Հինգշաբթի, 16 օգոստոսի

«Էջմիածին ՋՕԸ»-ում աշխատավարձերն ամբողջությամբ հաշվարկված չեն, և պարտքը կազմում է 100 մլն դրամ




Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր առավոտից «Էջմիածին ՋՕԸ»-ի մոտ 50 աշխատակիցներ հավաքվել էին Էջմիածնի տեղամասում և պահանջում էին վճարել իրենց աշխատավարձերը: Ընկերության աշխատակիցները պնդում էին, որ ամիսներով, ոմանք՝ նույնիսկ 2 տարի, աշխատավարձ չեն ստացել: Ղեկավարներն ամեն անգամ խաբել են, թե կվճարեն կուտակած պարտքերը, սակայն տարվա ընթացքում 2-3 անգամ 30-50 հազար դրամ վճարելով` այդպես էլ չեն կատարել խոստումը:

«Էջմիածին ՋՕԸ»-ի տնօրենի խորհրդական Արմեն Մկրտչյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ միայն այս ընկերությունը աշխատավարձերի 100 մլն դրամ պարտք ունի: Նշենք, որ Արմեն Մկրտչյանը «Գազպրոմի» Էջմիածնի գրասենյակի պետն է:

«Հետք»-ը գրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արմավիրի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Սաշա Մկրտչյանի որդու և եղբորորդու ընկերությունը՝ «Արմեն և Դավիթ Մկրտչյաններ» ՍՊԸ-ն, 2015թ. հրատապ ծրագրով իրականացրել է մարզի Նորապատ և Լեռնագոգ համայնքների գազիֆիկացման աշխատանքները: Պայմանագրով Լեռնագոգ համայնքի գազիֆիկացման աշխատանքներն արժեցել են 8 մլն 300 հազար դրամ, իսկ Նորապատինը՝ 5 մլն դրամ: Ընկերությունը հիմնադրվել է 2012թ.: Այն 50/50 բաժնեմասով պատկանում է Սաշա Մկրտչյանի որդուն՝ 28-ամյա Դավիթ Մկրտչյանին և եղբորորդուն՝ Արմեն Մկրտչյանին:

Նշված ընկերությունը 2013թ. էլ իրականացրել է մարզի Փարաքար, Ջանֆիդա, Բերքաշատ համայնքների և Դողս համայնքի դպրոցի գազիֆիկացման աշխատանքները, որի համար պետբյուջեից հատկացվել է մոտ 50 մլն դրամ:

«Էջմիածին ՋՕԸ»-ի աշխատակիցները, ովքեր ջրբաշխներ էին, բանվորներ, տրակտորի վարորդներ, տեղամասի պետեր, նշում էին, որ իրենց պարտքերն ամբողջությամբ արտացոլված չեն հաշվապահական փաստաթղթերում: Մարդիկ էլ կային, որոնց անունները աշխատավարձի պարտատերերի ցանկում ընդհանրապես չկային, մինչդեռ պնդում էին, թե ամիսներով աշխատավարձ չեն ստացել:

Հակոբ Սարգսյանը տրակտորով ոռոգման ջուրը տեղ հասցնելու նպատակով առու է փորել Էջմիածնի մի շարք գյուղերում: Ասում է, որ 2016թ.-ից իրեն աշխատավարձի գումար են պարտք՝ 1 մլն 200 հազար դրամ: «Էջմիածին ՋՕԸ»-ի հաշվապահը տեղում նայել և ասել է, թե աշխատավարձի չափը 40,000 դրամ է, սակայն 30 րոպե անց, մի քանի տեղամաս զանգելուց հետո պարզվել է, որ պարտքը ոչ թե 40,000 դրամ է, այլ՝ 400,000: Թե ինչպես են թաքցրել աշխատավարձի մնացած մասը, անհայտ է:

«Մինչև իրիկուն, որ կանգնեմ գրասենյակի դիմաց, երևի կգա ինձ պարտք աշխատավարձի չափը կկանգնի ու կասեն, որ 400,000 դրամ չի, այլ 1 մլն 200 դրամ»,- ասում է Հակոբ Սարգսյանը:

Գագիկ Խաչատրյանը նույնպես անցյալ տարի տրակտորով առուներն է մաքրել Հայթաղ և Արշալույս գյուղերում: ՋՕԸ-ն նրան պարտք է մոտ 900 հազար դրամ, սակայն հաշվապահի մոտ դարձյալ աշխատավարձի պարտքը քիչ է երևում՝ 200 հազար դրամ:  Ասում է, որ մեկ տարվա ընթացքում ընդամենը 2 անգամ է աշխատավարձ ստացել՝ 250 հազար և 300 հազար դրամ, սակայն 900 հազար դրամ ընկերությունն իրեն դեռ պարտք է:

«Մեր արած գործը գծամետրով է, մենք մեր արածը թղթով գրել, ստորագրել, հանձնել ենք գրասենյակ: Իրենք էլ եկել, չափել են, համոզվել են, որ ճիշտ ենք ասում, դրա դիմաց էլ պիտի աշխատավարձ տային, բայց կիսատ-պռատ տվեցին, կեսն էլ, պարզվում է` չեն գրանցել»,- ասում է Գագիկը:

Վազիր Միրզոյանն էլ պատմեց, որ անցյալ տարի մի կերպ է կարողացել աշխատավարձը ստանալ, բայց այս տարի դարձյալ ընկերությունն իրենց խաբում է: Վազիրը բանվոր է: Ձեռքով առու է փորում, մաքրում, սվաղում ջրատարների ճեղքերը, որպեսզի ջրի կորուստներ չլինեն:

«Մեզ նորից խաբում են, ասում էին` ամեն 15 օրը մեկ աշխատավարձը կտանք: Ապրիլի մեջ 15 օր աշխատել ենք, պիտի վճարեին, բայց մինչև այսօր չեն վճարել: Հիմա իրենց մոտ նայում եմ աշխատավարձի պարտքի ցուցակում նույնիսկ անունս չկա, որ ինձ պարտք են: 15 օրվա համար ինձ պիտի մոտ 75,000 դրամ վճարեին»,- նշում է Վազիր Միրզոյանը:

Նշենք, որ 2017թ. Հայաստանում գործող 37 ջրօգտագործող ընկերությունները խոշորացվել են, և ներկայումս գործում է 15-ը: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը դեռևս անցյալ տարվա ապրիլին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել էր, որ խոշորացման արդյունքում ունեցել են կրկնվող հաստիքների կրճատում, ինչի հետևանքով պետության բեռը տարեկան նվազել է 450-480 մլն դրամով: Թեև հաստիքները կրճատվել են, պետությունը գումար է խնայել, սակայն այդպես էլ աշխատավարձերը չեն վճարել:

Ընկերության աշխատակիցները նաև դժգոհեցին, որ ՋՕԸ-ն աշխատանքի է ընդունում և ազատում առանց իրենց իմացության: Օրինակ` Գրիգոր Գրիգորյանին վերջերս աշխատանքի են ընդունել 3 օրով: Նա գյուղացիներից ոռոգման ջրի դիմաց հավաքագրած գումարը հանձնել է ընկերությանը և դրանից հետո իրեն ազատել են աշխատանքից: Գրիգոր Գրիգորյանն ասաց, որ 20 տարի այս համակարգում է աշխատել: Ձմռան ամիսներին իրենց աշխատանքից ազատել են, մինչդեռ այդ ամիսներին գումար են հավաքագրել, բայց 3 օրով աշխատանքի ընդունելը համարում է ապօրինություն:

Բողոքող քաղաքացիները նշում էին, որ ՋՕԸ-ն իրենց չի տրամադրում կնքած պայմանագրերի օրինակները, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան իրենց իրավունքները պաշտպանել: Ոմանք մի կերպ են կարողացել օրինակ վերցնել:

Արման Սարգսյանը աշխատել է նախկին «Խոյ» ՋՕԸ-ում, որպես շահագործման բաժնի պետ: Աշխատանքից իր դիմումի համաձայն դուրս է եկել 2017թ. հունիսի վերջին: Ասում է, որ իր աշխատանքը չի գնահատվել, ինքն էլ ստիպված դիմում է գրել:

«2004 թվից մինչև 2016թ. հոկտեմբեր ամիսը ամենալավ գումար հավաքողն ու ջուր տվողն է եղել «Խոյ» ՋՕԸ-ն: Իսկ այսօր ամենավատ ջուր տվողն է, ամենավատ փող հավաքողն ու աշխատավարձ տվողն է: Ինչի՞ց եղավ: Խի Հայաստանում այդպիսի օրենք կա՞, որ 7 ամիս, 9 ամիս, 2 տարի աշխատացնեն, փողը չտան: Երբ եկել են փող են ուզել, ասել են՝ տղավարի կտանք: Տղավարի 2016թ.-ից մինչև հիմա տալիս են ու չեն տվել»,- ասում է Արման Սարգսյանը:

Նրա խոսքով` նախկինում առուները տարին 2-3 անգամ են մաքրել, աշխատել է 7 տրակտոր: Իսկ այս տարի առուների կեսը մաքրված չէ, խոտերը փակել են առուների հունը, և ջրերը լցվում են մարդկանց հողամասերը:

Ավետիս Պետրոսյանը Գեղակերտ համայնքի տեղամասի պետ է աշխատել: Նրան էլ են աշխատավարձ պարտք՝ 400 հազար դրամի չափով: Նա դժգոհեց, որ Կարեն Կարապետյանի թիմն ամբողջովին տակնուվրա է արել ջրօգտագործողների ընկերությունները:

«Բերեց իրենց գազավիկներին, գործից անտեղյակ, կիսագրագետ մարդկանց, հին կադրերի համար էլ այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ դուրս եկան, գնացին: Ինձ էլ աշխատանքից ազատել են նրա համար, որ Հանրապետական կուսակցությանը չեմ ընտրել»,-ասում է Ավետիս Պետրոսյանը:

Նա պատմեց, որ տեսնելով` գյուղում չեն կարողանում ոռոգման հարցը կարգավորել, իրեն այլ մարդու անունով են աշխատանքի ընդունել: Կարեն Պետրոսյանի անունն է գրանցված եղել որպես աշխատող, բայց Ավետիսն է աշխատել: Պատմում է, որ ուրիշի անունով է աշխատել Արմավիրի մարզպետարանի ցուցումով: Մարզպետարանն արգելել է իր հետ պայմանագիր կնքել և աշխատանքը շարունակել, քանի որ իրենց «մարդը չի եղել»: Ավետիսը նշեց, որ գրանցված այլ մարդկանց անուններով շատերն են աշխատել:

Ապա հավելեց, որ մինչև 2016թ. վերջը իրենք աշխատավարձի պարտք չեն ունեցել, երբ Կարեն Կարապետյանի թիմը եկել է, աշխատավարձերի պարտքերը կուտակվել են:

Ընկերության աշխատակիցները որոշել էին փակել Էջմիաածին-Երևան ավտոճանապարհը: «Էջմիածին ՋՕԸ»-ի տնօրեն Վլադիկ Հովսեփյանը խոստացավ երեքշաբթի ամբողջությամբ փոխանցել այն մարդկանց աշխատավարձերի պարտքերը, ովքեր այլևս ընկերությունում չեն աշխատում: Իսկ աշխատակիցների հետ պայմանավորվածություն ձեռք կբերվի, որպեսզի հավաքագրված գումարների 50%-ն ուղղեն կուտակած աշխատավարձերի պարտքերի վճարմանը: Այդ նպատակով Վլադիկ Հովսեփյանը նույնիսկ Երևան գնաց, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերի պետության կողմից տրամադրվող դոտացիան ժամանակից շուտ փոխանցելու մասին:

Իսկ այդ ընթացքում Արմեն Մկրտչյանը տնօրենի աշխատասենյակում ցուցակագրում էր այն աշխատակիցներին, ովքեր պարտքեր ունեն: Երբ վերջիններս ասում էին, որ այս ապօրինության վերջը պետք է տրվի և հույս էին կապում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Արմեն Մկրտչյանը ծիծաղով էր արձագանքում, թե՝ «6 ամիս սպասեք, կտեսնեք, թե ոնց է աշխատում Նիկոլ Փաշինյանը»: Ընդ որում, նա ցանկանում էր «անկեղծ խոսել» միայն առանց լրագրողի ներկայության, ինչին դեմ էին աշխատակիցները:

Աշխատակիցները պայմանավորվեցին երեքշաբթի նորից հավաքվել, և եթե պաշտոնյաներն իրենց խոստումը չկատարեն, կդիմեն կտրուկ քայլերի: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ