HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին «Ելք», «Ծառուկյան», «ՀՅԴ» խմբակցությունների պատգամավորները և տասներեք ՀՀԿ-ական պատգամավոր։

ՀՀԿ-ից Փաշինյանի օգտին քվեարկել են Մանվել Գրիգորյանը, Շիրակ Թորոսյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Միհրան Պողոսյանը, Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը, Սեդրակ Սարոյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Աշոտ Արսենյանը, Արման Սահակյանը, Սամվել Ալեքսանյանը:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին քվեարկության համար։ «Ծառայում եմ ՀՀ ժողովրդին, ՀՀ-ին»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ զբաղվել է լրագրությամբ, 1999-2012 թվականներին եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։ Դեռ 90-ականների վերջից քաղաքական գործընթացներում ակտիվ դերակատարում է ունեցել․ 1998 թվականին նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբի անդամ է եղել, 2006 թվականին մասնակցել է «Այլընտրանք» նախաձեռնության հիմնադրմանը, 2007 թվականին եղել է «Իմպիչմենտ» նախընտրական դաշինքի շտաբի անդամ։ 2008 թվականի Փաշինյանը եղել է առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ։ 2008 թվականի մարտի 1-2-ի հայտնի իրադարձություններից հետո ենթարկվել է քաղաքական հեպանդումների, 1 տարի 4 ամիս եղել ընդհատակում, ապա ինքնակամ ներկայացել դատախազություն։ Փաշինյանը դատապարտվում է յոթ տարվա ազատազրկման, սակայն 2011 թվականի մայիսի 28-ին անկախության տոն առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ է արձակվում։

2012 թվականի խորհրդարանական ընտրություններում պատգամավոր է ընտրվել ՀԱԿ համամասնական ցուցակով։ 2013 թվականին համահիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորումը, որը 2 տարի անց դարձել է կուսակցություն։ 2016 թվականին «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները դաշինքն են կազմել՝ միասին մասնակցելով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը 2018 թվականի մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց իր քայլերթը՝ այդ կերպ պայքարելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ, Փաշինյանն ու իր համակիրները ոտքով քայլեցին ավելի քան 200 կմ, եղան Հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ կոչ անելով ապրիլի 13-ին գալ Ազատության հրապարակ։ Հրապարակից էլ սկսվեցին շուրջօրյա հանրահավաքները, քաղաքացիական անհնազանդության դրսևորումները՝ հացադուլ, գործադուլ, փողոցների շրջափակում։ Օրեր տևած ակցիաների հետևանքով ապրիլի 23-ին նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։

Նիկոլ Փաշինյանը ամուսնացած է, ունի երեք աղջիկ, մեկ տղա: Կինը՝ Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է։ Փաշինյանը 42 տարեկան է, ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին, Իջևան քաղաքում։

Տեսանյութը՝ Գրիշա Բալասանյանի

Ինֆոգրաֆիկան՝ Հրանտ Գալստյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter