ծրագրի գաղափարի և բովանդակության մշակումը և դրա ընթացքի վերահսկումը:

Սերգեյ Բալասանյանն, ըստ մեղադրանքի, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով Հրայր Գյոնջյանի, իսկ վերջինիս միջոցով՝ Մարինե Պապյանի հետ, Կարեն Ստեփանյանի օժանդակությամբ 2012 թվականի ընթացքում մշակել և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ է ներկայացրել «Պատանիների պաշտպանությունը համակարգչային աշխարհում» անվանումով ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դրամաշնորհային ծրագիր:

Կարեն Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր գործողություններով, այն է՝ կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով օժանդակել է Հրայր Գյոնջյանի և Սերգեյ Բալասանյանի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի՝ 69 մլն 301 հազար 80 դրամ հափշտակությանը:

Արմեն Միքայելյանը մեղադրվում է Տիգրան Սուքիասյանի, Հրայր Գյոնջյանի և Մարինե Պապյանի հետ նախնական համաձայնության գալով` 2013-2014 թվականների ընթացքում «Արժանապատիվ ծերություն՝ աջակցություն ծերերին իրավահավասար քաղաքացիներ և հասարակության լիիրավ անդամներ մնալու գործում»  ԵՄ դրամաշնորհային ծրագրով հատկացված առանձնապես խոշոր չափի գումարների հափշտակության մեջ:

Մեղադրյալ Դինա Մանուկյանն, ըստ  մեղադրանքի, նախնական համաձայնության գալով Գարիկ Չիլինգարյանի, Արմեն Բարեղամյանի, Գևորգ Ղազարյանի, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի, Մարինե Պապյանի, Հրայր Գյոնջյանի և Տիգրան Սուքիասյանի հետ` 2009-2011 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով խաբեությամբ հափշտակել է ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի 59 մլն 054 հազար 657 դրամ:

Արման Մկրտչյանը  մեղադրվում է կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով Մարինե Պապյանին, Հրայր Գյոնջյանին, Տիգրան Սուքիասյանին և Գարիկ Չիլինգարյանին 42 մլն 838 հազար 614 դրամի հափշտակությանն օժանդակելու մեջ:

Անահիտ Ավագյանն, ըստ մեղադրանքի, նույն անձանց կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով օժանդակել է 22 մլն 770 հազար դրամ հափշտակության հարցում:

Նելլի Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, Մարինե Պապյանի օժանդակությամբ 2012-2016 թվականների ընթացքում հափշտակել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից դրամաշնորհային ծրագրերով հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Նշենք, որ Նելլի Սեդրակյանը նախաքննության ընթացքում կալանավորվել է, սակայն նախաքննության ավարտին փոխհատուցել է իրեն վերագրվող հափշտակված գումարի չափը, ինչից հետո նրա նկատմամբ ընտրվել է ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց:

Այս պահի դրությամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրված է միայն Եվրամիության դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանի նկատմամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter