HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Հետհեղափոխական. Ազատականությունը համայնքայնության թշնամին է

Համաժողովրդական ցնծությունը և համերաշխությունը մարդկանց էգոիզմը (եսապաշտությունը) ճնշել և վերածնել են համայնքային գիտակցությունը։ Հնարավոր կլինի՞ պահել այն ու պետությունը կրկին ձևակերպել որպես համայնքային կառույց։

Ուրախալի է, որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում ասաց, որ իր սիրելի քաղաքական գործիչներից մեկը Չե Գևարան է։

Սակայն համաժողովրդական ալիքը բարձրացնող ազնիվ երիտասարդների մեծ մասը, եթե ոչ բոլորը, ազատական է, և եթե նրանք օրինակ են վերցնում Չե Գևարայի խիզախութունն ու տաղանդը, ապա կանտեսեն նրա համայնավարությունը, իսկ նրանց անհատապաշտության գաղափարը կխանգարի համայնքային գիտակցության վերելքը պահել։

Ազատականությունը երկու պաշտանմունք ունի՝ մրցակցություն և մասնավոր սեփականություն։

Երբ այս երկու բանը դառնում են մարդու կյանքի իմաստը, նրան դարձնում են էգոիստ. եթե մասնավոր սեփականությունը կյանքի իմաստն է, ապա վերածվում է մոլուցքի ու սահման չի ճանաչում, չկա այն կետը, որտեղ այդ իմաստը կսպառվի, ուր նա կկանգնի ու կասի՝ հերիք է հարստանամ: Ուրեմն պետք է խլի ուրիշների՝ այլ անհատերին ու համայքներին պատկանող սեփականությունը, զրկվածներին էլ կամ կթողնի աղքատության մեջ, կամ իր տիրույթներում կաշխատեցնի։ Իսկ միայն մրցակցության վրա հիմնված տնտեսությունն ու մշակույթն էլ խաղից դուրս են նետում նրանց, ում կյանքի նպատակը մրցակցելը չէ, և հասարակության էլիտան դառնում են նրանք, ովքեր ավելի լավ են կարողանում հոշոտել մրցակիցներին։

Ձախը չի մերժում մրցակցությունն ու մասնավոր սեփականությունը, սակայն վստահ է, որ մարդու էությունն էգոիզմն ու սեփականություն կուտակելը չէ, մասնավոր սեփականությունը ոչ թե կյանքի իմաստ է, այլ կարիքներ բավարարելու միջոց. համայնավարական տեսլականում մարդն ուղղակի կարիք չի ունենա մասնավոր սեփականության։ Մրցակցությունն էլ կարող է հատուկ լինել որոշակի բնագավառներին, մասնավորապես` սպորտին։

Աչքներիս առաջ է անկախ Հայաստանի պատմությունը. 27 տարվա ընթացքում իշխել է ազատականությունը, բոլոր կառավարությունների կուլտը սեփականաշնորհումն էր, որի արդյունքում Հայաստան համայնքի ունեցվածքը յուրացրին մի  քանի անհատներ (հին իշխանությունը եթե մնար, ապա սեփականաշնորհվելու էին նաև բարձրավոլտ էլեկտրակայաններն ու մնացած ամեն ինչ, ու պետությունը վերջնականապես վերածվելու էր մի խումբ սեփականատերերի անվտանգությունը պաշտպանելու հիմնարկի)։

Իսկ իրար փոխարինող իշխող խմբավորումների ու նրանց շուրջ առաջացած կլանների ու օլիգարխների սեփականության սահմանները ընդլայնելու ու  բանկային հաշիվները անդադար բազմապատկելու մոլուցքն էլ նրանց գամած էր պահում իշխանությանը ու թույլ չէր տալիս` երկրում ժողովրդավարական փոփոխություններ լինեն։

Վերջապես հրաշք եղավ. ժողովուրդը, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, փոխեց իշխանությունը։ Մի ծանր, անդրդվելի քար հանվեց Հայաստանի վրայից։

Այժմ եկել է հարցեր տալու ժամանակը, թե ի՞նչ ուղղությամբ կգնա Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանը խոստանում է` ամեն ինչ անելու է, որ այլևս ընտրությունները չկեղծվեն, նաև հնարավոր է, որ օլիգարխներն այլևս պետական կառույցներ չմտնեն։ Հավատում ենք։ Բայց արդյո՞ք այս փոփոխությունները փողի իշխանությունը կվերացնեն։ Եթե շարունակելու է իշխել ազատականությունը, ապա փողն իշխանությունը չի կորցնի, ազատականությունը ազատության մեկնարկն է տալիս, իսկ հաղթողը միշտ փողն է լինում։ Այո, գուցե այլևս ընտրությունները չկեղծվեն, կամ օլիգարխները պատգամավոր կամ նախարար չդառնան, բայց իշխանությունը միայն  կառավարությունում ֆիզիկապես ներկա լինելով չէ, նրանք փող կդնեն ու կստեղծեն իրենց կուսակցությունները և իրենց ներկայացուցիչներով կգրավեն Ազգային ժողովը։

Ազատականությունը դավանող անհատն ինչքան էլ ազնիվ լինի, ինքը հարստանալու մոլուցք չունենա, քարոզելով ու իրականացնելով իր գաղափարները՝ ակամա խթանում է մարդկանց մեջ էգոիզմը, քայքայում մարդու համայնքային բնույթը։ Ղարաբաղյան շարժման և ՀՀՇ-ի առաջնորդների մեջ էլ կային մարդիկ, ովքեր հարստության հետևից չընկան, բայց նրանք իրենց ազատական քարոզներով, խրախուսելով մասնավոր սեփականությունն ու մրցակցությունը` դարձան այն չարիքի հեղինակները, որը խժռում է Հայաստանը։

Ուրեմն, ազատականության արշավը կանգնեցնելու համար մոտ ապագայում անհրաժեշտ է ձևավորել ձախ քաղաքական ուժ։

Իսկ մինչ այդ, անհրաժեշտ է նոր իշխանություններին բացատրել, որ համայնքը, որի շնորհիվ իրենք իշխանության եկան, ազատականությունը կրկին քայքայելու է։ Ուրեմն, եթե նրանք անկեղծորեն միասնության ջատագովներն են ու ընդունում են, որ միասնական համայնքն է իրենց իշխանության բերել, ապա պետք է ուզենան այն պահպանել։ Իսկ ինչպե՞ս։ Սկզբի համար մի քանի խնդիր.

Անհրաժեշտ է պետության դերը բարձրացնել տնտեսության մեջ, կանգնեցնել սեփականաշնորհումը, ապա` մի շարք խոշոր արդյունաբերություններ վերապետականացնել, որ դրանց եկամուտները ոչ թե երկու հոգու գրպանը գնան, այլ երեք միլիոնից կազմված համայնքի՝ պետության բյուջե մտնեն. այսպիսով պետականացվեն հանքարդյունաբերությունը, ցեմենտի գործարանները և այլն, ամբողջ տրանսպորտը դառնա պետական։ Եթե ճիշտ է հեղափոխության հռետորությունը միասնության, եղբայրության, հավասարության ու արդարության վերաբերյալ, ուրեմն այդ միասնական ժողովուրդը կարող է հոգ տանել իր միասնական սեփականության մասին։

Մենաշնորհի դեմ պայքարը չի կարող սահմանափակվել միայն ներկրումների ազատականացմամբ։ Երկրի ամբողջ առևտուրը, մասնավորապես` Երևանում,  մոնոպոլիզացված է։ Անհրաժեշտ է Երևանի միջից վերացնել հսկա «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը, որը խժռեց հազարավոր մանր ու միջին առևտրական հաստատություններ ու դարձավ արտագաղթի պատճառներից մեկը։ Պետք է սահմանվեն խանութների տարածքների որոշակի նորմեր ու արգելվի, որ նույն անձը որոշակի քանակից ավելի խանութ ունենա։

Հայաստանում աշխատավորները ստրուկների կարգավիճակում են, աշխատանքից հեռացվելու ու սոված մնալու ահից նրանք վախենում են իրենց իրավունքները պաշտպանել ու արհմիություններ ստեղծել։

Անհրաժեշտ է, որ պետությունը նրանց թիկունքը դառնա, նոր օրենքներով պարտադրի ձեռնարկություններին, որ ստեղծվեն աշխատավորական անկախ արհմիություններ։ Պետությունը պետք է խրախուսի, որ աշխատավորական ու նաև աղքատ, գործազուրկ դասակարգերն ունենան իրենց քաղաքական կուսակցությունները, որոնք զսպիչ դեր կխաղան կապիտալիզմի ախորժակի համար։

Քաղաքական ու տնտեսական հավասարության հեռանկարը կբերի նաև առավել անկախ դատարանի կայացմանը։ Ինչո՞ւ. եթե երկրում անհավասարություն է, և հարուստ լինելը պատվաբեր է, իսկ աղքատ լինելը՝ ամոթալի, ինչքան էլ դատարանն անկաշառ լինի ու իրավաբանորեն անկախ դառնա, միևնույն է, նա թեքվելու է պատիվ ունեցողի կողմը, Ֆեմիդայի կշեռքի մի նժարը ծանրանալու է կապիտալիստի նկատմամբ ակնածանքից, նրան մագնիսի պես ձգելու են հարստությունն ու շքեղությունը։ Եթե հասարակության մեջ հնարավորինս հավասարություն լինի` դա կբերի նաև արդարադատության, դատարանները կհավասարակշռվեն ու միայն գերհարուստներին չեն ծառայի։

Այսպիսով, ժողովրդական խոսքով ասած՝ «գեղ կանգնի` գերան կկոտրի» ասացվածքին նորից չփոխարինի «եղունգ ունես` գլուխդ քորի» ասացվածքը։

Ձախ ակումբի ՖԲ էջին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter