HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոգին հաղթեց, եթե չլիներ այդ ոգին, ոչ մի բանի չէինք հասնի»

1992թ. մայիսի 5-ին ձյուն եկավ: Այդ օրը ծրագրված էր Շուշիի ազատագրման գործողությունը: Ձյան պատճառով այն երկու օրով հետաձգեցին:

26 տարիների հեռավորությունից այս մասին հիշում է Արարատի ջոկատի, ապա Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Խաչիկ Զաքարյանը՝ Արարատի Խաչիկը: Զգացողությունների հիշողություններն արթուն են, բայց խոսելն այդ մասին հեշտ չէ:

Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Շոշ գյուղից շարժվեցին: Շուշիի ազատագրման գործողությունը 4 ուղղությամբ էր, այդ ուղղություններից մեկի հրամանատարը Արկադի Կարապետյանն էր, որտեղ ընդգրկված էին Բեկոր Աշոտի, Շոշի Ագոյի՝ Արգամ Հարությունյանի և Գրիգոր Գրիգորյանի ջոկատները: Վերջինս Արարատի ջոկատի հրամանատարն էր:

Խաչիկն ասում է, որ իրենցից աջ Բեկորն էր: Նա բերդի կողմով էր բարձրանում, իսկ իրենք ներքևում էին՝ պարսիպների տակ: «Գիշերվա կեսին հետախուզությունն արվել էր, հետո մենք գնացինք, պարիսպներից մի 20-30 մետր էինք ներքև, էնտեղից մեզ կրակահերթի տակ էին պահում, նրանք բարձր էին, աշտարակների վրա, մի ամբողջ օր մեզ պահեցին կրակի տակ, դանակներով խրամատ էինք փորել»,- պատմում է Արարատի Խաչիկը:

Առավոտյան Բեկորը մտավ Շուշի: Խաչիկը պատմում է, որ նա առաջինն էր, որ Շուշի մտավ, ավելի ուշ՝ մայիսի 9-ի առավոտյան, Շուշի են մտել նաև իրենք: Եկեղեցի էին մտել, առաջին անգամ մոմ վառել այնտեղ: Խաչիկի հայացքը մի պահ սառում է, դադար է տալիս, ապա շարունակում, որ « հիմա, ոնց որ, հեշտ լինի ասելը, բայց էն ժամանակ լրիվ ուրիշ էր»:

«Արցունքներ էին գալիս, որ քո լուման ներդրել ես էդ գործում, մինչ այդ չէինք պատկերացնում, որ Շուշին կարող ենք ազատագրել: Ոգին հաղթեց, եթե չլիներ այդ ոգին, ոչ մի բանի չէինք հասնի»,- ասում է Խաչիկը:

«Ո՞նց էինք նշում»,- հարցս կրկնում է, հետո ժպտում՝ «պարելով, պարելով էինք նշում, մենակ տեսնեիք՝ ինչ խանդավառություն էր ժողովրդի մոտ»:

Հակոբը լուսանկարում է Խաչիկին, հետո հարցնում, թե հիշում է ոնց խանութից սպիտակ բոթասներ վերցրեցին: Խաչիկը շատ լավ է հիշում, ասում է, որ Ղազանչեցոց եկեղեցու դիմացի հինգհարկանի շենքի առաջին հարկում խանութ կար, ապակիները ջարդված էին, մտան, սպիտակ բոթասներ կային, վերցրեցին:

Մայիսի 9-ի ուշ երեկոյան Խաչիկն ընկերների հետ վերադարձել է Ստեփանակերտ: Պատմում է, որ գիշերվա կեսին հայտնել են, թե ադրբեջանցիները մտել են Ասկերանի գյուղերը, սակայն երբ իրենք տեղ էին հասել, հակառակորդն արդեն փախել էր, չնայած հասցրեl էր մի քանի հոգու գերի վերցնել, սպանվածներ էլ կային:

«Մայիսի 10-ին պիտի վերադառնայինք Երասխ, որովհետև Վազգեն Սարգսյանից հրաման եկավ, որ Երասխի բարձունքները վերցնենք: Ամսի 11-ին պատրաստվում էինք գալ, թուրքերն Աղդամից սկսեցին խփել Խոջալուի օդանավակայանին, մենք թռանք, հետևից մի ինքնաթիռ խփեցին, բայց զոհեր չեղան: Մայիսի 18-ին մասնակցեցինք Երասխավանի դիրքերի ազատագրմանը, մեր տղաներից մեկը զոհվեց, ով Շուշիի ազատագրմանը մեզ հետ էր: Արտակարգ պատրաստված տղա էր»,- հիշում է Արարատի Խաչիկը:

Դրանից հետո մեկ ամիս մնացել էր Հայաստանում, բայց պատմում է, թե չէր կարողանում հարմարվել: Ասում է՝ հասկացավ, որ պատերազմն իրեն քաշում է: 1992-ի ամռանն արդեն Ղարաբաղում էր՝ Շուշիի առանձնակի գումարտակի կազմում, որտեղ մնաց մինչև 1995թ. փետրվարը: Մասնակցել է Մարտակերտի, Ղուբաթլուի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Զանգելանի, Քելբաջարի մարտական գործողություններին:

«Վերջին բոյը եղավ մայիսի 9-ին թե 10-ին՝ հրադադարից մի քանի օր առաջ՝ Մարտակերտի 3-րդ սովխոզում: Լավ դիմադրեցինք էդտեղ, մեզնից մեկ-երկու զոհ եղավ, արթիկցի Արթուրը մեջքից վիրավորվեց, մեր գյուղի Կիրակոսը ծանր վիրավորվեց, բայց ահավոր ջարդ տվեցինք, նրանց կողմում բոլորը վարձկաններ էին»,- պատմում է ազատամարտիկը:

Խաչիկը հիշում է, որ երբ 1992-ի ամռանը Հայաստանից վերադարձավ, Սարիբաբայի ազատագրմանը մասնակցեց: Այդ ժամանակ զավեշտալի դեպք պատահեց: Գնդացրորդ էր, բայց միևնույն ժամանակ խոհարար էր կարճ ժամանակով: «Մի ապարանցի Ազատ ունեինք, կապվեց, ասաց՝ բարձունքը 2 կմ 700 մետր է, թող բարձրանա, հետն էլ խտացրած կաթ ու հաց բերի: Գնդացիրը վերցրել եմ, 3-լիտրանոց խտացրած կաթն ու հացը թևիս տակ ու ճանապարհին մտածում եմ, որ գործողությունն արդեն սկսել են: 3 ժամվա ճանապարհը 30 րոպեում անցա, հասա տեղ, տեսա՝ բոլորը հռհռում են, հարցնում եմ՝ ի՞նչ ա եղել, թե բան չէ, սոված էինք»,- պատմելիս ժպտում է:

Խաչիկը 1989թ. է կամավորագրվել, Արարատի ջոկատով Ասկերանի և Աղդամի միջև ընկած գյուղերն էին «պահում»: Այդ ժամանակ 23 տարեկան էր, Արարատի շինարարական տեխնիկումում ուսումը կիսատ թողեց:

Ասում է՝ գուցե կորուստը երիտասարդ տարիներն էին, բայց հետո ավելացնում է, որ չէ, պատերազմն իրեն տվեց ընկերներ, հպարտություն և մաքրություն: Դրանք եղան իր ձեռքբերումները: «Պատերազմ էր, սով էր, ընկերներ էինք կորցնում, բայց մարդկային տեսակետից մաքրություն կար, մինչև հիմա էլ մեր տղաների մեջ այդ մաքրությունը կա»,- ասում է նա:

Մեր զրույցը պատահականորեն սկսեցինք Խաչիկի հարսանիքից, ավարտեցինք նույն թեմայով, բայց արդեն մեզ միացել էր նրա կինը՝ Ինգա Զաքարյանը: Այսօր նրանք երկուսով Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի խոհարարներն են՝ Խաչիկը շեֆ-խոհարար է: Ասում է, որ Ինգայի մայրն իրենց գումարտակի խոհանոցում էր աշխատում, այդպես է ծանոթացել ապագա կնոջ հետ: Ինգան այդ ժամանակ սովորում էր Ստեփանակերտի համալսարանի բանասիրության ֆակուլտետում: Չհասցրեց ավարտել: Աղջկա ծնողների հետ ծանոթությանը մարտական ընկերներով էին գնացել: Հարսանիքն էլ երկու մասով են արել՝ Ստեփանակերտում և Արարատում:

Ամբողջ գումարտակը, ազատամարտիկի ասելով, մասնակցել է հարսանիքին, լավ քեֆ են արել: «Վերջում էլ դուրս եկանք, որ նկարվենք, մի էշ գտան»,- ծիծաղում է Ինգան, ամուսինը ավելացնում է. «Մակիչը բռնեց, բերեց դրեց մեր կողքին»: Բոլորս ծիծաղում ենք:

Հետո նորից վերադառնում ենք պատերազմի ծանր հիշողություններին: Ինգան ասում է՝ պատերազմի ժամանակ ամենավատ բանն այն է, երբ լսում ես մոտ ընկերների, զինվորների զոհվելու լուրը:

Ու զուգադիպորեն ռեստորանում հնչում է «Մարտիկի երգը», բոլորս լռում ենք:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter