HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վաղը խորհրդարանը կընտրի Հայաստանի 16-րդ վարչապետին. միակ թեկնածուն կրկին Նիկոլ Փաշինյանն է

Վաղը՝ մայիսի 8-ին, խորհրդարանի հատուկ նիստի օրակարգում կրկին վարչապետի ընտրության հարցն է։ Ինչպես մայիսի 1-ին կայացած վարչապետի ընտրություններում, այնպես էլ վաղը, առաջադրված միակ թեկնածուն ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն է։ Փաշինյանի առաջադրման ձևաթղթի տակ ստորագրել է 41 պատգամավոր։ Հիշեցնենք, որ ստորագրահավաքին միացել էին «Ելք», «Ծառուկյան» և «ՀՅԴ» խմբակցությունների պատգամավորները։ Այս խմբակցությունների պատգամավորները միասին 46-են (Աղվան Վարդանյանը պաշտոնապես վայր է դրել իր մանդատը, սակայն  ըստ կանոնակարգի՝ 7 օրվա ընթացքում կարող է դիմումը հետ վերցնել, ուստի նրան այդ պաշտոնում որևէ մեկը կարող է փոխարինել միայն մանդատից հրաժարվելու մասին հայտարարությունից 7 օր անց)։

Խորհրդարանի երկրորդ ամենամեծ խմբակցությունը՝ «Ծառուկյանը» վաղն ամբողջական կազմով կլինի։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններին խմբակցության երկու պատգամավոր՝ Մելիք Մանուկյանը և Իշխան Զաքարյանը ներկա չէին։ Մանուկյանը առողջական խնդիրների պատճառով արտերկրում էր, իսկ Զաքարյանի գտնվելու վայրի մասին խմբակցության պատգամավորները տեղյակ չէին։ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Մելիք Մանուկյանը ԱՄՆ-ից երեկ է վերադարձել և կլինի խորհրդարանում, Իշխան Զաքարյանը նույնպես կմասնակցի քվեարկությանը։ Իշխող ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի վեց պատգամավորները ևս քվեարկելու են Փաշինյանի օգտին։

Ինչ վերաբերում է խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ին, ապա խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, չնայած հայտարարել է, որ սատարելու են խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին, սակայն դեռ հստակ չէ, թե խմբակցությունն ամբողջությամբ ինչպես է քվեարկելու։ 58 անդամ ունեցող խմբակցությունում ՀՀԿ անդամ չեն 15-ը:

Սամվել Ալեքսանյանն (անկուսակցական) արդեն իսկ հայտարարել է, որ ընտրելու է Փաշինյանին: Գրիգոր Ավալյանը (անկուսակցական) մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել մայիսի 1-ին, ամենայն հավանականությամբ վաղը նրան փոխարինող կլինի:

Հայկ Բաբուխանյանը («Սահմանադրական իրավունք» միություն), Կարեն Բեքարյանը (անկուսակցական),Արտաշես Գեղամյանը («Ազգային միաբանություն»), Մանվել Գրիգորյանը (անկուսակցական), Շիրակ Թորոսյանը («Հզոր հայրենիք»), Հարություն Կարապողոսյանը (անկուսակցական), Գևորգ Կոստանյանը (անկուսակցական), Արկադի Համբարձումյանը (անկուսակցական), Խոսրով Հարությունյանը (Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն), Արման Սաղաթելյանը (անկուսակցական), Սեդրակ Սարոյանը (անկուսակցական), Տաճատ Վարդապետյանը (անկուսակցական) դեռևս հայտնի չէ, թե ինչպես են քվեարկելու:  

Ֆելիքս Ցոլակյանը (անկուսակցական) ՀՀԿ խմբակցությունում ընդգրկված միակ պատգամավորն էր, որը Փաշինյանին կողմ էր քվեարկել նախորդ ընտրություններում։

Ամենայն հավանականությամբ Փաշինյանին կողմ քվեարկողները կլինեն ոչ ՀՀԿ-ական, ամեն դեպքում՝ դա են վկայում ՀՀԿ-ի քաղաքական դեմքերի վերջին օրերի հայտարարություններն այն մասին, որ դեմ են քվեարկելու Փաշինյանին, ինչպես ՀՀԿ խոսնակ՝ Էդուարդ Շարմազանովը, նախկին գլխավոր դատախազ՝ Գևորգ Կոստանյանը, ՀՀԿ խմբակցության քարտուղար՝ Գագիկ Մելիքյանը։

Հաշվի առնելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքերը, ըստ որի իրենք հաշվի կառնեն մյուս երեք ուժերի ձայները և կապահովեն, որպեսզի վարչապետ ընտրվի, ստացվում է, որ ՀՀԿ-ից Փաշինյանին կողմ կարող են քվեարկել առավելագույնը 10 պատգամավոր։ Ի դեպ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը իր հէկ գնացող ջրի հոսքը փակած վարդենիկցիներին խոստացել է, որ կողմ է քվեարկելու Փաշինյանին։

Հիշեցնենք նաև, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորության համաձայն՝ պատգամավորը կարող է չկիսել իր խմբակցության տեսակետը և դուրս գալ խմբակցության կազմից՝ լինելով անկախ պատգամավոր։ Նախկինում նման դրույթ չկար, և խմբակցությունից դուրս եկող պատգամավորը պարտավոր էր վայր դնել մանդատը։

Եթե վաղվա ընտրություններում կրկին վարչապետ չընտրվի, ապա խորհրդարանը իրավունքի ուժով պետք է լուծարվի։ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու պարագայում 15-օրյա ժամկետում պետք է ձևավորվի կառավարությունը, իսկ կառավարության կազմավորումից հետո` քսանօրյա ժամկետում, վարչապետը խորհրդարանին է ներկայացնում կառավարության ծրագիրը։ Կառավարության ծրագիրը չհաստատվելու դեպքում՝ կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, հրաժարականի դիմում է ներկայացնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter