HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նիկոլ Փաշինյանը 15-րդ անձն է, որը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը

Այսօր Ազգային ժողովը ձայների 59-42 համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Վերջինս Հայաստանի անկախությունից ի վեր 15-րդ աձն է, որ զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը: Վերհիշենք, թե մինչ այս ովքեր են եղել գործադիր մարմնի ղեկավարները:

Հայաստանի անկախության մեջ առաջին վարչապետը եղել է Վազգեն Մանուկյանը: 1990-ի օգոստոսի 13-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ) է նշանակել Մանուկյանին: Վերջինս այդ պաշտոնում մնացել է մինչեւ 1991-ի սեպտեմբերի 26-ը, երբ հրաժարական է ներկայացրել: 1991-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին վարչապետի պաշտոնակատարը Հրանտ Բագրատյանն էր, ով նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալն էր ու էկոնոմիկայի նախարարը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ՀՀ առաջին նախագահ ընտրվեց մինչ այդ ԳԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով էլ նշանակեց կառավարության անդամներին: 1991-ի նոյեմբերի 22-ից մինչեւ 1992-ի հուլիսի 30-ը վարչապետի պաշտոնակատարը ՀՀ առաջին ու վերջին փոխնախագահ Գագիկ Հարությունյանն էր: Հետագայում այդ պաշտոնը վերացվեց:

Հարությունյանին փոխարինեց Խոսրով Հարությունյանը, որը եւս կարճ պաշտոնավարեց՝ մինչեւ 1993-ի փետրվար: Նախորդների համեմատ վարչապետի պաշտոնում ավելի երկար մնաց Հրանտ Բագրատյանը, ով 1993-ի փետրվարին փոխարինեց Խ. Հարությունյանին արդեն ոչ թե որպես պաշտոնակատար, այլ հենց վարչապետ: Հ. Բագրատյանն իր պաշտոնը թողեց 1996-ի նոյեմբերին՝ ներքաղաքական ճգնաժամի պայմաններում, որն առաջացել էր 1996-ի սեպտեմբերին ՀՀ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանի հաղթանակի արձանագրումից հետո:

Հրանտ Բագրատյանի փոխարեն Տեր-Պետրոսյանը 1996-ի նոյեմբերին վարչապետ նշանակեց Արմեն Սարգսյանին, ով, սակայն, պաշտոնավարեց մինչեւ 1997-ի փետրվարի վերջ: Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ Սարգսյանը ստիպված էր հրաժարական տալ առողջական խնդիրների պատճառով: Նրա փոխարեն նախագահ Տեր-Պետրոսյանը ԼՂՀ-ից հրավիրեց Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով ՀՀ վարչապետ նշանակվեց մարտի 20-ին:

Փետրվարի 3-ին, երբ Տեր-Պետրոսյանը եւ նրա թիմը հրաժարական տվեցին, վարչապետ Քոչարյանը դարձավ առաջին պետական դեմքը երկրում: 1998-ի մարտի 30-ին արձանագրվեց նրա հաղթանակը արտահերթ նախագահական ընտրություններում: Արդեն ապրիլին Քոչարյանը վարչապետ նշանակեց Արմեն Դարբինյանին, ով, սակայն, երկար չմնաց այդ պաշտոնում, որովհետեւ 1999-ի մայիսի 30-ին ԱԺ ընտրություններում հաղթեց «Միասնություն» դաշինքը, որի թեկնածու Վազգեն Սարգսյանն էլ Քոչարյանի կողմից 1999-ի հունիսին նշանակվեց վարչապետ: Վ. Սարգսյանը 4 ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, զոհ դարձավ ԱԺ-ում կազմակերպված ահաբեկչությանը:

Նախագահ Քոչարյանը ներքաղաքական լարված իրավիճակը մեղմելու նպատակով նոյեմբերին վարչապետ նշանակեց Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին, բայց շատ չանցած պաշտոնանկ արեց նրան: 2000-ի մայիսին Քոչարյանը նոր վարչապետ նշանակեց Անդրանիկ Մարգարյանին, ով իր պաշտոնավարման ժամկետով գերազանցեց նախորդներին: Մարգարյանը պաշտոնավարեց մինչեւ իր մահը՝ 2007-ի մարտի 25-ը: Նրա փոխարեն Քոչարյանը նշանակեց Սերժ Սարգսյանին, ով ամիսներ անց առաջադրվեց նախագահի թեկնածու, իսկ 2008-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ճանաչվեց հաղթող:

Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ս. Սարգսյանը 2008-ի ապրիլին վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին: Վերջինս Ա. Մարգարյանի պես երկար պաշտոնավարեց՝ 6 տարի՝ մինչեւ 2014-ի ապրիլ, երբ հրաժարական տվեց:

Տիգրան Սարգսյանի փոխարեն ապրիլի 13-ին Ս. Սարգսյանը նշանակեց Հովիկ Աբրահամյանին, ով մինչ այդ ԱԺ նախագահն էր: 2016-ի սեպտեմբերին Աբրահամյանը հրաժարական տվեց, նրան փոխարինեց Կարեն Կարապետյանը:

Կարապետյանը գործադիրի ղեկավարն էր մինչեւ 2018-ի ապրիլի 17-ը, երբ ԱԺ-ն Սահմանադրության փոփոխություններից հետո խորհրդարանական կառավարման համակարգի անցած Հայաստանում առաջին անգամ վարչապետ ընտրեց: Դա, ինչպես եւ սպասվում էր, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն էր:

Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժումը ստիպեց, որ իր քաղաքական կարիերայում երկրորդ անգամ վարչապետ դարձած Ս. Սարգսյանը ընտրվելուց 6 օր անց՝ ապրիլի 23-ին, հրաժարական տա: Վարչապետի պարտականությունները մինչեւ Փաշինյանի ընտրությունը կատարում էր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Այսօր՝ մայիսի 8-ին, վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, առաջինն է Հայաստանի անկախացումից ի վեր, որը վարչապետ է դառնում՝ լինելով ընդդիմության անդամ:   

Մեկնաբանություններ (2)

GB
Differences between Pashinyan and others, Pashinyan has an exclusive authority than previous Prime Ministers, due to adopting Parliamentary system in Armenia. Prime Minister is actual head of government!
Վաչե
Այս հրապարակումը ևս մեկ փորձ է նսեմացնելու Նիկոլ Փաշինյանի կերպարը և նրա դերը Հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ։ Նախ պետք է հատուկ նշել, որ Նիկոլ Փաշինյանը Խորհրդարանական կառաոարմանն անցած ՀՀ առաջին վարչապետն է, երկրի թիվ մեկ ղեկավարը, և նա այդ պաշտոնը ստանձնել հեղափոխության հաղթանակի և ժողովրդի բացահայտ պահանջի , այլ ոչ թե կաշառք տալու կամ այլ խաղերի շնորհիվ։ նախկին վարչապետետերը հանդիսացել են սովոտական կամակատարներ և երկրորդական, երրորդական պաշտոնյաներ։ իսկ նրանց մոտ կեսը՝ ավազակներ, թալանչիներ և մարդասպաններ։ Այնպես, որ Նիկոլին նրանց շարքը դասելը վիրավորական է թէ իր և թէ քաղաքացիների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter