Կիրակի, 23 սեպտեմբերի

Դատախազությունը ծառահատման մասին «Հետք»-ի հրապարակումն ուղարկել է ոստիկանություն



Գլխավոր դատախազությունը «Հետք»-ի՝ մայիսի 7-ին հրապարակած «Դիլիջան ազգային պարկ»-ում ծառահատման մասին հրապարակումը ուղարկել է ոստիկանության Դիլիջանի բաժին՝ նյութեր նախապատրաստելու համար։

Այս մասին «Հետք»-ին հայտնեց գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ հրապարակումը ոստիկանության բաժին է ուղարկվել նույն օրը։

Ընթերցողներին հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Դիլիջանի ազգային պարկ»-ում՝ Հաղարծնի վանք տանող ճանապարհին, ծառեր էին հատվել։ Ինչպես մեզ հայտնել էր «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը՝ ծառահատումները նկատել և նկարահանել են մայիսի 5-ին, երբ ծառերը դեռ նոր էին հատված։ Որոշ ծառերի բների վրա ծառագողերը անվադող էին այրել, դրանք սևացրել՝ փորձելով թաքցնել ծառահատումները։

Ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանի փոխանցմամբ՝ հատվել էր 5 ծառ, որից չորսը ծառագողերը կարողացել են տեղափոխել։ Պարկի տնօրինությունը այդպես էլ չէր կարողացել հայտնաբերել ծառագողերին և արձանագրությունում նշել էր, որ ծառահատումները անհայտ անձիք են կատարել։

Նշենք, որ «Դիլիջան ազգային պարկ»-ի տվյալ տարածքի պահպանությունն այս պահին ըստ կարգի չի կատարվում։ Մոտ մեկ ամիս առաջ պահաբաժնի անտառապահին ձերբակալել են և ազգային պարկը այլ աշխատակից չի կարողանում գտնել։ Տնօրենի հավաստմամբ՝ մարդիկ վախենում են այդ աշխատանքին անցնել։

Այս տարածքի ժամանակավոր պահպանությունը, մինչ անտառապահ գտնելը, կատարվելու է համագործակցությամբ։ «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամները անտառապետի հետ պայմանավորվել են, որ մոտ ժամանակներս ցերեկային ժամերին նախաձեռնության անդամները մոտոցիկլետներով հսկեն այդ տարածքը, իսկ գիշերային հսկումը կիրականացնեն պարկի աշխատակիցները։

Լուսանկարը տրամադրել է Գոռ Հովհաննիսյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ