HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանի աշխատակիցն անտեսել է դատական ակտը. Հյուսիսային պողոտայի տարածքի համար վեճերը շարունակվում են

Հյուսիսային պողոտայի 8 և 10 շենքերի միջակայքի հանրային տարածքի համար վեճերը շարունակվում են:  Այսօր France սրճարանը կրկին իր կոնստրուկցիաներն է տեղադրում նշված տարածքում, չնայած տարածքի վերաբերյալ արդեն իսկ կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել և կոնստրուկցիաները ԴԱՀԿ-ի կողմից ապամոնտաժվել էին: Կողմերը ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ էլ չեն կարողանում լուծել այն: 

Նիկոլայ Դանիելյանը, հիշեցնենք, Հյուսիսային պողոտայի 10 շենքի թիվ 3 տարածքի սեփականատերն է։ Նշված տարածքում 2009 թվականից գործում է «Cinnabon» սրճարանը։ Հյուսիսային պողոտայի թիվ 8 և թիվ 10 շենքերի միջև ընկած և իր տարածքին հարակից տարածքում «Սիմփլ Դիլ» ՍՊԸ-ն զբաղեցրել էր մոտավորապես 100 քմ տարածք, որտեղ բետոնե, մետաղական և փայտե կոնստրուկցիաների օգտագործմամբ կառուցապատել էր սրճարանային օբյեկտ և երկրու տարի սրճարանային գործունեություն էր ծավալեել։

Վարչական դատարանը, հիշեցնենք, France սրճարանի կոնստրուկցիաներն ապամոնտաժելու և Նիկոլայ Դանիելյանի իրավունքները վերականգնելու վճիռ կայացրեց, սակայն օրերս բանվորները կրկին եկել են և սկսել նույն կերպ կառուցապատում իրականացնել: Բացառությամբ մի հատվածի, որը տանում է դեպի  «Cinnabon» սրճարան, ավելի տարածք են թողել, քան նախորդ անգամ էր: 

Իրենց օգտին դատավճիռ ունեցող կողմը փորձ է արել թույլ չտալ նոր կառուցապատմանը, ահազանգել է ոստիկանություն, ԴԱՀԿ, սակայն շինկոնստրուկցիաները տեղադրող պատասխանատու անձինք նոր փաստաթուղթ են ցույց տվել` տրված Երևանի քաղաքապետարանի կողմից:

Համաձայն դրա` Երևանի քաղաքապետարանի աշխխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետ Արման Եդոյանը 2018թ. ապրիլի 3-ին պայմանագիր է կնքել «Մուդ» ՍՊԸ-ի հետ` համապատասխան վարձավճարի դիմաց 92 քմ տարածքն օգտագործելու` հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային ծառայություն կազմակերպելու համար, որտեղ կարող են տեղադրվել համապատասխան սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ սեղաններ ու աթոռներ, տարածքին էսթետիկական պատշաճ տեսք արտահայտող ծաղկային կոպոզիցիաներ, հովանոցներ կամ լրացուցիչ հենասյուներ տեղադրում պահանջող բրեզենտե ծածկոցներ:

Տարածքի վարձավճարի չափ է սահմանվել 547 200 դրամ գումարը` հիմք ընդունելով պայմանագրի կնքման պահին տարածքի հողամասի կադաստրային 60000 դրամ արժեքը` պայմանագրի գործողության ժամկետների` մարտի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Հիշեցնենք` 2017 թվականին Վարչական դատարանն Հյուսիսային պողոտայի թիվ 10 շենքի հարակից տարածքի ուսումնասիրության արդյունքում վճռում արձանագրել է, որ «առկա 80 քմ չափերով տարածքում մետաղական և փայտե կոնստրուկցիաների օգտագործմամբ կառուցապատված սրճարանային օբյեկտի գործունեությունը խոչընդոտում է հայցվորի սեփականության իրավունքի իրացմանը, մասնավորապես` նշված օբյեկտի առկայության պայմաններում էականորեն նեղանում են դեպի` հայվորին սեփականության իրավունքով պատկանող  «Cinnabon» սրճարան և Հյուսիսային պողոտա 10 շենքի հետնամաս տանող մուտքի ճանապարհները, ինչպես նաև առաջանում է լուսավորության խնդիր` վերջինս փակում է  «Cinnabon» սրճարանի լուսավորությունը»:

Այն բանից հետո, երբ «Cinnabon» սրճարանի կողմնակիցները փորձ են արել կանխել կոնստրուկցիաների տեղադրումը` դիմելով ոստիկանություն և Քննչական կոմիտե,  «Մուդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն էլ Երևանի քաղաքապետարանի հետ կնքած նոր պայմանագրի հիմքով ոստիկանությանը խնդրել են պահպանության տակ վերցնել տարածքը և թույլ չտալ խոչընդոտել կառուցապատմանը:

Այսօր առավոտվանից երկու կողմերն էլ ոստիկանության աշխատակիցներին են ներկայացնում իրենց փաստարկները` մի կողմից արդեն իսկ տարածքի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը, մյուս կողմից` քաղաքապետարանի հետ կնքած պայմանագիրը:

Մեր այցելության պահին տարածքում էր «Սիմփլ դիլ» ՍՊԸ-ի սեփականատեր Գևորգ Ադամյանը, ով փորձում էր մանրամասներ ու պարզաբանումներ մտցնել ստեղծված իրավիճակում: Վերջինս, մեր հարցին, թե ինչու է ինքը ներկայացնում «Մուդ» ՍՊԸ-ի շահերը և փորձում պարզաբանումներ տալ, ասաց, որ ինքն այլևս որևէ կապ չունի և ընկերոջ ընկերությունն է, ով այս պահին ոստիկանությունում է: Գևորգ Ադամյանը նաև տրամադրեց քաղաքապետարանի հետ կնքած «Մուդ» ՍՊԸ-ի պայմանագիրը:

Նշենք, որ համաձայն ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, «Մուդ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ բաժնետերը Ալվարդ Սահակյանն է, ով Գևորգ Ադամյանի մայրն է:

Մեր դիտարկմանը, թե ինչու է ինքը փորձում թաքցնել իր կապը պայմանագիրը կնքած ընկերության հետ, վերջինս նշեց, որ ինքն իսկապես որևէ կապ չունի մոր ընկերության հետ, պարզապես այստեղ է, որովհետև ընկերը` «Մուդ» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Մեսրոպյանը տեղում չէ:

Նշենք, որ նախապատրաստվող կոնստրուկցիաները France սրճարանի գրությամբ նույն տաղավարն է լինելու, որոնց հովանոց-բրեզենտե ծածկոցները արդեն տարածքում  են գտնվում: 

Տարածք ժամանած` «Cinabon»-ի շահերը ներկայացնող փաստաբան Էդգար Բադեմյանն ասում է, որ քաղաքապետարանի պաշտոնյան ակնհայտ հանցագործություն է կատարել` անտեսելով և նոր թույլտվություն տալով այն տարածքի համար, որի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած և ԴԱՀԿ-ով կատարված վճիռ է կայացված, որտեղ արդեն իսկ արձանագրվել է իրավունքի խախտումը և պարտավորեցվել վերացնել այն: 

«Պետական պաշտոնյան, քաջատեղյակ լինելով, որ համապատասխան գործողությունն իրավունքի խախտում է առաջացնում,  դարձյալ տալիս է թույյլտվություն, իսկ ոստիկանության ծառայությունը, տեսնելով, որ դա իրավունքի խախտում առաջացնող գործողություն է, գալիս է և պահպանության տակ է առնում այդ անձանց, կոպիտ ասած` պահպանում են հանցագործին, որ խախտեն այլ անձանց իրավունքները»,- նշում է փաստաբանը:

Վաղը այս հարցով փաստաբանը դիմելու է նաև գլխավոր դատախազություն: Այս պահին կառուցապատող բանվորները դադարեցրել են աշխատանքը, իսկ «Cinabon»-ի ներկայացուցիչները սպասում են ոստիկանության աշխատակիցներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter