HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

13-րդ օրն է` «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը հացադուլի մեջ է

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանն անժամկետ հացադուլ է հայտարարել: Այսօր՝ մայիսի 7-ին նրա հացադուլի 13-րդ օրն է: Չուգասզյանի փաստաբան Տիգրան Եգորյանը բարձրաձայնում է, որ իր պաշտպանյալը խիստ հյուծված է` հացադուլից բացի մեծ ազդեցություն են ունեցել մինչև կալանավորվելը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով ընդհատակում գտնվելու անբարենպաստ պայմանները: Վերը նշված հանգամանքներով պայմանավորված, ըստ Եգորյանի, Չուգասզյանի առողջությանը սպառնացող վտանգն էլ ավելի մեծ է գնահատվում:

Հիշեցնենք, որ Չուգասզյանը  2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգավածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով և նրա նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմինը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Չուգասզյանի մեղադրանքն առնչվում է 2015-ի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործին: Այս գործով անցնում են նաև Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը: Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանն արդեն իսկ առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել, իսկ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի վերաբերյալ գործը միացվել է 2016 թվականի հունիսին Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու վերաբերյալ հարուցված գործին:

Չուգասզյանը մոտ երկու տարի ընդհատակում է եղել, ապա օրեր առաջ ընդհատակից դուրս է եկել ու ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս ճանապարհին ձերբակալվել, ապա կալանավորվել: Փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով՝ Չուգասզյանը ապրիլի 23-ին միացել է համաժողովրդական հեղափոխությանը՝ ժողովրդին միանալով Հանրապետության հրապարակում:

Փաստաբանի խոսքով՝ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, բացի ապօրինի լինելուց նաև խիստ անողջամիտ և անտրամաբանական է, քանի որ վերջինս համաժողովրդական շարժմանը միանալով՝ ապացուցել է, որ հնարավոր քրեական հետապնդումից խուսափելու նպատակ չունի:

Փաստաբան Եգորյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանն ու Գարեգին  Չուգասզյանն, ըստ էության, մեղադրվում են այն բանի համար, որ կոչեր են արել շուրջօրյա, երկարատև քաղաքացիական անհնազանդության խաղաղ հավաքների և փորձել են այդ միջոցով իշխանափոխություն իրականացնել և ազատվել ռեժիմից:

«Հիշյալ մեղադրանքի շինծու և քաղաքական բնույթի մասին շատ է խոսվել, այդ թվում՝ նաև Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի դատավարության ընթացքում, ուստի մեղադրանքի դատարկության մասին խոսելն ավելորդ է, այդ հարցն այլևս որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Գարեգին Չուգասզյանը կալանավայրից բարձրացրել է քաղբանտարկյալների` օր առաջ ազատ արձակման անհրաժեշտության մասին և այդ կապակցությամբ հայտարարել անժամկետ հացադուլ»,- ֆեյսբուքի իր էջում  Չուգասզյանի հացադուլ հայտարարելու պատճառի մասին գրել է Տիգրան Եգորյանը:

 

Մեկնաբանություններ (1)

Պետրոս Զէրտէլեան
Կատարուածը անարդարութիւն է Գարեգին Չուգասզյանի ինչպէս նաեւ բոլոր բանտարկեալներուն նկատմամբ, ՀՀԿ ըստ Հայ ժողովուրդի մեծամասնութեան փափաքին լուծարքի ենթարկուելու է։ Կը պահանջեմ ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ՀԵՐՈՍՆԵՐՈՒՆ, Հրամանատար՝ Սամուէլ Պապայանի եւ բոլոր քաղբանտարկեալներուն ազատ արձակումը եւ վերջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter