HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հանրության պահանջները նոր կառավարությանը եւ իրագործման հնարավորությունները

Հասարակական եւ քաղաքական սակավաթիվ գործիչներ դեռեւս 15 օր առաջ սոցիալական ցանցերում կոչ էին անում հաղթահարել իրենց մեջ հուզականությունը եւ պաթոսախառը արտահայտված մտքերը վերածել գաղափարների, պահանջներ ներկայացնել երկրի նոր ղեկավարին: Հուզականությունը դեռեւս չի հաղթահարվել, բայց սոցիալական հարթակներում որոշակի պահանջներ ձեւակերպվել են:

Հիմնական պահանջը իշխանության թեւերի տարանջատումն ապահովելն է՝ իշխանությունը տարանջատել բիզնեսից, դատական իշխանությունը՝ գործադիրից, առանձին ոլորտներում որդեգրել նոր քաղաքականություն, նոր կառուցվածք:  

Ինչպես ձեւակերպեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ Հայաստանի հիմնական խնդիրն այն է, որ իշխանությունը եւ բիզնեսը միաձուլված են:

Հեղափոխության առաջնորդ, այսօրվանից արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի ներկայացրել կառավարման իր ծրագիրը, սակայն արձագանքել է տարբեր հարթակներում հնչած այս կամ այն օլիգարխին կառավարության կազմում ներառելու մտահոգություններին: «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու»,- փոխանցեց նա լրագրողների միջոցով:

Օլիգարխիային կառավարության կազմում չներառելը դեռեւս չի նշանակում «իշխանությունը տարանջատել բիզնեսից»: Իշխանությունը բիզնեսից տարանջատելը թերեւս ամենաբարդ հարցն է լինելու նոր վարչապետի համար: Օլիգարխիան 1995թ. խորհրդարանական ընտրություններից սկսած արմատավորվեց խորհրդարանում: Չնայած նրան, որ Հայաստանի օրենսդրությունն արգելում է օրենսդիր աշխատանքը բիզնես գործունեության հետ համատեղելը, փաստացի խորհրդարանը կառավարում է երկրի ողջ կապիտալն իր ձեռքում կենտրոնացրած օլիգարխիան: Որքան շատ խոսվեց նրանց խորհրդարանում գտնվելու անթույլատրելիության մասին, այնքան օլիգարխիան ավելի ամուր հաստատվեց խորհրդարանում: Երկրի նախկին նախագահները մշտապես «հանգստացրել» են ընդդիմախոսներին Սերժ Սարգսյանի ձեւակերպումով՝ «փաստաթղթերով ամեն ինչ մաքուր է»:

Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի օգտին կատարված քվերակության պատկերը հստակ ցույց է տալիս, որ իշխանությունը բիզնեսից տարանջատելը առաջիկայում չի ստացվելու: «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը վերջին օրերին ժողովրդական թեկնածուի օգտին քվեարկելու հարցին պատասխանում էր, որ կուսակցությունը կապահովի անհրաժեշտ քվեները, որպեսզի երկիրը մայիսի 8-ին վարչապետ ունենա: Միաժամանակ, «օրթոդոքս» հանրապետականները հայտարարում էին, որ իրենք քվե չեն տալու, փոխարենը՝ բիզնեսմեն-պատգամավորներն էին խոստանում աջակցել ժողովրդի թեկնածուին ընտրվելու հարցում: Այսօր Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկեց «Հանրապետական» խմբակցության 13 պատգամավոր, հիմնականում երկրի խոշոր բիզնեսմենները:  

Դրանով Հանրապետական կուսակցությունը նոր վարչապետին փոխանցեց իր ստեղծած ժառանգությունն ընդունելու եւ պահպանելու պարտավորությունը: Եվս մեկ, ոչ պակաս մտահոգիչ հարց, որ հնչում է այս օրերին· «Ինչպե՞ս է Նիկոլը զսպելու Գագիկ Ծառուկյանի մոնոպոլ դիրքն ու տնտեսական արտոնությունները»: Հարցը տրվեց` ելնելով այն իրողությունից, որ Ն. Փաշինյանին խորհրդարանում առաջին սատարողը երկրի ամենախոշոր բիզնեսմեններից մեկի ղեկավարած կուսակցությունն է, եւ առանց նրանց քվեի, նա չէր կարող վարչապետ դառնալ:

Հանրությունը դեռեւս ամբողջությամբ չի ձեւավորել նորընտիր իշխանությանը ներկայացնելիք պահանջները, սակայն մի քանի հիմնական թիրախներ որոշակի եւ հստակ ձեւակերպվել են եւ ներկայացվել բոլոր հանրային հարթակներում: Դրանցից առաջինը դատական իշխանության անկախության ապահովումն է եւ այս համատեքստում՝ Սահմանադրության համապատասխան գլուխը վերանայելուց սկսած մինչեւ դատական համակարգը ղեկավարող Արման Մկրտումյանից ազատվելը:

Արդարադատության նախկին նախարար, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառել է. «Սահմանադրության վերանայումը ծայրահեղ անհրաժեշտություն է: Մասնավորապես, եւ հատկապես, դատական համակարգի գործունեությունը կարգավորող անտրամաբանական եւ կոնկրետ անձանց հագով ձեւված կարգավորումները նսեմացնում են դատավորների անկախությունը եւ քայքայում համակարգը»:

Փաստաբանների թիրախը անվանապես Վճռաբեկ դատարանի նախագահն է:

«Կրկնել եւ հիմա ավելի ուժգնությամբ եմ կրկնում. եթե ցանկանում եք, որ մեր արդարադատությունն առողջանա, ապա սկսեք Վճռաբեկ դատարանից: Նրանց 80%-ին ուղարկեք տուն եւ կտեսնեք, թե ինչպես է սկսում շնչել դատական համակարգը: Դատական համակարգում առկա թերություններն ամբողջությամբ գալիս են Վճռաբեկ դատարանից: Այն ժամանակից ի վեր, երբ Արման Մկրտումյանը տվեց գործերը քննարկելու ընթացակարգը՝ կոնսուլտացիաներ ստանալ վճռաբեկի դատավորներից, այդ ժամանակվանից սկսված դատական համակարգում անկախությունն իսպառ վերացավ»,- գրում է փաստաբան Գեւորգ Գյոզալյանը Ֆեյսբուք-ի իր էջում:  

Արդեն իսկ ձեւավորված հանրային պահանջ է ՏԻՄ ոլորտում տարածքային կառավարման կառուցվածքի վերանայումը: Մասնավորապես. Հայաստանի Սահմանադրության բոլոր փոփոխված տարբերակներում այդպես էլ սահմանադրական ամրագրում չստացած մարզպետներից ազատագրվելը: Տեղական ինքնակառավարման ոլորտում արմատական վերափոխումներ իրականացնելու պահանջ է դրվում. համայնքների խոշորացման ծրագիրը շարունակելու դեպքում՝ նվազեցնել մարզերի եւ մարզպետարանների թիվը, կտրուկ վերանայել տարածքային կառավարման խնդիրները՝ մեծացնելով ներդրումների ծավալները, վերանայել գյուղերի զարգացման ծրագրերը:

«Համայնքների խոշորացումն ավարտելուց հետո, իհարկե, անհասկանալի, անհամատեղելի եւ անտրամաբանական կլինի մարզպետական կառավարումը պահպանելը»,- գրում է գրող Արամ Թարվերդյանը:

«Առավելագույն ինքնավարություն՝ բոլորին»,- կոչ է անում իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը։

Առաջնային եւ համընդհանուր պահանջ է մնում խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելը, իսկ մինչ այդ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելը:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի պատկերացրած Չորրորդ հանրապետությունը, որը ձեւավորվում է Առաջին հանրապետության հիմնադրման հիշատակի օրերին, պետք է որդեգրի հետեւյալ կարգախոսները`

Դեպի պետականաշինություն,

Դեպի սոցիալական շուկա,

Դեպի իրավական եւ սոցիալական պետություն,

Հայրենադարձություն:

Սոցիալական հարթակը նոր ձեւավորվող կառավարությանը եւ անվանապես վարչապետի թեկնածուին հաճախ է հիշեցնում քաղբանտարկյալներին ազատելու մասին: Դժգոհություններ հայտնեցին, որ հեղափոխության հրապարակում չհիշեցին Սասնա ծռերին:

Ժողովրդի առաջադրած վարչապետի թեկնածուն ապրիլի 27-ի ասուլիսի ժամանակ քաղբանտարկյալներին ու Սասնա ծռերին ազատելու որոշման մասին հարցին պատասխանեց. «Բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն միանշանակ, իսկ թե ովքեր են քաղբանտարկյալ, այդ հարցի լուծումը, կարծում եմ, պետք է վերապահել մասնագիտացված հասարակական կազմակերպություններին, որոնք կքննարկեն եւ կգան ընդհանուր եզրակացության, որպեսզի սուբյեկտիվ չլինի ընկալումը»:

Հանքարդյունաբերության թիրախ դարձած համայնքների բնակիչներն ու բնապահպաններն ամեն օր մերժում են Հայաստանը հանքավայր դարձնելու վերջին 20 տարիների քաղաքականությունը: Հանրային պահանջն այս մասով հստակ ձեւակերպված է՝ դադարեցնել զանգվածային հանքարդյունահանումը, դադարեցնել բնակչության թունավորումը, դադարեցնել բնության աղտոտումը:

Քննարկվում են նաեւ կառավարության կառուցվածքային հարցեր՝ մշակույթի նախարարություն պե՞տք է, թե` ոչ, կրթական համակարգի փրկության ծրագիր է անհրաժեշտ եւ այլն: Ցավոք, այս օրերին հումորն ավելի ազատ է հորդում, քան գաղափարները: Հուսանք, որ այսօրվանից հուզականությունը կնահանջի, եւ ունակները կլծվեն պետականաշինության գործին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter