ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում առողջարանային կենտրոն կկառուցի



Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարության առաջին նիստն էր: Նիստին հաստատվեց գործադիր բերված առաջին ներդրումային նախագիծը՝ «Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծման և հասարակական ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը»: Ծրագիրն ուղղված է Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծմանը և հասարակական ենթակառուցվածքների զարգացմանը:

Այս ներդրումը կատարելու է «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը: Նշենք, որ դրա հիմնադիրները գործարար Ռուբեն Վարդանյանը և UWC Դիլիջան դպրոցի հիմնադիր գործընկեր, տնօրենների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդն են:

Ինչպես նշվում է կառավարություն բերված որոշման նախագծում, հիմնադրամը մեկնարկում է Դիլիջանի Գետափնյա հատվածում երկարաժամկետ 4 ներդրումային նախագծեր, որոնց նպատակն է բնակիչների և այցելուների հանգստի, ժամանցի կազմակերպման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, քաղաքաշինական նոր տեխնոլոգիաների և մոտեցումների խրախուսումը:

Հիմնադրամը խոստացել է ծրագրի շրջանակներում միջազգային չափանիշներին համապատասխան առողջարանային կենտրոն հիմնել, որը կխթանի բժշկական զբոսաշրջությունը: Բացի այդ` կբարեկարգվի քաղաքային լճի հարակից տարածքը, քաղաքային զբոսայգին և մարզադաշտը:

Այս ծրագիրն իրականանալու է 5 տարվա ընթացքում և ներդրվելու է 15 միլիարդ 682 միլիոն դրամ:

Հարցը զեկուցող տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանից վարչապետ Փաշինյանը հետաքրքվեց, թե ներդրումային ծրագրում ընդգրկված հողատարածքները ի՞նչ կարգավիճակ են ունենալու, արդյոք դրանք համայնքային սեփականություն են մնալու, թե սեփականաշնորհվելու են: Տերտերյանը պարզաբանեց, որ զբոսայգու և քաղաքային լճի տարածքը մնալու է համայնքային սեփականություն, իսկ կառուցվող օբյեկտների, հիվանդանոցի հողերը սեփականաշնորվելու են: Նրա փոխանցմամբ՝ ներդրողները այս պահին դեռևս հողերի սեփականատերերի հետ քննարկում են դրանք ձեռք բերելու հարցը:

Ընկերությունը խոստանում է այս ներդրման շրջանակներում ստեղծել մոտ 1070 աշխատատեղ՝ միջին աշխատավարձը` 200 հազար դրամ, և պետբյուջե վճարել առնվազն 300 մլն դրամի եկամտային հարկ։

Իսկ շահագործման հանձնվող օբյեկտներում, ըստ նախատեսված ծրագրի, կստեղծվի 408 մշտական աշխատատեղ՝ միջին 500 հազար դրամ աշխատավարձով:

Լուսանկարը՝ IDeA Foundation-ի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ