HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Թե ինչու բնակարանի զննումը կատարվեց դատախազության կոլեգիայի նիստից հետո

Հունվարի 17-ին ամերիկահայ բարերաներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյաններն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության որոշման դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով (Տես նաեւ' Նաջարյանների գործը փորձաքար է սփյուռքահայ ներդնողների համար): Սա արդեն երկրորդ նիստն է, որ անհայտ պատճառներով հետաձգվում է: Չնայած նախագահող դատավոր Ա. Պողոսյանը հայտնեց, որ դատավոր Եվա Դարբինյանի հիվանդությունն է դատական նիստի հետաձգման պատճառը, սակայն մեր աղբյուրները հայտնեցին, որ Ե. Դարբինյանն այդ օրը գտնվում էր դատարանում:

2004թ. մայիսի 22-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայանքների դատարանի որոշմամբ առաջին անգամ Գրիգոր Իգիթյանի բնակարանում կատարվել է խուզարկություն: Դրանից երկու օր առաջ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ավագ քննիչ Ա. Նադիրյանը միջնորդել է դատարանին կայացնել որոշում խուզարկության մասին' «...հաշվի առնելով, որ նախաքննության տվյալներով բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Գրիգոր Իգիթյանի բնակարանում կան գործի համար նշանակություն ունեցող ...փաստաթղթեր, ինչպես նաեւ հաշվապահական հաշվառման վերաբերյալ տեղեկություններ... խոշոր չափերի դրամ, տարադրամ, թանկարժեք իրեր, ինչպես նաեւ գործի համար նշանակություն ունեցող այլ իրեր ու առարկաներ...»: Ավագ քննիչը, ըստ երեւույթին, դրանով փորձել է պարզել, թե ինչ կարողություն ունի Գ. Իգիթյանը, որ նման մեծ չափի գումարներ է ներդրել այդ շենքերի կառուցման համար: Ըստ Գրիգոր Իգիթյանի' «Ձորագյուղ» թաղամասի երկու շենքերի շինարարությունն իրականացնելու համար ծախսել է մոտ 400 հազար դոլար: Դատախազության քննիչները, բնականաբար, պետք է պարզեին, թե որտեղից նրան այդ փողերը: Եւ, ըստ երեւույթին, այդ նպատակով է որոշում կայացվել խուզարկություն կատարել Գ. Իգիթյանի բնակարանում: Քրեական գործի 7-րդ հատորում առկա խուզարկության արձանագրության մեջ նշված է հայտնաբերված 6 փաստաթղթերի մասին, որից հետո գրված է. «Խուզարկության ժամանակ այլ փաստաթղթեր, պայմանագրեր եւ գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ, ինչպես նաեւ' խոշոր չափերի դրամ, տարադրամ, թանկարժեք իրեր չհայտնաբերվեցին»: Վերջին բառերն ընդգծում ենք' ցույց տալու համար քննչական խմբի հետագա գործողությունների անհեթեթությունը եւ «գործ դասավորելու ձիրքը»:

Իսկ հիմա ներկայացնենք 2004թ. հոկտեմբերի 2-ին նույն ավագ քննիչ Ա. Նադիրյանի' Գրիգոր Իգիթյանի բնակարանում զննում կատարելու մասին որոշումը: Գ. Իգիթյանը իր վերջին ցուցմունքներում նշել էր, որ կինը ժամանակին մեծ ժառանգություն է ստացել ծնողներից: Քննիչ Ա. Նադիրյանը այս անգամ Իգիթյանի բնակարան այցելելիս անհրաժեշտ է համարել «ներգրավել հնաոճ իրերի եւ գեղանկարների գնահատման բնագավառի գիտելիքների տիրապետող մասնագետի»: Քննիչը որոշել է սույն գործով մասնագետ նշանակել Գագիկ Աշուղաթոյանին: Վերջինս Հայաստանի նկարիչների միության անդամ է, աշխատել է «Հայէքսպերտիզա»-ում որպես հնաոճ իրերի բաժնի փորձագետ: Ներկայումս «Անտիկ» ՍՊԸ-ի տնօրենն է:

Մի քանի ամիս առաջ խուզարկություն կատարած բնակարանում, որտեղ թանկարժեք իրեր չէին հայտնաբերվել, այս անգամ զննությամբ հայտնաբերում են «գանձեր»: «...Հյուրասենյակի դռանը հարակից ձախ պատի վրա կախված է գեղանկար, որի չափերն են 80x38 սմ, եւ որի վրա առկա է թանգարանային շրջանակը «E Fassati» մետաղյա պիտակով մակագրութմաբ...Նկարի վրա պատկերված է տեսարան Վենետիկից եւ, ըստ մասնագետ Գ. Աշուղաթոյանի հայտարարության, նշված գեղանկարը կատարված է կտավի վրա յուղաներկով, այն 19-րդ դարի 2-րդ կեսի ժամանակաշրջանի նկարչի վրձնի աշխատանք է, լավ պահպանված է. վերականգնման հետքեր չկան, եւ նրա շուկայական արժեքը կազմում է 4-ից-5 հազար դոլար»: Զննությամբ քննիչները, մասնագետը եւ ընթերականները այս անգամ «հայտնաբերում» են մեծ թվով թանկարժեք իրեր' հնաոճ ժամացույց, մի շարք ոսկյա եւ արծաթյա հնաոճ իրեր, զարդեր, սպասք եւ այլն:

Զարմանալի է, թե ինչու քննիչ Նադիրյանը այդ թանկարժեք իրերը չէր հայտնաբերել հինգ ամիս առաջ կատարած բնակարանի խուզարկության ժամանակ: Այս հարցին, իհարկե, ամենից առաջ Նադիրյանը կարող է պատասխանել, նոր միայն' նրան հրահանգ տվողները:

Սակայն, ամենաէականն այն է, որ բնակարանի զննումը այս գործի վերջին քննչական գործողությունն է: Դրանից հետո քննիչը կայացրել է իր որոշումը' քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Իսկ ամենուշագրավն այն է, որ բնակարանի զննությունից երկու ժամ առաջ կայացել է ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստը, որտեղ ավագ քննիչ Ա. Նադիրյանը կոլեգիայի անդամներին ներկայացրել է Նաջարյանների գործը:

Դատախազության մեր աղբյուրներից մեկը, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք կարող նշել, հայտնեց, որ ՀՀ Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստի սկզբում հայտնել է, որ այս գործում շահարկվում է իր եղբոր անունը, հետեւաբար ինքը չի կարող «մասնակցել» այդ քննարկմանը եւ որոշման կայացմանը: Երբ ավագ քննիչ Ա. Նադիրյանը ներկայացրել է գործը, տրվել են մի քանի հարցեր: Բնականաբար, հարցերից մեկը հետեւյալն էր' պարզե՞լ է, արդյոք, քննիչը Գ. Իգիթյանի եկամուտների աղբյուրները: Քննիչը հայտնել է' այո: Կոլեգիայի հենց այս նիստում է որոշվել քրեական գործը կարճել:

Իսկ կոլեգիայի նիստից մեկ օր առաջ' 2004-ի հոկտեմբերի 1-ին, ամերիկահայ բարերար Քերոլայն Նաջարյանը առանձնազրույց է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Քերոլայն Նաջարյանը այդ հանդիպման մանրամասների մասին առայժմ լռում է: Սակայն հիշեցնենք, որ հենց այս հանդիպումից հետո են æորջ եւ Քերոլայն Նաջարյանները բաց նամակով դիմել լրատվամիջոցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter