HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ալումյան. «Միայն արդար ու անկախ դատարանի շնորհիվ հնարավոր կլինի հասնել ռեալ փոփոխությունների»

Փաստաբան Հայկ Ալումյանը հայաստանյան ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ գործերով կարողացել է հասնել իր պաշտպանյալների խախտված իրավունքների վերականգնմանը: Դատական համակարգը համարում է այն լոկոմոտիվը, որը կարող է դուրս բերել պետությունը իրավական ճգնաժամից: Ավելին՝ համոզված է, որ միայն արդար ու անկախ դատարանի շնորհիվ հնարավոր կլինի հասնել ռեալ փոփոխությունների:

«Եթե մենք նայում ենք մեր օրենքները, ապա դրանք այսօր էլ հրաշալի հնարավորություններ են տալիս դատական իշխանության անկախությունն ապահովելու համար: Բայց ունենք նաև այնպիսի դատավորներ, որ եթե լուրջ շահերի բախում կա, հենց իրենք կվերցնեն գործն ու կվազեն Վճռաբեկ դատարան», - ասում է Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ այդ գործելաոճը թե՛ որոշ դատավորների էությունն է, թե՛ դատական համակարգի ներքին դրվածքն է այդպիսին:

Այդ դրվածքի վառ դրսևորումն, ըստ փաստաբան Ալումյանի, դատավոր Սամվել Մնացականյանի ազատման պատմությունն էր. «Երբ դատավորին ասել էին՝ գրավ պետք է չկիրառես, կիրառել էր, և բոլոր մյուս դատավորներին զխրատ ազատեցին: Այսինքն՝ ինչ մեսիջ ուղարկեցին մյուս դատավորներին՝ մենք ինչպես ասենք, էդպես էլ պիտի անեք... Ֆորմալ ասացին՝ լավ չես հիմնավորել գրավի կիրառման անհրաժեշտությունը: Բայց այն, որ համատարած կալանավորման որոշումները չեն հիմնավորվում, ՄԻԵԴ-ն էլ հաստատում է այդ խախտումները, որևէ դատավոր մինչ օրս չի պատժվել»:

Փաստաբան Հայկ Ալումյանը միևնույն ժամանակ նկատում է, որ դատական համակարգում այսօր կան նաև շատ լավ դատավորներ: Ասում է՝ հնարավոր չէր անգամ պատկերացնել, որ նման դրվածքի պայմաններում նրանք կկարողանան այդպես որակյալ աշխատել: Բայց խնդիրը, ըստ Հայկ Ալումյանի այն է, որ այսօր ամենաորակով դատական ակտը կարող է գնալ- հասնել Վճռաբեկ դատարան, «և իմացե՛ք, եթե մի զանգ եղավ իշխանական կենտրոններից, միանգամից կբեկանվի»:

Փաստաբանը կարծում է, որ այսօրվա դրությամբ Վճռաբեկ դատարանի նախագահը շատ քիչ բան է որոշում: Փոխարենը ավելի որոշիչ դեր ունեն քրեական, քաղաքացացիական և տնտեսական պալատների նախագահները: Հայկ Ալումյանն՝ իր շատ գործընկերների պես, այն կարծիքին է, որ ամեն ինչ կարելի է շտկել՝ փոփոխությունները սկսելով Վճռաբեկ դատարանից, «որտեղ դատավորների գերակշռող մեծամասնությունը պետք է փոխվի»:

Փաստաբան Ալումյանը նկատում է, որ ցանկացած իշխանության համար ձեռնտու է ունենալ մի դատական համակարգ, որը հլու- հնազանդ կենթարկվի իրեն: Նրա կարծիքով, իհարկե, գայթակղությունը լինելու է նաև նոր իշխանության մոտ. «Եթե այսօր բարիկադների այս կողմում գտնվողներն ասում են դատավորներին պետք է փոխել, համակարգը պետք է փոխել, վաղը հայտնվելով իշխանության բուրգի գագաթին՝ կարող է գայթակղություն ունենան նույն դատական համակարգը իրենց ենթակելու: Ընդ որում, դատական համակարգի հանգուցային տեղերում մարդիկ են, ում համար ենթարկվելը կենսակերպ է. սովոր են մի քիչ անորոշ իրավիճակում փնտրել մեկին, ում կենթարկվեն: Նրանք այլ կերպ չեն էլ պատկերացնում իրենց մասնագիտական գործունեությունը»: Ուստի, ըստ փաստաբանի, պետք է զգոն լինել:

Հայկ Ալումյանն ասում է՝ տպավորություն է, որ բոլորը ուզում են սկսել նոր էջից: Բայց նա վախենում է, որ չստացվի այն հայտնի հեքիաթի պատմությունը, երբ հերոսը սպանում է դևին, բայց ինքն է վերածվում դևի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter