HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Սահակյանը հրաժարական է տվել

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում.

«Հարգելի հայրենակիցներ՝ գործընկերներ, թիմակիցներ ու ընկերներ. ես որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից:

Շուրջ յոթնամյա գործունեությունս ամփոփում եմ վստահությամբ ու հանգիստ խղճով, քանի որ իմ կենսագրության մեջ ավելացող այս մի տողը ևս կվկայի, որ աշխատել ու գործել եմ ուժերիս ներածին չափով և կարողացել եմ ինձ վստահված այս մի ոլորտում ևս հաջողություններ արձանագրել: Գործել եմ բաց, հրապարակային, նվիրումով ու հավատով, որ յուրաքանչյուրիս բարեխիղճ աշխատանքով է կառուցվում երկրի այս ու վաղվա օրը: Գործել եմ առանց բարձրագոչ հայտարարությունների ու աղմուկի, պատասխանատվությամբ ու սիրով:

Շնորհակալ եմ ՊԳԿՎ աշխատակազմին, իմ գործընկերներին ու թիմակիցներին՝ մեր արդյունավետ համագործակցության համար. միասին կարողացել ենք շատ խնդիրներ լուծել ու աշխատող ծրագրերով առաջ գնալ: Այդ ամենի մասին պարբերաբար հրապարակային խոսել եմ, սակայն այսօր միայն մեկը հիշատակեմ. նպատակ դրեցի և կարողացա գործընկերներիս հետ հիմնովին ու համակարգված լուծել հանրակացարաններում ապրող մեր հազարավոր հայրենակիցների սեփականության խնդիրը:

Հեռանալով պետական ծառայությունից՝ չեմ հեռանում քաղաքականությունից, հատկապես, որ մոտ մեկ տարի առաջ իմ թիմակիցների ու համակիրների հետ համոզիչ հաղթանակ արձանագրեցինք խորհրդարանական ընտրություններում: Այսօր առավել ևս իմ ընտրողներին հուսախաբ անելու իրավունք չունեմ և կշարունակեմ լինել իրենց կողքին: Միասին կշարունակենք մեր ճանապարհը՝ հանուն մեր պետության ու հասարակության առաջընթացի:

Ինձ համար կարևոր է նաև լրատվամիջոցների հետ անցած ու անցնելիք ուղին. մեր առողջ համագործակցությունը պրոֆեսիոնալների հետ հնարավորություն է տվել հանրությանը հասցնել կատարված աշխատանքը, քննադատությամբ շտկել բացթողումները:

Եվս մեկ անգամ ասեմ՝ շնորհակալ եմ ձեր վստահության, համագործակցության և աջակցության համար»:

Նշենք, որ Արման Սահակյանը պետական գույքի կառավարման վարչությունը ղեկավարում էր 2011թ. հունիսից: Մինչ այդ նա եղել էր Երևանի քաղաքապետի տեղակալ (2004-2006թթ.), Ազգային ժողովի պատգամավոր (2007-2011): Արման Սահակյանը Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, խորհրդարանի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter