HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Որ աշխատենք, մամային ու պապային տուն ենք առնելու»

Տանը Սարիբեկից թաքցնում են մկրատները: 7-ամյա տղան ասում է՝ մեծանամ, վարսավիր եմ դառնալու հորեղբայր Էմիլի պես: Մայրը՝ Մարինեն, ժպտում է, ասում է՝ գիտեք, չէ՞, փորձարկումներ էլ է անում: Հենց աչքդ թեքես, փոքր եղբայրների մազերն է կտրում: Մոր գրկում երեխաներից կրտսերն է՝ շեկ մազերով Իսահակը: Մարինեն ցույց է տալիս երեխայի մազերն ու ասում, թե հազիվ են մի քիչ երկարել, Սարոն էնպես էր կտրել:

Սարիբեկը

Սարիբեկը սա լսելուն պես երկու ձեռքով փակում է բերանն ու ծիծաղում, հետո միանգամից լրջանում է ու ավելացնում. «մազավարսավիրանոց» է ունենալու: Իսկ 2 տարեկան 7 ամսական Սարգսի մազերն էնպես էր տեղ-տեղ կարճ կտրել, որ արհեստավարժ վարսավիրը չէր կարողացել ուղղել:

Չարենցավան մտնելուն պես հորդառատ անձրև է սկսվում: Քաղաքի կենտրոնական փողոցներում ջրի հեղեղ է: Փնտրում ենք կենտրոնական փոստի հարևանությամբ գտնվող հանրակացարանը, որտեղ էլ ապրում է Գարսևան Բարսեղյանի ընտանիքը:

Մի տարեց տղամարդ վարդերով լի արկղն արագ միջանցք է տանում: Գարսևանի հարևանն է: Միջանցքում անցուդարձ է, դռներից վերև կախված լույսերը վառ են: Գարսևանենց դուռը բաց է: Մարինեն՝ Գարսևանի կինը, խոնավ հատակն է մաքրում:

Մեկ սենյակն այնքան փոքր է, որ շարժվելու տեղ գրեթե չկա՝ երեխաների մահճակալներ, մանկաքայլակ, անկյունում՝ հեռուստացույց… Մարինեն ներողություն է խնդրում, որ ստիպված է մաքրել հատակը: Անձրևներին ջուրը պատշգամբից հոսում է ներս հեղեղի պես: Հետո ինձ տանում է պատշգամբ՝ ցույց տալիս հատակի ճեղքերը: Պատշգամբի երկու կողմերում մեծ տոպրակներ են՝ հագուստով լի: Սենյակը փոքր է,ստիպված են իրերի մի մասը պահել դրսում:

Մարինեն ու Իսահակը

Մարինե Վարդանյանը 33 տարեկան է, ծնվել է Գյումրիում, 2-րդ դասարանում ընտանիքով տեղափոխվել են Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղ: Լեզվաբան դառնալու երազանքը կիսատ է մնացել, բայց նոր երազանքները հյուսվում են 5 երեխաների ապագայի հետ: «Խիստ կարիքավոր ընտանիք էինք, դպրոցական տարիներից օգնում էի ծնողներիս՝ դաշտի աշխատանքներ, բերքահավաք: 10-րդ դասարանում 7 ամսով խոհարարական դասերի գնացի, բայց դա էլ չավարտեցի գումարի պատճառով»,- նշում է նա:

Հանրակացարանի սանհանգույցը

Ասում է՝ միշտ եռանդ ու սեր է ունեցել աշխատելու համար: Եթե էլեկտրական վառարան ունենար, խմորեղեն կպատրաստեր, գուցե վաճառեր էլ: Ժամանակին վառարան ունեցել են, բայց դրա ապակին ջարդվել է, ստիպված օգտագործում են ձմռանը տունը տաքացնելու համար:

5 երեխաներից միայն Սարիբեկն է դպրոցական, Սամվելը, Սառան ու Սարգիսը մանկապարտեզ են գնում: Օգոստոսին կծնվի 6-րդ երեխան: Մանկապարտեզի ամսական վճարը յուրաքանչյուրի համար 6 հազար դրամ է, Սարգսի համար գումար չեն վերցնում, այդ կարգը մանկապարտեզում գործում է այն դեպքում, երբ մեկ տնից երկու երեխա է հաճախում: Մարինեն շիկնում է գումարի մասին խոսելիս, ասում է՝ այդ 12 հազար դրամն էլ շատ հաճախ մեծ գումար է իրենց համար, բայց երեխաները պետք է հետ չմնան: 5 երեխաների համար ամսական 50 հազար դրամ նպաստ են ստանում:

Մեր զրույցի ընթացքում Գարսևանն է զանգում: Մարինեն ասում է՝ ամուսինն արդեն Չարենցավանի խաչմերուկում է, շուտով տուն կգա: Սկեսրոջ մահվան 2-րդ տարելիցն էր մեր գնալու օրը:

Մարինեն նույնիսկ հոգսերի մասին խոսելիս չի տրտնջում: Ասում է՝ երբեք անհոգ կյանք չի ունեցել. դպրոցական տարիներից աշխատել է, ամուսնանալուց հետո էլ ապրել են Արզականի ամայի մի վայրում՝ երկաթյա տնակում՝ օձերով, կարիճներով ու գայլերով շրջապատված, մի տարի աշխատել են Էջմիածնի Ոսկեհատ գյուղի անասնաֆերմայում, որտեղ ամուսինը գոմ էր մաքրում, անասուններին էր կեր տալիս, ինքն էլ օգնում էր: Մարինեն պատմում է, որ 100 հազար դրամ էին ստանում աշխատանքի դիմաց, հետո ավելացնում է, որ «կոպիտ կարող է հնչի, բայց տանտերը մի քիչ էլ շահագործեց», դրա համար հեռացան այդտեղից:

Մոտ 5 տարի ապրում են Չարենացավանի հանրակացարանի մեկ սենյակում: Մարինեն անընդհատ նայում է պատից կախված վարդագույն ժամացույցին: Մանկապարտեզից երեխաներին պիտի տուն բերի: Մենք ասում ենք, որ կսպասենք դրսում: Միջանցքում Գարսևանին ենք հանդիպում և նորից վերադառնում սենյակ:

Սարիբեկն ու Իսահակն աշխուժանում են հորը տեսնելուց: Մարինեն սուրճ է պատրաստում: Գարսևանը չափազանց քչախոս է: 7 եղբայր ու 3 քույր ունի, նրանցից մի քանիսն են ամուսնացած: Չարենցավան տեղափոխվելուց հետո աշխատել է քաղաքի կոմունալ տնտեսությունում, աղբահավաք մեքենայի վարորդ էր: Փետրվարին աշխատանքից դուրս է եկել իր դիմումի համաձայն: Համայնքների խոշորացումից հետո գործը դժվար էր, աշխատավարձը՝ 100 հազար դրամի էլ չէր հասնում: Պատմում է, որ տեխնիկան հին էր, իսկ մեքենայի համար վարորդն էր պատասխանատու, եթե անսարք էր, որևէ դետալ փչանում էր, իր գրպանից պիտի դներ, սարքեր: Դուրս գալու գլխավոր պատճառը դա էր, սակայն, ըստ նրա, աշխատավարձի և արձակուրդայինի հաշվարկը ճիշտ չեն կատարել: Երբ հայտնել է այդ մասին, պատասխանել են, որ մեքենայի շարժիչն էր փչացրել, այդ գումարը պահել են:

Գարսևանն ասում է՝ իմանամ, որ էդ գումարը ինձ պես ապրող մի ընտանիքի եմ տվել: Ես լռում եմ, Գարսևանն էլ: Իսահակը հոր դեմքն է շոյում, 32-ամյա հոր դեմքին ժպիտ է հայտնվում:

Սառան ու Սամվելը

Մանկապարտեզից եկած երեխաները աղմուկ ու աշխուժություն են լցնում սենյակ, և, կարծես, այդ աշխուժությունից սենյակը լայնանում է, գունավորվում:

Երեխաներն անընդհատ քչախոս հորն են նայում, նրա կողքին են ուզում կանգնել:

Սամվելը մանկապարտեզի ամենալավ հեծանվորդն ու վազորդն է: Ամռանը մրցումներ են անցկացվելու, ասել են, որ հաղթողին հեծանիվ են նվիրելու, Սամվելը դեռ սպասում է այդ օրվան: Սառան մանկաբույժ է երազում դառնալ: Մարինեն ասում է՝ բժշկական խաղալիք գործիքներ էր գնել աղջկա համար: Դաստիարակն էլ կատակել է, թե Սառան այնպես է «բուժում» տիկնիկներին, որ եթե այդ պահին հիվանդ մարդ լինի, նրան էլ կարող է բուժել:

«Դե, Սաքոն դեռ կաթ ա խմում, դեռ լավ էլ չի խոսում»,- ծանոթացնում է Սարիբեկը:

Սարգիսը

Երեխաներն ասում են՝ տուն են ուզում ունենալ, Գարսևանը գլուխը կախում է, ժպիտը, կարծես, սահում-ընկնում է: Հետո երբ խոսում ենք, թե առաջին աշխատած գումարով ինչ են առնելու, կրկնում են՝ մամային ու պապային տուն:

Երեխաները նայում են սեղանին դրված խմորեղենին, բայց որևէ մեկը ձեռքը չի մեկնում, վերցնում, մինչև մայրը չի ասում, որ կարող են օգտվել:

Սարիբեկը եղբոր հետ նույն ափսեից խմորեղեն է ուտում, հետո ասում, թե աշխատած գումարով տնից բացի մի դաշտ է առնելու ու լիքը-լիքը ծաղիկ աճեցնի, որոնք չի վաճառելու. «Բայց եթե շատ աճեն, մկրատով կտրելու եմ»:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (3)

Արմենակ Եղիայեան
Այնքան յղփացած հարուստներ կան Հայաստանի մէջ,-- ըսենք՝ Յովիկ Աբրահամեանը եւ իր արժանաւոր զաւակը,-- ասոնցմէ մէկնումէկը չի՞ մտածեր իր իւրացուցած լեռնակուտակ հարստութենէն բաժին հանել ու քիչ մը ուրախութիւն բերել այսպիսի բազմազաւակ ընտանիքներու: Այս ի՜նչ մարդկութիւն է, ի՜նչ հայութիւն:
Brian
Nice article, I lived in Charentsavan for over two years and it is a very nice city with very friendly people. I hope they are able to find a good job and have success in their lives. I understand about the problems with working for the city, it is common in Armenia and something I am hoping gets addressed under the new Armenian leadership.
preston bagrationi
ani: First of, you MUST stop going into other peoples bedrooms for snooping. What does this have to do with poverty? Poverty exacerbates the problem, I understand and am fully aware of that, however, just because someone is poor, you should Not dictate how many kids a family may desire to have. The problem here in Armenia is Social injustice. As Mr. Արմենակ Եղիայեան so rightly stated, the rich of Armenia care Not about their poor brethren. Oligarchs steal millions, yet NOT ONE has lend a hand construction apartment complexes for the poor, not one. Yes you are Wise and Responsible, and so, please come to Armenia and teach these families how to run their daily business and their activities in their bedrooms.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter