Կիրակի, 23 սեպտեմբերի

Անօթեւաններն ու թափառաշրջիկները կապաստանեն կացարանում



Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծին: Մեր տեղեկություններով, կառավարությունն արդեն երկու տարի ֆինանսական խնդիրները պատճառ բերելով մերժում էր նախագիծը շրջանառության մեջ դնել: «Միակ առարկությունը անօթեւանների հետ էր կապված, որը հաղթահարվեց»,- մեզ հետ ունեցած զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Եսայանը: «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության ակցիան' լուսանկարների ցուցահանդես, տեսաֆիլմի ցուցադրություն, հրապարակումների շարք մամուլում, որոնց միջոցով հանրությանը ներկայացվեց անօթեւանների ու թափառաշրջիկների խնդիրը, Կառավարությանը հարկադրեց վերանայել իր կարծր դիրքորոշումը եւ օրինագիծն ընդունելով լուծում տալ չարչրկված խնդրին: Օրենքը կկիրառվի 2006թ.-ից, սակայն պրն. Եսայանի ասելով, եթե հիմա կարողանան կազմակերպություններից գումար հայթայթել' անպայման կիրագործեն անօթեւաններին կացարանով ապահովելու ծրագիրը: Սոցապ նախարարին արդեն աջակցության խոստումներ են տվել:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքը սահմանում է սոցիալապես անապահով խավին օժանդակելու ու կացարաններով ապահովելու տեսակները' տուն-ինտերնատներ, մանկատներ, տնային սպասարկում, շուրջօրյա խնամք, սոցիալ-վերականգնողական կենտրոն, ժամանակավոր կացարաններ: Թվարկվածները մեր երկրում գոյություն ունեցող կառույցներն են, որոնցով լուծված էր տարեցների, միայնակների, թափառաշրջիկ երեխաների, որբերի ու լքվածների խնդիրը, սակայն անօթեւաններն ու թափառաշրջիկները շարունակում են դուրս մնալ մարդկային գթասրտությունից: 2003թ.-ին ընդունված նոր քրեական օրենսգրքով թափառաշրջիկությունն ու մուրացկանությունը ապաքրեականացվեց եւ նրանք համարվեցին սոցիալական զոհեր, սակայն նկատի չառնվեցին անգամ Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրում: «Մի կողմից լավ է, որ հասարակության ուշադրությունը 90-ականների վերջից բեւեռվեց մուրացկան ու թափառաշրջիկ երեխաներին, բայց երեւույթի դեմ միասնական ճակատով պետք է պայքարել: Երեխաների խնդիրը եթե քիչ թե շատ լուծված է, մյուսների խնդիրը լուծված չի, մեծերը վատ անդրադարձ են ունենում երեխաների վրա: Երեխան գայթակղվում է տեսնելով, թե մուրացկանն ինչ գումարներ է վաստակում: Հատկապես, երբ մենք ասում ենք, որ մուրացկանությունը նաեւ որոշակի կառուցվածք ունի' մեծ փողերը հենց այնպես չեն գնում, կան մարդիկ, որոնց նրանք վճարում են: Այսինքն, այս զգայական ժողովրդից նրանք զգացմունք են գողանում, մինչդեռ կարելի է այդ բարեգործությունը հասցեական անել, որովհետեւ շատ շատերը պատվախնդիր են եւ ձեռք չեն մեկնում»,- նշեց պրն. Եսայանը:

Ժամանակավոր կացարանը նախատեսվելու է թափառաշրջիկ, բռնության ենթարկված մարդկանց համար, որոնք գնալու տեղ չունեն եւ այդտեղ կարող են մնալ մինչեւ 60 օր: Կացարանի այս տեսակը վերջին երկու տարիներին կիրառեցին մի քանի ՀԿ-ներ' բռնության ենթարկված անձանց շահերը պաշտպանող ժամանակավոր ծրագրերով: Աշոտ Եսայանը ճիշտ է համարում, որ կենտրոնը անպայման Երեւանում լինի, նկատի ունենալով, որ հանրապետության կեսը Երեւանում է բնակվում: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկու փուլով: «Թափառաշրջիկներին պետք է հավաքել, բժշկական ստուգում կատարել, պարզել անձերը, այնուհետեւ հեռահար ծրագիր իրականացնելու համար վարչական տույժ պետք է կիրառել նրանց նկատմամբ, որը կսահմանվի օրենսդրությամբ»,- հայտնեց պրն. Եսայանը: Փոխնախարարի ասելով եվրոպական կոնվենցիան թույլատրում է անօթեւանների նկատմամբ վարչական արտաքսում կիրառել, իսկ վերականգնողական պրոցեսն անցնելուց հետո, եթե պատրաստ են հրաժարվելու այդ կյանքից' կվերականգնեն գրանցումը:

Հաստատությունը ձեւավորելուց հետո հետազոտության միջոցով կպարզեն, թե ինչպես հայտնվեցին փողոցում: «Գերխնդիրը պետք է լինի նրանց ընտանիք վերադարձնելը, զբաղմունք գտնելը, որ ապահովվեն նյութապես»,- հայտնեց փոխնախարարը: Պրն. Եսայանը համոզված է, որ դրանց 10-12%-ն է կարիքից դրդված հայտնվել փողոցում, մնացածը սովորույթի ուժով են: Նրանց համար մուրացկանությունը մասնագիտություն է, նույնիսկ պրոֆեսիոնալ դերասանի դիմագիծ են ընդունում: «Նրանց 60-70%-ը հարբեցողներ են, որն իրենից կախվածություն է ենթադրում, ուրեմն, անհրաժեշտության դեպքում պետք է հարկադիր բուժման ենթարկել»,- նշեց փոխնախարարը: Վերջինիս կարծիքով, թափառաշրջիկներ կան, որոնք ամեն ինչ էլ ունեն, բայց փողոցում են հայտնվել, ուստի նրանց պետք է հասարակության համար դարձնել անվտանգ եւ պատսպարվելու տեղ տալ:

Երկրորդ փուլում նախատեսվում է նրանց բնակեցնել գյուղում, տուն, հող, անասուն տրամադրել: Գյուղում պետք է ոստիկան լինի, հոգեբան, բժիշկ, բուժքույր: Իրավաբանը անհրաժեշտություն է, որովհետեւ նրանք, անշուշտ, սեփականություն ունեցել են, որից զրկվել են խաբեությամբ կամ այլ խնդիրների պատճառով, որը գուցե հնարավոր լինի վերականգնել: Այդ մարդիկ այնքան ճնշված են ու օտարված հասարակությունից, որ նույնիսկ շատ հավանական է կենսաթոշակի ու նպաստի իրավունք ունեն ու չեն դիմում: Հոգեբանի ներկայությունը պարտադիր է, որովհետեւ հիմնականում հոգեբանական բախումները չեն կարողացել հաղթահարել եւ այդ վիճակում են հայտնվել: Նրանք պետք է ժամանակավոր աշխատանքային վերականգնողական պրոցես անցնեն: «Համոզված եմ, որ ժամանակավոր դժբախտությունը նրանց միջից հանելով Հայաստանի լիիրավ քաղաքացի կդառնան: Սոցիալական աշխատողը պետք է համագործակցի ոստիկանության հետ, որովհետեւ դա չպետք է դառնա այն վայրը, որտեղ մարդը կարողանա թաքնվել»,-ասաց փոխնախարարը:

Նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը հավելեց, որ «Սոցիալական աջակցության մասին» օրենքը Հայաստանում ծնված եւ իրականությունից ելնող օրենք է: Օրենքն ընդունելով, մենք միայն իրավական բացն ենք լրացնում, որը Սահմանադրության պահանջն է: Մարդիկ պետք է իմանան, որ օրենքով իրենց տրված է այս կամ այն իրավունքը: Սոցիալական աջակցության մասին օրենքը սահմանում է սոցիալական աջակցության տրամադրման սկզբունքերը. մասնակիցներին տրվող լիազորությունները, իրավասությունները, նաեւ պարտականությունները' սկսած կառավարություն, սոցապնախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, տարածքային կառավարման մարմին, սոցիալական ծառայություններ տրամադրող մարմիններ, նաեւ ոչ պետական կազմակերպություններ, մասնավորապես' ՀԿ-ներ: Օրենքը սահմանում է նաեւ սոցիալական աշխատողի իրավունքներն ու պարտականությունները, նրանից պահանջվող կրթական ցենզը, քանի որ մարդկային ճակատագրի հետ գործ ունեցող մասնագետ է:

Լուսանկարը' Օնիկ Գրիգորյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Անօթևաններ» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ