Կիրակի, 23 սեպտեմբերի

Թիվ 132 դպրոցի ուսուցիչը մեղադրում է տնօրենին կաշառք պահանջելու և ստանալու մեջ (տեսանյութ)



Թիվ 132 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Հակոբ Թադևոսյանն ահազանգել է «Հետքին»՝ հայտնելով, որ նույն դպրոցի տնօրեն Վիկտորիա Սուքիասյանն իրենից 70 հազար դրամ կաշառք է պահանջել՝ բացակայությունները հաշվի չառնելու համար։

Հակոբ Թադևոսյանը 1988թ-ին ոտքից հրազենային վիրավորում է ստացել Աֆղանստանի պատերազմում, այնուհետև 1992-ի մարտի 29-ին՝ արցախյան պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել ողնաշարի շրջանում։ Նա այս տարվա ապրիլի 3-14-ը Պաշտպանության նախարարության ուղեգրով մեկնել է պարտադիր ֆիզիոթերապևտիկ վերականգնողական բուժման։ Նշված օրերին իր հաշվին բացակայության թույլտվություն ստանալու նպատակով՝ ռազմագիտության ուսուցիչը դիմում է ներկայացրել դպրոցի փոխտնօրենին, քանի որ տնօրեն Վիկտորիա Սուքիասյանը գործուղման է եղել։ Թադևոսյանի դիմումը դպրոցի ղեկավար անձնակազմից որևէ մեկը չի մակագրել, իսկ տնօրեն Սուքիասյանը գործուղումից վերադառնալուց հետո Հակոբ Թադևոսյանին հորդորել է թողնել բուժումն ու վերադառնալ աշխատանքի։ Վերջինս, սակայն, վերադարձել է աշխատանքի՝ բուժման ավարտից հետո։

Դպրոցի տնօրեն Վիկտորիա Սուքիասյանը ռազմագիտության ուսուցչին ասել է, որ նրա բացակայությունն անհիմն է, ինչը կարող է աշխատանքից հեռացման պատճառ հանդիսանալ։ Հակոբ Թադևոսյանը տնօրենին ցույց է տվել բժշկի տեղեկանքը, որում նշված է եղել, որ բացակայած օրերին նա բուժվելիս է եղել, որից հետո բացատրություն է գրել և շարունակել աշխատել։

Ըստ Թադևոսյանի՝ փոխտնօրենն իրեն փոխանցել է, որ տնօրեն Սուքիասյանը որոշել է իր բացակայությունը հաշվի չառնել և ասել է բացակայած օրերի տեղում լրացնել մատյանը։

«Ամսվա վերջում քարտուղարուհին [տնօրենի,-խմբ.] մոտենում է ինձ և հայտարարում, որ ես քանի որ 14 օր բացակայել եմ, այդ բացակայության գումարը պետք է տամ տնօրենին։ Տնօրենը երբեք իր բերանով ոչ ոքի բան չի ասում։ Քարտուղարուհուն ասացի՝ գնա, ասա չեմ տալիս։ Պահանջում էին 70 հազար դրամ՝ 12 օրվա բացակայության համար։ Քարտուղարուհին եկավ, ասաց՝ տնօրենն ասում է, եթե գումարը չի տալիս, բացակայությունները կհաշվենք և նկատողություն կտանք։ Ինձ ինքը թակարդը գցեց, 3 ամսում 2 նկատողություն ստանալու դեպքում՝ ուսուցիչն ավտոմատ հեռացվում է դպրոցից։ Ինձ ինքը տալու էր երկու նկատողություն՝ մեկը, որ բացակայել եմ և երկրորդը, որ ապօրինի լրացրել եմ մատյանը, ու ինձ հեռացնելու էր դպրոցից, քանի որ ինքը լավ գիտեր, որ ես այդ գումարը չեմ տա։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ես տարա այդ գումարը տվեցի իրեն։ Մտա տնօրենի մոտ, տվեցի գումարը, ասացի՝ սա իմ բացակայությունների գումարը։ Ասաց՝ դա տար, տուր քարտուղարուհուն։ Ես էլ ծրարով 70 հազար դրամը տարա քարտուղարուհու մոտ, խփեցի սեղանին, ասացի՝ սա տուր տնօրենիդ, որ ձեր բյուջեն չպակասի»,- պատմում է Հակոբ Թադևոսյանը։

Նա գումարը տալուց 2 օր հետո դիմել է ոստիկանություն, ինչից հետո իրավապահ մարմիններն այցելել են դպրոց և սկսել նյութեր նախապատրաստել։

Տնօրեն Վիկտորիա Սուքիասյանն ուսուցչի պատմածը զրպարտություն համարեց՝ նշելով, որ միակ սխալը, որ ինքը թույլ է տվել, ռազմագիտության ուսուցչի բացակայությունը հաշվի չառնելն էր։

«Մենք բացակայություն իրեն չենք նշանակել, այո, այդ խախտումը տեղի ունեցել է։ Ես գիտեմ, որ ես այդպես պետք է չվարվեի, դրա իրավունքը չունեի»,- ասաց Սուքիասյանը։

«Հետքի» հարցին, թե արդյո՞ք տնօրենը դրա դիմաց գումար է պահանջել, վերջինս պատասխանեց. «Ես զարմացած եմ ուղղակի, ասելու բան չունեմ»։    

Տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (7)
1. Լիլիթ22:39 - 8 մայիսի, 2018
Ամենաշատը զզվում եմ կնոջ հետևից ընկնող «տղամարդուց»...հաստատ ավելի զզվելի տեսարան չկա
2. ominac01:21 - 9 մայիսի, 2018
Գրուածէն այնպէս հասկցայ որ Տնօրէնը սխալ որոշում առած է, ոչ թէ կաշառք։ Եթէ դրամը առնելը օրէնքի հետեւիլ է, ինչպէս կաշառք կանուանէք։ Պէտք է որ այս յօդուածի հեղինակը իր կողմէն հետաքրքրուի որ իրապէս այս կաշառք կը սեպուի թէ ոչ, եւ ոչ թէ մեղադրողին բառերով յօդուած գրէ։ Գիտէք, գալիք օրերուն պիտի շատնայ եւ շատ լուրջ հարց պիտի ըլլայ այս ձեւի մեղադրանքները, պէտք է որ լրագրողները մէկ մը փաստաբանի հետ խորհրդակցին մարդկանց կաշառքով ամբաստանելէ առաջ։ Տուժողի բառերով մի ներկայացնէք դէպքը, այլ երրորդ անկողմնակալ դիտորդի անկիւնէն նայէք։
3. Աննա Բաղրամյան01:22 - 9 մայիսի, 2018
Եթե տիկին Սուքիասյանին չճանաչեի, հալած յուղի տեղ կընդունեի ողջ պատմությունը։ Մեր իրականության համար շատ սովորական դարձած արատավոր երևույթներից, որ ընդունված է մասնավորապես ՀՀԿահպատակ դպրոցներում։ Բայց հավատացեք, որ սա այդ դեպքը չէ։ Ես իմ երեխային ամեն օր 20 կիլոմետր հեռավորության վրայից հասցնում եմ 132 դպրոց միայն էն բանի համար, որ նախօրոք պարզել էի, որ էս դպրոցը ՀՀԿ–ի համար ձայներ չի հավաքում, մարդկանց վրա չի բռնանում, դրամահավաք որպես այդպիսին չկա։ Ասեմ ավելին, պատկերացնու՞մ եք, երեխաները սիրում են տնօրենին ու չեն վախենում նրանից, ինչպես սովորաբար լինում է։ Չգիտեմ, թե ով է կանգնած էս ամենի ետևում և ինչու, բայց հուսով եմ, որ նոր Հայաստանում, որտեղ արթնանալու ենք արդեն վաղը, արդարությունը միշտ կհաղթի: Համոզված եմ, որ սա զրպարտություն է։ Հ.Գ. մի տեսակ անսովոր է իշխանամետ լինելը, բայց ինչ արած, նոր Հայաստանում հանգամանքներն այդպես են դասավորվել )))
4. Արմինե Փաշիկյան09:21 - 9 մայիսի, 2018
Սուտ էէէէէէ. Ես այդ ուսուցչին չեմ հավատում. Տնօրենի պատճառով եմ իմ երեխաին այս դպրոց բերել. Հեռվից տեսել եմ ուսուցչի պահվածքը երեխաների հանդեպ շատ գռեհիկ է
5. Sveta10:03 - 9 մայիսի, 2018
Еще когда директор не проработал год, у нашего класса были с ней разногласия. Школа не была готова к наглому хамству со стороны директора. Она даже потребовала провести последний урок 9 класса не в тот день, который был назначен государством. Это самое малое, что она предъявляла нам.... Как хорошо, что это был наш последний год в этой школе. Она всегда выставляет себя невинной и из любой ситуации выходит жертвой. Надо пообщаться с ней некоторое время, чтобы понять, какой она человек и что она из себя представляет. Одно разочарование. Закончила актерское мастерство и хорошо показывает свое "мастерство" в реальной жизни. Прошу Вас, администраторов, чтобы вы не удаляли мой комментарий.
6. ՏԱԹև18:02 - 10 մայիսի, 2018
ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ ԱՅՍ ՄԱՐԴՈՒՆ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ ՇԲՎԵԼ ԵՄ ԱՅՆ ԱՌՈՒՄՈՎ ՈՐ ԵՐԵԽԱՍ ՍՈՎՈՐԵԼ Է ՆՐԱ ԴՊՐՈՑՈՒՄ: ՇԱՏ ԿԻՐԹ ԶՈՒՍՊ ԵՎ ԲԱՐԵԿԻՐԹ ՄԱՐԴ Է ԵՎ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ ԿԱՇԱՌՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՉԻ ԻՋՆԻ: ԿԱՐԾԵՍ ՈՒՐԻՇ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍԻ ԶԻՆՂԵԿԸ
7. Մոնիկա Գրիգորյան00:02 - 11 մայիսի, 2018
Ինչու իմ մեկնաբանությունը չեք հրապարակում
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ