HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզի ՀՀԿ-ական համայնքապետերը չեն պատրաստվում ընդդիմադիր լինել, իսկ ոմանք հրաժարվել են կուսակցությունից

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ նշանակվելուց հետո դառնում են ընդդիմություն: Արմավիրի մարզի մի շարք համայնքապետեր, ովքեր Հանրապետական կուսակցության անդամ են, հայտարարում են, որ չեն պատրաստվում համայնքապետի ղեկավարի պաշտոնում աշխատել որպես ընդդիմադիր: Նրանցից մի քանիսն արդեն վայր է դրել կուսակցական տոմսերը:

Ապրիլի 25-ին անհնազանդության ակցիաներին միացել էր նաև Լուկաշին համայնքը: Գյուղացիների հետ էր նաև համայնքապետ Կարեն Մկրտչյանը:

«Առաջին համայնքի ղեկավարն էի, որ հրաժարվել եմ կուսակցությունից և միացել եմ ցուցարարներին: Ես հոգով, սրտով երբեք կուսակցական չեմ եղել: Դուք լավ պատկերացնում եք կուսակցական լինելն ու կուսակցության մեջ լինելը: Ես իմ վրա մեղք էի վերցրել, որ ես այդ կուսակցության անդամ էի: Ու միանգամից ապրիլի 25-ին դուրս եմ եկել և ամբողջ համայնքով միացել եմ խաղաղ անհնազանդությանը», - ասում է Կարեն Մկրտչյանը:

Լուկաշինի համայնքապետն ասաց, որ երկրում իրավիճակ է փոխվել, և գոհ է, որ բան է փոխվել: «Ես 15 օր առաջ փակել եմ իմ հին էջը, իմ բնութագիրը համայնքի բնակիչները կարող են տալ, բայց որպես կուսակցական էլ չեմ ուզում խոսել», - ավելացրեց Կ. Մկրտչյանը:

Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2016թ. փետրվարին: Մարզպետարանի կայքէջում նշված է, որ նա Հանրապետական կուսակցության անդամ է: Վահրամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ապրիլի 25-ին միացել է Նիկոլ Փաշինյանի կողմից գլխավորած շարժմանը և իրեն այլևս Հանրապետական չի համարում:

«Կուսակցական տոմսս վայր եմ դրել: Կուսակցությունից հրաժարվեցի, քանի որ ժողովրդիս կողքին եմ եղել, պատճառը միայն դա է եղել: Ճիշտն ասած կուսակցությունն իմ համար երկրորդական բան է, դրա համար կարևորություն չեմ տալիս», - ասում է համայնքապետը:

Գեղակերտ համայնքի ղեկավար Սերյոժա Առաքելյանը ևս Հանրապետական կուսակցության անդամ է:

«Ես հաստատ կարկառուն կուսակցական չեմ եղել: Ես ոնց կարող եմ ընդդիմություն լինել, եթե ժողովուրդը հակառակն է ուզում: Ժողովուրդն ինչպես պահանջի այդպես էլ անելու եմ, ինչպես կարող եմ դեմ կանգնել», - ասում է Գեղակերտի համայնքապետը:

Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը զարմացավ, որ մարզպետարանի պաշտոնական կայքում իր կենսագրական տվյալների դիմաց նշված է, թե Հանրապետական կուսակցության անդամ է: Հայտարարեց, որ «100% հանրապետական չէ»:

«Ես ժողովրդի հետ եմ աշխատել ու աշխատում եմ, ես Հանրապետական երբեք չեմ եղել: Մարզպետարանն է տեղադրել, զանգեք իրենց հարցրեք, ես տեղյակ չեմ», - ասաց Ռազմիկ Մարգարյանը՝ հավելելով, որ չի կարող դեմ գնալ ժողովրդին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter