HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, և վերջ»

Իրավունքի ուժով գումարվող խորհրդարանի հատուկ նիստին գրանցվել է 100 պատգամավոր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մինչ օրակարգին անդրադառնալը հիշեցրեց, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է և շնորհավորեց բոլորին «նվիրական օրվա առթիվ»։

Հիշեցնենք, որ հատուկ նիստի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է։ Խորհրդարանն այսօր կաշխատի առանց ընդմիջման։ Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ներկայացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։ Նազարյանի խոսքով՝ իրեն համար մեծ ուրախություն է համաժողովրդական շարժման առաջնորդի թեկնածությունը ներկայացնել վարչապետի պաշտոնում։ Նազարյանը ներկայացրեց Փաշինյանի կենսագրական տվյալները։

«Հարգելի գործընկերներ, այսօր դուք ունեք բացառիկ հնարավորություն դեմ չգնալու Հայաստանի ժողովրդին, կոչ եմ անում օգտվել այդ բացառիկ հնարավորությունից»,- ասաց նա։

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց` նախ դիմելով Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին, սփյուռքի հայաստանցիներին, լրագրողներին, ապա՝ խորհրդարանի իր գործընկերներին։ Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է՝ համոզմունք հայտնելով, որ մեծ խորհուրդ կա այն հարցում, որ վարչապետ է ընտրվելու հենց այդ հաղթական օրը։ Վարչապետի թեկնածուի խոսքով՝ այս օրերին քաղաքացին ոգևորված  ու հաղթանակած է այնպես, ինչպես Շուշիի ազատագրման օրերին է եղել։

Նա դիմեց Արցախին՝ վստահեցնելով, որ սերը և համերաշխությունը ոչ միայն չի կարող վտանգել Արցախի անվտանգությունը, այլև նոր հնարավորություն է բացելու Արցախի պետականության համար։

Փաշինյանը, ինչպես մայիսի 1-ի ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա վստահեցրեց՝ իր ընտրվելու դեպքում բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ և վերջ։

«Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ, ընտրությունները չեն կեղծվելու և վերջ, ընտրակաշառք չի բաժանվելու և վերջ, արհեստական տնտեսական մոնոպոլիաներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք կարողանալու է զբաղվել իր նախընտրած բիզնեսով և վերջ, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ»,- հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը դիմեց սփյուռքում ապրող հայերին՝ կոչ անելով մեկնարկել մեծ հայրենադարձության գործընթաց, որը կհանգեցնի Հայաստանի բնակչության շարունակական աճին։

Փաշինյանի համոզմամբ՝ տարվա երկրորդ կեսին զբոսաշրջության աննախադեպ աճ է սպասվում Հայաստան, քանի որ մարդիկ ցանկանալու են տեսնել այն երկիրը, որը կարողացել է սիրո և համերաշխության հեղափոխություն իրականացնել։ Փաշինյանի խոսքով՝ հյուրերի համար անհրաժեշտ է սպասարկման բարձր մակարդակ ապահովել և իրականացնել օդային տրանսպորտի գների անկմանն ուղղված ջանքեր։

Փաշինյանն անդրադարձավ արտաքին քաղաքականությանը՝ շեշտելով, որ վարչապետ ընտրվելու դեպքում արտաքին քաղաքական առանցքը Հայաստանի ու հայի շահն է լինելու։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Փաշինյանը վստահեցրեց՝ արտաքին քաղաքականության ոլորտում կտրուկ շրջադարձներ չեն լինելու։ Հայաստանը շարունակելու է ԵՏՄ անդամ լինել, սակայն արվելու է առավելագույնը՝ ավելի արդյունավետ դարձնելու համար այդ կառույցում Հայաստանի անդամակցությունը։ Խորանալու են ԵՄ-ի, Ամերիկայի, Չինաստանի, Իրանի, Վրաստանի հետ հարաբերությունները։

Ինչ վերաբերում է Արցախյան խնդրին, ապա, Փաշինյանի համոզմամբ, բացի խաղաղ կարգավորումը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, այլընտրանք չկա։

Փաշինյանը հայտարարեց, որ պաշտպանության նախարարին ուղղված իր առաջին հանձնարարականը լինելու է այն, որ արգելվի զինծառայողների հագուստի, հիգիենայի և այլ կարիքների ապահովումը զինծառայողների ընտանիքների միջոցով․ պետությունը պետք է ապահովի զինծառայողների կարիքները, իսկ բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր միջադեպ, ըստ Փաշինյանի, պետք է մանրամասն քննության առարկա դառնա։

Մեկնաբանություններ (1)

preston bagrationi
Ehhem, we will see. Not after you, Pashinyan, accepting the allegiances of the powerful and corrupt oligarchic clique. Pashinyan Already succumbed to pressure, now let us see if he can control the gangsters.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter