
Կրեմլում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը
Կրեմլում կայացել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Վերջինս մարտի 18-ին 4-րդ անգամ ընտրվել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ։ Պուտինն արդեն իսկ ստանձնել է ՌԴ նախագահի պարտականությունները։
Արարողության ժամանակ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ելույթով։ Նա նշել է, որ մեծ պատասխանատվություն է զգում ռուս ժողովորդի հանդեպ։ Պուտինը խոստացել է ամեն ինչ անել երկիրը ապահովելու համար՝ նշելով, որ իր նպատակը մարդկանց ծառայելն է։
«Մեզ լարված աշխատանք է սպասվում, ինչը կպահանջի ամբողջ ռուսական հանրության մասնակցությունը․․․մենք անպայման հաջողության կհասնենք։ Հավատում եմ, որ հենց այդպես էլ կլինի։ Ուժերիս սահմաններում ամեն ինչ կանեմ»,- իր խոսքը եզրափակել է 65-ամյա Պուտինը։
Նշենք, որ մայիսի 5-ին ռուս ընդդմիադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոչ էր արել քաղաքացիներին դուրս գալ փողոց և բողոքի ակցիա անել Վլադիմիր Պուտինի երդմնակալության դեմ՝ «Նա մեր թագավորը չէ» ("Он нам не царь") կարգախոսով։ Ցույցերը տեղի են ունեցել Ռուսաստանի տասնյակ քաղաքներում, որոնց մեծ մասն ավարտվել է զանգվածային ձերբակալություներով։
Բերման ենթարկվածների մեծ քանակով հատկապես աչքի էին ընկնում երկու խոշորագույն քաղաքները՝ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը։ Տարբեր վայրերում ոստիկանները ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Բերման ենթարկվածների թիվը հասնում էր մինչև 700-ի։ Նրանց մեջ է եղել նաև Ալեքսեյ Նավալնին, ով սակայն, արդեն ազատ է արձակվել։
Ռուսաստանի Սահմանադրության համաձայան՝ նախագահի երդմնակալությունից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարությունն արդեն իսկ հրաժարական է ներկայացրել: Ըստ ՌԴ Սահմանադրության՝ նախագահը երկշաբաթյա ժամկետում պետք է ներկայացնի նոր վարչապետի թեկնածուին: Պուտինն արդեն առաջադրել է թեկնածուին, ու ինչպես և սպասվում էր դա կրկին Դմիտրի Մեդվեդևն է:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով՝ Վլադիմիր Պուտինը ստացել էր ձայների ավելի քան 76%-ը, ինչը ռեկորդային ցուցանիշ էր նրա համար։
Լուսանկարը՝ Կրեմլի կայքից
Մեկնաբանել