HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գործադիրի հետ պաշտպանի աշխատանքն արդյունավետ չէ

Մարդու իրավունքների պաշտպանին մինչ օրս ներկայացված 1345 գրավոր դիմումներից 47-ը (120 մարդ) ներկայացրել են Հյուսիսային պողոտայի բնակիչները' բողոքելով իրենց սեփականության իրավունքի խախտումների դեմ: Եվրադատարանը ստացել է նաեւ Տերյան փողոցի բնակիչներից մեկի բողոքը, որը դիմել է իր խախտված սեփականության իրավունքը վերականգնելու պահանջով: Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ Հյուսիսային պողոտայի, Դալմայի այգիների եւ հասարակական հնչեղություն ստացած մյուս գործերին առնչվում են այն պահին, երբ արդեն ոտնահարված են նրանց իրավունքները, եւ շատ բան անել չեն կարող: Սակայն, նկատի ունենալով, որ «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ծրագրի իրականացումը շարունակական գործընթաց է, պաշտպանը մի քանի գրություններ է ուղարկել ՀՀ Կառավարություն, Երեւանի քաղաքապետին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին' նշելով սահմանադրական եւ օրենսդրական այն բոլոր խախտումները, որոնք հիշյալ մարմինները թույլ են տվել Հյուսիսային պողոտայի ծրագիրն իրագործելիս: «Մեր որոշման մեջ եղել ենք պարզ ու շիտակ, եւ մարդիկ մեզ շնորհավորել են բոլոր իրավախախտումները վեր հանելու համար, դրանով պաշտպանել ենք նաեւ պետության վարկը»,-ասաց տիկին Ալավերդյանը:

Պաշտպանը ՀՀ վարչապետի ու Երեւանի քաղաքապետի ուշադրությանն է ներկայացրել մի շարք օրինախախտումներ' առաջարկելով հարցը քննարկել Կառավարության նիստում եւ որոշում ընդունել «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ծրագրի իրականացման կապակցությամբ սեփականության հարկադիր օտարման վերաբերյալ կնքված գործարքները վերանայելու մասին:

Գրության մեջ պաշտպանը նշել է, որ բոլոր գնահատումները կատարվել են «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ծրագրի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) հետ սերտորեն համագործակցող «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ի միջոցով, որի հաշվետվությունների օրինակները սեփականատերերին չեն տրամադրվել, վերջիններս զրկված են եղել արված հաշվարկների դեմ առարկելու հնարավորությունից: Միաժամանակ, հաշվի չնստելով սեփականատիրոջ որեւէ առաջարկության հետ, նրան ներկայացվել է գույքի օտարման պայմանագիր, որով պայմանները ոչ թե քննարկվել, այլ թելադրվել են սեփականատիրոջը: Գնահատումների ժամանակ ցուցաբերվել են խտրական մոտեցումներ: Օտարման պայմանագրերով նախնական վճարումներ չեն նախատեսվել, չի նախատեսվել վճարման ուշացումների համար պատասխանատվություն, որի հետեւանքով էլ օտարման վերաբերյալ պայմանագրեր ստորագրած զգալի թվով քաղաքացիներ սահմանված փոխհատուցումը չեն ստացել կամ ստացել են բավականաչափ ուշացումով:

Սեփականատերերի մի զգալի մասի հետ կնքվել է առուվաճառքի, եւ ոչ թե պետական կարիքների համար վերցվող գույքի դիմաց փոխհատուցման պայմանագիր: Իրականում այն փոխհատուցում է եւ հարկման ենթակա չէ: ԾԻԳ-ը եկամտահարկ է պահել նույնիսկ այն պայմանագրերով, որոնք անվանված են «Փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագրեր»: «Այսպիսի կամայական մոտեցումների, մարդկանց տարրական իրավունքների անտեսումների արդյունքում է, որ կա զանգվածային դժգոհությունների ալիք, որը հնարավոր է մարել արդեն իսկ կատարված գործարքների, պայմանագրերի, գնահատումների եւ վճարների վերանայման եւ թույլ տրված սխալների, բացթողումների ուղղումներ կատարելու ճանապարհով»,- առաջարկում է պաշտպանը:

Մեկ այլ գրություն ուղարկվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հ. Դանիելյանին' նկատի ունենալով, որ պետության կարիքների համար գույքի հարկադիր օտարման գործընթացի հետ կապված հայցերով դատարանների մոտեցումները մնում են նույնը: «Կարեւորում ենք հարցի քննարկումը Դատարանների նախագահների խորհրդում' բնագավառը կարգավորող իրավական ակտերի պարզաբանում տալու նպատակով»,-ասվում է դատարանի նախագահին ուղղված գրության մեջ: պաշտպանը նշել է, որ դատարանները պարտավոր էին առաջ քաշել Կառավարության որոշումների հակասահամանադրական լինելու հարցը: Սակայն սեփականատերերից ստացված բողոքների ուսումնասիրությունները բերել են այն համոզման, որ քաղաքացիների հայցերը մերժելիս, ինչպես նաեւ նրանց դեմ ներկայացված հայցերը բավարարելիս, դատարաններն անտեսել են ծրագրի իրականացման հակասահմանադրական լինելը: Անտեսել են այն հանգամանքը, որ.

Բոլոր դեպքերում, վերցվող գույքի հատուցման գինը որոշել է վերցնողը' առանց սեփականատիրոջ հետ քննարկելու ու համաձայնեցնելու, առանց գնահատման փաստաթղթերին նրան ծանոթացնելու:

Իրացման գոտում ներառված տարածքների բնակիչները ՀՀ կառավարության հակասահմանադրական, հակաօրինական որոշումների ուժով դարձել են խտրական քաղաքականության զոհեր. նախ' որ չեն օգտվել բնակարանները սեփականաշնորհման կարգով սեփականացնելու իրավունքից, չեն օգտվել տիրապետման վաղեմության ուժով սեփականատեր ճանաչվելու իրավունքից, ապա նաեւ' ինքնակամ կառույցների օրինականացման իրավունքից:

Մեծ թիվ են կազմում այն քաղաքացիները, որոնք, փաստացի հանդիսանալով տվյալ իրացման տարածքի անշարժ գույքի սեփականատերեր, առ այսօր չեն կարողանում փաստաթղթավորել իրենց սեփականության իրավունքը' գույքային իրավունքների պետական գրանցման համակարգում միասնական մոտեցում չլինելու, բյուրոկրատական քաշքշուկների եւ հիմնականում սյուբեկտիվ մոտեցում ցուցաբերելու պատճառով:

Նման վեճերով դատարանները հաշվի չեն առել այդպիսի անձանց փաստական սեփականատեր լինելու հանգամանքը եւ չեն ճանաչել նրանց սեփականության իրավունքը, հետեւաբար զրկել են կացարան ունենալու իրավունքից: Ունեցվածքի դիմաց վճարված չնչին գումարով ընտանիքը մեկ այլ կացարան որեւէ վայրում ձեռք բերել չի կարող:

Թե որքանով ուշադրության կարժանացնեն երկրի գործադիր ու դատական մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումներն ու առաջարկները, վաղ է ասելը: Սակայն պաշտպանի անկեղծ խոստովանությունը' «մեր աշխատանքը գործադիրի հետ այնքան էլ արդյունավետ չէ», ներկայացված առաջարկը քննարկելու առումով հույսեր չի արթնացնում: Դժվար է նաեւ որդեգրած մոտեցումները վերանայելու ակնկալիք ունենալ դատարանից, հատկապես, եթե նկատի ունենանք արդարադատության նախարարի անբարեհաճ վերաբերմունքը պաշտպանի գործունեության նկատմամբ: Նրանց միջեւ առաջին անհամաձայնությունը ծագեց այն ժամանակ, երբ նախարարը կանխեց պաշտպանի' դատարաններում մոնիտորինգ իրականացնելու նախաձեռնությունը: Կարճ ժամանակ անց արդարադատության նախարարը օրենսդրական ձեւակերպում տվեց իր մոտեցումներին եւ նախագիծն ուղարկեց պաշտպանի աշխատակազմին' քննարկելու համար: «Այստեղ խոսվում է մեր հնարավորության եւ քաղաքացու առջեւ մեր պարտավորության մասին, սակայն պաշտպանել նրա արդար եւ անաչառ դատավարության իրավունքը՝ հանված էր հոդվածից։ Ես դրա հետ համաձայն չեմ, այդպիսի գործողությունները պետք է դիտարկել անկախ դատական իշխանության կայացման տեսանկյունից, ու այստեղ մոնիտորինգից հզոր բան չկա»,-հայտնեց Լ. Ալավերդյանը։ Արդարադատության նախարարի հետ հաջորդ անհամաձայնությունն արձանագրվել է այն բանից հետո, երբ պաշտպանի ներկայացուցչին, որը քաղաքացու խնդրանքով պետք է ներկա գտնվեր Շենգավիթի առաջին ատյանի դատարանում ընթացող դատավարությանը, դատարանի նախագահ Տարիել Մանուկյանը կոպտորեն դուրս է արել աշխատասենյակից:

Հարկ է նշել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին օրենքի 8-րդ հոդվածը պաշտպանին ու նրա աշխատակազմին հնարավորություն է տալիս անարգել եւ առանց նախապես տեղյակ պահելու լինել «զորամիավորումներում, ձերբակալման վայրերում, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում, ինչպես նաեւ հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձանց հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու հնարավորությամբ...: Օրենքի 12-րդ հոդվածը պաշտպանին կամ նրա ներկայացուցչին հնարավորություն է տալիս անարգել այցելել ցանկացած պետական հիմնարկ կամ կազմակերպություն, ներառյալ զորամիավորումներ, անձանց հարկադրական պահման վայրեր, այդ թվում նաեւ նախնական կալանքի եւ ազատազրկման վայրեր»։

Օրենքը' օրենք, սակայն հայաստանյան իրականության հետ հաշվի չնստել չես կարող: պաշտպանի ներկայացուցչի գործունեությանը խոչընդոտելու երկրորդ դեպքը պաշտպանության նախարարության (ՊՆ) համակարգում է տեղի ունցել: Աշխատակազմն ահազանգ է ստացել բանակում կատարվող բռնության մասին, որ այդ պահին տեղի էր ունենում եւ պետք էր անհապաղ արձագանքել: «Իմ ներկայացուցիչներին սկզբում մերժել են: Ի վերջո, իրենց աշխատանքը կատարել են եւ պարզվել է, իրոք, ֆիզիկական բռնությունը տեղի է ունեցել, եւ այդ ամենից հետո պատասխան-նամակ եմ ստանում, որ գնալուց առաջ պետք է նախապես զգուշացնեմ իրենց»,-տեղեկացրեց տիկին Ալավերդյանը:

«Մենք այդ հարցով դիմել ենք ԱՆ-ին ու ՊՆ-ին, եւ զարմանալի հակազդեցություն տեսանք: Արդարադատության նախարարին ուղղված գրության մեջ մանրամասնորեն նկարագրել ենք, որ դատավորի արարքն անթույլատրելի է ընդհանրապես մարդու, էլ չեմ ասում դատավորի համար եւ ստացել ենք պատասխան, ըստ որի նա ոչ մի պատժելի արարք չի գործել»: Կարեւորելով երկու նախարարությունների դերը մարդու իրավունքների պաշտպանության առումով' պաշտպանը կարծում է, որ եթե ԱՆ-ի մասով կարելի է բացատրություն չտալ, ապա ՊՆ-ի վերաբերմունքն անտեսել չի կարելի, քանի որ բնակչության առնվազն կեսը բանակում է կյանքի դասերը ստանում:
Ճիշտ է, պաշտպանի որոշումները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից պարտադիր կատարման ենթակա չեն: Դրանք խորհրդատվական բնույթ են կրում եւ առավելապես բարոյական ազդեցություն ունեն, սակայն օրենքի այս դրույթը փոխհատուցվում է պաշտպանին տրված այլ «արտոնություններով», որոնք կարող են նպաստել իր կողմից ընդունված որոշումների կատարմանը: Այսպես' պաշտպանը անհրաժեշտության դեպքում իր գործունեության վերաբերյալ հատուկ զեկույց է ներկայացնում ՀՀ նախագահին եւ Ազգային ժողովին: Այս ոլորտում պաշտպանի գործունեությունն ավելի արդյունավետ է, քանի որ կարող է զանգվածային լրատվամիջոցներով հրապարակել իր միջնորդությունն անհետեւանք թողած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի անունը, որը լուրջ բարոյական հետեւանք կարող է ունենալ:

Օրենքը պաշտպանին հնարավորություն է տալիս նաեւ դատարանում վիճարկել կարգազանց պաշտոնյայի գործողությունները, սակայն այստեղ նման քայլի չեն դիմել' կարծելով, որ դեռեւս չեն սպառել մինչդատական բոլոր հնարավորությունները երկու առումով։ «Կառավարությունը պետք է հայտարարի, որ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում գերակայություն է։ Բայց, եթե մենք շեշտը դնում ենք միայն տնտեսականի վրա եւ դրա հետ միասին չենք հիշեցնում, որ 2005թ.-ին մարդու իրավունքների պաշտպանությունը գերակայություն է, դա նշանակում է, որ տնտեսական աճը չի բարելավելու սոցիալապես ու իրավական առումով անպաշտպան մարդկանց կամ խավի վիճակը»։ Դատարան չդիմելու երկրորդ պատճառը հասարակության եւ մեր աշխատակազմի մոտ դատական համակարգի նկատմամբ ձեւավորված վստահության բացակայությունն է: պաշտպանի ասելով, իրականությունը հաշվի առնելով' ՀՀ-ում եւ շատ այլ պետություններում հազվադեպ են դիմում դատական ատյաններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter