HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կհետազոտվեն Թաղամիրի ոսկու պաշարները. թիրախում կրկին «Արևիկ» ազգային պարկն է

Սյունիքի մարզի Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացնելու հայտ է ներկայացվել: Ոսկու հեռանկարային հանքայնացումներ հայտնաբերելու, դրանց հնարավոր արդյունաբերական նշանակության պարզաբանման և գնահատման համար այս անգամ դիմել է «Նիգ մայնինգ» ՍՊԸ-ն:

Մեղրու հանքային շրջանի երկրաբանական կառուցվածքի, մետաղածնության ուսումնասիրությամբ դեռևս 1964-1980-ականներին զբաղվել են Մեղրու երկրաբանները, որոնց աշխատանքների արդյունքում առանձնացվել են մի շարք հեռանկարային երևակումներ՝ Քարասարի, Մեղրասարի, ինչպես նաև Թաղամիրի հանքերևակումները:

Թաղամիրի ոսկու հանքերևակման տարածքն ընդգրկում է Սյունիքի մարզի Մեղրու համայնքի Լիճք գյուղի տարածքից երկու տեղամաս: Հայցվող տարածքը զբաղեցնում է 290 հա մակերես, որից մի տեղամասը՝ 124 հա, երկրորդը՝ 166 հա: Ավելի կոնկրետ, ծրագրվող աշխատանքների տարածքը գտնվում է Մեղրի գետի վերին հոսանքներում, Մեղրի քաղաքից 16 կմ հյուսիս, Լիճք գյուղից 2,5 կմ արևելք և Այգեձոր ավանից 7 կմ հեռավորության վրա:

Հայցվող տարածքի 79 հա-ն գտնվում է «Արևիկ» ազգային պարկում: Սակայն նախագծում նշվում է, որ ազգային պարկի տարածքում կամ նրա սահմանների մոտ աշխատանքներ չեն կատարվելու, ազգային պարկի սահմանների մոտակայքում տեխնիկական միջոցներ չեն օգտագործվելու:  

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ազգային պարկի տարածքի քարտեզագրման, գոտևորման սխեմայի կազմման, ազգային պարկի և դրա պահպանման գոտու սահմանների ճշգրտման աշխատանքները դեռևս չեն իրականացվել, ուստի մեր կողմից այդ տարածքներում բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների կամ հողային ծածկույթի խախտումներով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ չեն իրականացվելու»,- հայտարարել է ընկերությունը ԲՆ ներկայացրած նախագծում:

720 մլն դրամ նախահաշիվ է կազմվել Թաղամիրի ոսկու հանքերևակման տարածում 2018-2021թթ. երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման համար:

Նույն ընկերությունը, հիշեցնենք, Սյունիքի մարզի Խդեբանցի հանքերևակման տարածքում 2018-2020թթ. երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարելու: Խդեբանցու հանքերևակման հետախուզական աշխատանքներին Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել: Այն ևս հարակից է «Արևիկ» ազգային պարկին:

«Արևիկ» ազգային պարկը վերջին շրջանում հայտնվել է ոսկի որոնողների թիրախում: Պարկի տարածքի հետ համընկնող տեղամասում՝ Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման տարածքում, ոսկի և պղինձ է որոնում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը: ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ՀՀԿ անդամ Համլետ Հովսեփյանի որդու հիմնադրած «ԱՏ պլյուս» ՍՊ ընկերությունը մտադիր է Մեղրասարի ոսկու հանքավայրի թևերում համալիր երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել, որի 140 հա-ն ևս գտնվում է «Արևիկ» ազգային պարկում:

Մայիսի 7-ին՝ ժամը 15:00-ին, Մեղրիի համայնքապետարանում տեղի կունենա Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների երկրորդ փուլը:

Մեկնաբանություններ (3)

Ann
S. Sargsyan bargained for the West in the guarantee of his comfortable existence in exchange for coming to power in Armenia N. Pashinyan
Hetq
Thomas....these are the most commonly used names for the mine site, and are used by companies when applying for govt permits
Thomas
Are these old mine sites to already have names, or are they new names for unexplored sites where mines are to be created?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter