HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Բնապահպանները «Դիլիջան ազգային պարկ»-ում հարյուրավոր հատված ծառեր են տեսել

Մայիսի 7-8-ը «Դիլիջան ազգային պարկ»-ում հարյուրավոր ծառեր են հատվել: Պարկում հսկողություն կատարող «Բնապահպան տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը հայտնեց, որ մայիսի 7-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անհայտ օգտատիրոջից հաղորդագրություն են ստացել, որ մինչ նախաձեռնության անդամները պահպանություն են կատարում Ազգային պարկի այլ հատվածում, պարկի տնօրինությունը Պարզ լճի հարակից` «Փիշիկ» կոչվող տարածքում «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով թալան է կատարում:

Օգտատերը, թալան ասելով, նկատի է ունեցել, որ այդ ավտոմեքենայով պարկից թարմ հատված ծառեր են դուրս բերվում: Ընթերցողներին հիշեցնենք, որ մայիսի 5-ին նախաձեռնության անդամները Թեղուտ գյուղի վերին պահաբաժնի պահպանության հարցում անտառապետի հետ պայմանավորվել էին, որ մոտ ժամանակներս, ցերեկային ժամերին նախաձեռնության անդամները մոտոցիկլետներով հսկեն այդ տարածքը, իսկ գիշերային հսկումը կիրականացնեն պարկի աշխատակիցները, մինչ այս պահաբաժինը մշտական աշխատակից կունենա:

Գոռն ասում է՝ նման հաղորդագրություններ հաճախ են ստացել, բայց քանի որ այն պարունակում էր կոնկրետ վայրերի մասին տեղեկություն, որոշեցին իրենց ընկերներին օգնության կանչել՝ ազգային պարկում ստուգայց կատարելու և ծառահատման փաստերը հայտնաբերելու համար: Ձևավորված խումբը բաժանվել է հինգ մասի, որոնցից մեկը գնացել է «Փիշիկ» կոչված հատված, մյուս խումբը՝ Թեղուտ գյուղի վերին տեղամաս, մնացածները` այլ տեղամասեր:

«Փիշիկ» կոչվող տեղամաս մեկնած քաղաքացիները պարզել են, որ այդ հատվածում շինմեքենա է աշխատած եղել, արմատախիլ արել և հատել հաստաբուն ծառեր: Հատված ծառերի բներին հող և յուղ է լցված եղել՝ թարմ հատման փաստը կոծկելու համար, սակայն որոշ ծառերի կողքին չոր թեփ է թափված եղել: Գոռի ասելով` բնապահպանների՝ պարկում գտնվելու ժամանակ Թեղուտ գյուղի պահաբաժնում թարմ կտրած, կանաչատերև ծառեր են եղել:

Ազգային պարկի մի հատվածում էլ չոր ճյուղերով քողարկվել են հատված ծառերը, սակայն դրանց կողքին նաև եղել են արդեն իսկ կտրած գերաններ, որոնք չեն հասցրել տանել կամ սպասել են հետագայում տեղափոխելու համար: Բնապահպանի խոսքով՝ ծառահատում իրականացրածները ծառը շուռ են տվել, իսկ ծառի արմատը, որը մնացել է հողի մեջ, ծածկված է եղել ծառի չոր ճյուղերով: Վեց տարբեր տեղամասերում ստուգայց կատարողները ծառահատումներ անողների են հանդիպել:

Մի տեղամասում իրենց ստուգայցի ժամանակ երկու «Վիլիս» են տեսել: Սակայն, երբ մոտեցել են մեքենաներին, դրանք արագ հեռացել են: Մեքենաների վրա համարանիշ չի եղել: Գոռն ասում է, որ «Դիլիջան ազգային պարկ»-ի տնօրեն Արմեն Աբրահամյանի հետ չեն խոսել և չեն էլ ցանկանում, քանի որ գիտեն` ինչ պետք է ասի:

Մենք փորձեցինք կապ հաստատել Արմեն Աբրահամյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր: Նրա պարզաբանումն այս ծառահատումների վերաբերյալ կներկայացնենք վաղը:

Հավելենք, որ գլխավոր դատախազությունը «Հետք»-ի՝ մայիսի 7-ին հրապարակած «Դիլիջան ազգային պարկ»-ում ծառահատման մասին մեկ այլ հրապարակում ուղարկել է ոստիկանության Դիլիջանի բաժին՝ նյութեր նախապատրաստելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter