Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Մի խումբ երիտասարդներ մոտոցիկլետներով հսկում են Տավուշի անտառները



Մասնագիտությամբ քաղաքագետ, լեռնային տուրիզմով զբաղվող Գոռ Հովհաննիսյանը սկսել է «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը, որի նպատակը Տավուշի մարզի անտառները ապօրինի ծառահատումներից և փայտագողերից պաշտպանելն է:

Այս գաղափարը նրա մտքում ծագել է 2002-ին, երբ, իր խոսքով, տուրիզմի մեջ դեղնակտուց էր և արշավախմբի սկսնակ ղեկավար: Այդ տարիներին ամեն անգամ «Դիլիջան Ազգային պարկ» գնալիս տեսնում էր հատված ծառեր ու Հայաստան այցելած զբոսաշրջիկները նրան ասում էին, թե նորմալ երկրում չի կարող լինել ծառահատում, առավել ևս` ազգային պարկում: «Ճիշտն ասած` ինձ համար միևնույն կլիներ տուրիստների տեսակետը, եթե հետագայում չհասկանայի, որ ամեն տարի մի գեղեցիկ տարածք ավիրվում ու վերանում է»,-նշում է նա։

2002-ի այդ գաղափարը այդպես էլ երկար տարիներ մնաց անկատար, մինչ երկու տարի առաջ Գոռը սկսեց աշխատել «UWC Dilijan» դպրոցում և պարբերաբար այցելել «Դիլիջանի Ազգային Պարկ», որտեղ իրավիճակը չէր փոխվել՝ ծառահատումները շարունակվում էին, ու Գոռը որոշեց իր գաղափարն իրագործել։  

Նախաձեռնության նպատակն առաջին հերթին «Դիլիջան Ազգային պարկ»-ի, հետո արդեն` Տավուշի մարզի այլ անտառների պահպանման այլընտրանքային և արդյունավետ միջոցներ ստեղծելն ու կազմակերպելն է: Նախաձեռնությունն ունի վարձատրվող 3 աշխատող և 5 կամավոր։ Թիմի անդամները մոտոցիկլետներով շրջայցեր են իրականացնում Դիլիջանի անտառներում և փնտրում ծառահատումներ, ծառահատողներին։

Ծառահատման փաստերը գտնելուց հետո նրանք տվյալները փոխանցում են ոստիկանություն ու բնապահպանության նախարարություն: Շուտով անտառների հսկումը երիտասարդները կկատարեն նաև թռչնի թռիչքից (վերեւից նկարահանումներով)։

Բնապահպանների մոտոսաղավարտերի  վրա տեղադրված են օնլայն աշխատող տեսախցիկներ։ Այդ կերպ ամբողջ գործընթացը ուղիղ եթերով ձայնագրվում է համացանցում և միշտ հասանելի է ոստիկանությանը, որպեսզի եթե բնապահպաններին որևէ բան պատահի, տեսանյութերը որպես ապացույց պահպանվեն։

«Բնապահպանի տուն» նախաձեռնության թիմն այս պահին ավելի շատ ուշադրություն է դարձնում «Դիլիջան ազգային պարկ»-ի Հաղարծին և Շամախյան տեղամասերին։ Կարծում են, որ հենց այնտեղ են ամենահաստաբուն և շահութաբեր ծառերը, որոնց թիվը շատ քիչ է:

«Մենք մեզ այսքան ուժեղ ենք զգում, քանի որ գիտենք, որ մեր մեջքին կանգնած են հազարավոր բնապահպաններ ու ակտիվիստներ և անհրաժեշտության դեպքում նրանք մի քանի ժամվա ընթացքում կլինեն Դիլիջանում»,-ասում է Գոռ Հովհաննիսյանը։

Քիչ չեն նաև թիմի անդամներին ուղղված սպառնալիքները։ Գոռն ասում է՝ սպառնալիքներն ամենուր են և ամեն վայրկյան, սակայն իրենց ամենից շատ անհանգստացնում է տեղացիների մտածելակերպը: Ասում է՝ նրանց մեծամասնությունը չի գիտակցում իր տված վնասի չափը, և ամեն ինչ փորձում են արդարացնել իրենց երեխաների համար հաց վաստակելու պատրվակով«Դիլիջանը ոչինչ է առանց այն անտառների, որոնք այս պահին դեռ կան, բայց եթե չկանգնեցնենք, չեն լինի մոտ 10 տարուց»։

Գոռն ուրախությամբ է նշում, որ իրենց նախաձեռնությունն արդեն նկատելի արդյունք է տվել․ տավուշցի որոշ ծառահատողներ արդեն անասնապահությամբ զբաղվելու փորձ են անում, ոմանք փնտրում են եկամտի նոր աղբյուրներ։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. LV19:40 - 5 մայիսի, 2018
To the author of this article - where is the photo in the article standing wearing a helmet with the ruins of a church next to the man located?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ