HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ինչպիսին է լինելու խմբակցությունների քվեարկությունը

Խորհրդարանում շարունակվում է վարչապետի ընտրությունը, «Ելք» խմբակցության տեսակետը ներկայացրեց Էդմոն Մարուքյանը։

«Անկախ քաղաքական հայացքներից՝ մենք բոլորս պետք է ուրախանանք, որովհետև վերջապես Հայստանում գալու է փոփոխությունների ժամանակը։ Հայտնի խոսք կա՝ քաղաքականությունը մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու միջոց է, հետխորհրդային երկրներում այլ մոտեցումներ են եղել դրա վերաբերյալ, մենք միշտ դրժել ենք դա, և հասել ենք մի հանգրվանի, երբ բոլորս հնարավորություն ունենք այդ երջանկությունը կերտելու»,- ասաց Մարուքյանը։

Մարուքյանը շեշտեց՝ «Ելք» խմբակցությունը կանգնած է Նիկոլ Փաշինյանի և վերջինիս կառավարության թիկունքին։

ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների տեսակետներում ևս փոփոխություն չկար՝ Արմեն Ռուստամյանը և Միքայել Մելքումյանն ասացին, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա սատարում են Նիկոլ Փաշինյանին։

ՀՀԿ խմբակցության մոտ ևս դիրքորոշման փոփոխություն չկա․ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ընթերցեց տեքստ։ Բաղդասարյանի խոսքով՝ երկրում ատելության մթնոլորտ է ստեղծվել, մարդիկ բաժանվել են սպիտակների և սևերի։ ՀՀԿ-ի մտավախությունները չեն սպառվել, սակայն կօժանդակեն վարչապետի ընտրությանը։

«Հորդորում ենք փորձել վերացնել այս համատարած ատելությունը, այն խոչընդոտում է մարդկանց բնականոն գործունեությանը, ատելություն մի սերմանեք սերունդների մեջ», -ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ  ՀՀԿ-ից «10+1» անձ կքվեարկեն Փաշինյանի օգտին։

«Մենք հորդորել ենք մեր գործընկերներին՝ քվեարկել կողմ Նիկոլ Փաշինյանին, բայց նրանց չանձնավորեք, չհամարեք ձերը կամ անկախ պատգամավոր, նրանց փոխարեն կարող էր լինել մեկ այլ տաս պատգամավոր»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ այդ պատգաավորները ևս կիսում են ՀՀԿ-ի դիրքորոշումը։

Հրապարակում հավաքված քաղաքացիները արձագանքում են Վահրամ Բաղդասարյանի ելույթին / Գրիշա Բալասանյան, Հետք

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց խմբակցություններին՝ արտահայտած դիրքորոշման համար։

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն խոսքին, որ երկրում ատելության մթնոլորտ է, Փաշինյանն ասաց․ «Չեմ ուզում բանավեճ սկսել, թե ատելություն կա թե, ոչ ես նորից եմ ուզում ասել՝ Հայաստանում ատելության էջը մենք պետք է փակենք»:։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter