HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հրաժարական է տվել

2010 թվականի ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հունան Պողոսյանը հրաժարականի որոշում է կայացրել։ Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի խոսքը ներկայացնում ենք ստորև․

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներիս' երկարամյա համատեղ աշխատանքի, նույն սկզբունքներին դավանելու, զինակցության, այն ամենի համար, որ հավատով ու հետևողականորեն կարողացանք անել հանուն օրենքի, ժողովրդի և քաղաքացու, հանուն օրինականության ամրապնդման ու հանրային ապահովության հաստատման:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր սիրելի համաքաղաքացիներին համագործակցության, փոխվստահության ամրապնդման համար, որ հատկապես վերջին տարիներին մեր համատեղ աշխատանքի գլխավոր ուղղություններից էր և որտեղ, կարծում եմ, միասին հաջողել ենք:

Դրա վառ ապացույցն են վերջին իրադարձությունները, որոնց խաղաղ հանգուցալուծման գործում մեծ դեր ունեցավ ոստիկանության ողջ համակարգը, մասնավորապես' Վալերի Օսիպյանը, ում միշտ համարել և համարում եմ ոստիկանության ամենակազմակերպված ու կարգապահ սպաներից մեկը և շնորհավորում եմ նշանակման կապակցությամբ:

Եղել են, անշուշտ, նաև վրիպումներ ու բացթողումներ, ինչը անխուսափելի է ցանկացած գործի մեջ: Ժամանակների և մարդկանց հերթափոխությունն էլ հենց անհրաժեշտ է, որպեսզի խմբագրվեն հին վրիպումները, և կյանքն ու գործը շարունակվի:

Սիրելիներս, ես հրաժարականի որոշում եմ կայացրել։ Խնդրում եմ ենթատեքստեր չփնտրել խոսքերիս ու որոշումներիս մեջ: Միշտ ապրել եմ շիտակ, բացճակատ ու առանց ենթատեքստերի: Միշտ գործել եմ խղճիս ու պրոֆեսիոնալ պարտքիս հրամայականով, և հուսով եմ, որ իմ կենսագրությամբ մի քիչ մոտեցրել եմ այն ապագան, որ բոլորիս երազանքն է:

Ես միշտ ծառայել, ծառայում ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը' որտեղ երկիրը պահանջի այդ ծառայությունը, և ես համոզված լինեմ, որ կարող եմ առավելագույնը տալ իմ պետությանն ու ժողովրդին:

Հանգամանքները չեն փոխում մարդկանց, իսկ մնացյալը, կշռողը մեր խիղճն ու ժամանակն է:

Մաղթում եմ, որ ծանրակշիռ լինենք' միասնական հավատով ու գործով:

Մաղթում եմ բոլորիս միայն հաջողություններ:

Աստված մեզ պահապան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter