Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Գերմանիայի եզդիական համայնքի ներկայացուցիչը բանաստեղծություն է նվիրել Փաշինյանին



Գերմանիայի Մյունխեն քաղաքի եզդիական համայնքի ներկայացուցիչ, երգահան, բանաստեղծ Սուրեն Միրզաևը բանաստեղծություն է նվիրել Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանը առիթ դարձավ,
Պատմության նոր էջ բացվեց,
Ազգը նորից բռունցք դարձավ,
Մի նոր Հայաստան ծնվեց:

Մեր հոգու մեջ հույս արթնացավ
«Քայլ արա» շարժման օրից,
Օտար հայրենակիցները
Վերադարձան տուն նորից:

Մեր շարժումը եղավ տարոս,
Օրինակի բույն դարձավ,
Ով չգիտեր հայի ուժը,
Տեսավ ու շատ զարմացավ:

Ափսոս իմ ջահել օրերը
Կորան օտար ափերում,
Այդքան ժպիտ դեռ չէի տեսել
Հպարտ ազգիս շուրթերում:

«Մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, մեր պարտքն ենք համարում միանալ այս շարժմանը: Սփյուռքից կոչ եմ անում մեր եզդի հայրենակիցներին անտարբեր չմնալ Հայաստանում կատարվող իրադարձություններին, որովհետև Հայաստանը նաև մեր հայրենիքն է, այդ հողը ներկվել է նաև մեր լավագույն զինվորների արյունով: Մենք քառօրյա պատերազմում ապացուցել ենք դա: Նաև կխնդրեի Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին միանալ «Ելք» դաշինքին»,- նշում է Սուրեն Միրզաևը:

Վերջինս 15 տարի առաջ է տեղափոխվել Գերմանիա, ըստ նրա,  ռեժիմի պատճառով: Մինչ այդ բնակվում էր Արարատի մարզի Ղուկասավան գյուղում: Ասում է՝ երբ իշխանությունը փոխվի, գալու են «մարդավարի ապրեն» և կիմանան, որ բիզնես դնելուց 50/50 չի լինի:

«Կարևորն այն է, որ ժողովրդի մեջ հույս է արթնացել, որ մեր ընտրությամբ է վարչապետ դառնալու: Մենք էդ հույսով պիտի գանք Հայաստան՝ իմանալով, որ կոռուպցիա չի լինելու, իմանալով, որ արդարություն է լինելու»,- ասում է նա:

Միրզաևն ասում է, որ իր ավագ որդին, ինչպեսև Գերմանիայում բնակվող շատ հայ և եզդի երիտասարդներ, Հայաստանի անձնագիր չունեն, քանի որ պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել: «Ես կուզենայի տույժի գումարը փոխանցեի, դա բանակին էլ օգնություն կլինի, իմ էրեխեն ստանա զինվորական գրքույկ, դրա հիման վրա էլ՝ անձնագիր, որ կարողանա գալ Հայաստան»,- ասում է Մյունխենում բնակվող եզդի երգահանը: Ավելացնում է, որ Կոսովոյում, Ուկրաինայում երիտասարդների գիտի, ովքեր թեև պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել, կարող ենք գնալ իրենց երկրներ:

«Մենք Հայաստանում տուն ունենք, տեղ ունենք, ես աշխատում եմ էս պետության համար, փոխարենը կաշխատեմ իմ հայրենիքի համար: Ես իմ էրեխուն բանակից չեմ փախցրել, այլ ռեժիմից»,- նշում է Սուրենը:

Երեք երեխա ունի՝ երկու որդի և մեկ դուստր: Կրտսեր որդին ծնվել է Գերմանիայում:

Ասում է՝ ինչքան երկար մնան Գերմաինայում, այնքան երեխաները չեն ցանկանա վերադառնալ Հայաստան: «Կորցնում ենք մեր ազգը, միայն մեր ազգի մասին չեմ ասում, մենք տարբերություն չենք դնում, ազգի ներկայացուցիչները կորում են այստեղ, ստիպված Գերմանիայի անձնագիր են վերցնում, ամուսնանում են օտարերկրացու հետ»,- ասում է նա:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Մաքս15:09 - 8 մայիսի, 2018
Իմ լավ ախպեր ջան Աստված քեզ պահապան։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ