ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Քաղաքացիները մաքրում են Հանրապետության հրապարակը



Հանրապետության հրապարակում հանրահավաքներն արդեն ավարտվել ենԱյսօր առավոտյան քաղաքացիները կրկին մաքրում էին հրապարակի շրջակայքը, ինչպես մայիսի 3-ին։

Մաքրություն անելու եկած քաղաքացիները հավաքում էին հրապարակում և մոտակա խոտածածկ տարածքներում մնացած աղբը, աղբամանների ներսը։

Հրապարակը մաքրողներից ամենափոքրը 8-ամյա Արփի Ղազարյանն էր։ Արփին առաջին անգամ է նման միջոցառման մասնակցում։ Ասում է՝ դժվար աշխատանք չէ, պահում է տոպրակը, իսկ մայրը՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ-ի) դերասանուհի Գայանե Եղիազարյանը, հավաքում է խոտածածկ տարածքում թափված աղբի մնացորդները։ 

Արփին եկել է մայրիկի առաջարկով։ Մայրն ասում է, որ երեխաներին քայլերթի օրերին իրենց հետ չեն տարել, և Արփիի համար հետաքրքիր է այս ամենը։ Արփին ցույց է տալիս նաև Վան Գոգի «Աստղային երկինք» կտավի մոտիվներով արված իր նկարն ու ասում․ «Ուզում եմ երկնքում միշտ աստղեր ու արև լինի»։ Սա նկարել է այն ժամանակ, երբ ծնողները նրան տանը մենակ են թողել և մասնակցել Երևանում անցկացվող քայլերթերին։ 

Գայանեն ասում է՝ Արփին «թրծված» է քաղաքական ակցիաներում։ Ինքը պայքարում է 2008 թվականից և այդ տարիներից սկսած՝ ամեն բողոքի ակցիայի երեխային «կենգուրու»-ի մեջ դրած իր հետ տարել է հանրահավաքների։ Անգամ «Էլեկտրիկ Երևան» շարժման ժամանակ Արփին ու Գայանեի մյուս երեխան առաջին շարքում են եղել, որ կարողանան կանխել վտանգը: «Արփին անընդհատ ասում է՝ ես ինչ ծնվել եմ, մենք ասում ենք՝ «Մերժիր Սերժին», ե՞րբ ենք մենք ուրիշ բանի համար պայքարելու»,- ասում է Գայանե Եղիազարյանը:

Հրապարակում էին նաև Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի 10-րդ դասարանի մի խումբ աշակերտներ։ Անաստասիա Ալաջաջյանը նրանցից մեկն է։ Ասում է՝ եկել են առավոտ 10։00-ին և սկսել մաքրել հրապարակի շրջակայքը. «Կանաչ տարածքներն ենք մաքրել, ծխախոտի, ուտելիքի մնացորդները հավաքել։ Մաքրում ենք շրջակայքը, որ մեր Երևանը պահպանի իր տեսքը և քաղաքական բարեփոխումներից հետո էկոլոգիական խնդիրների դեմ չկանգնի»: Նա Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքներին մասնակցել է ապրիլի 16-ից։ 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ