HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ դժգոհում են մթերվող կաթի գների իջեցումից

Այսօր վաղ առավոտից Արագածոտնի մարզի շուրջ երկու տասնյակ գյուղերի բնակիչներ դուրս են եկել փողոց՝  իրենց բողոքը արտահայտելու՝ կաթ մթերող կազմակերպությունների կողմից կաթի գների իջեցման վերաբերյալ: Գյուղացիները փակել էին Ապարան-Երևան մայրուղին: Մի քանի ժամ շարունակ ճանապարհը փակ էր բոլոր տեսակի մեքենաների համար:

«Ապրիլի 20-ից մինչև էսօր 4 անգամ կաթի գինը իջել է: Պատճառն ի՞նչ ա»,- դժգոհում էր գյուղացիներից մեկը:

Բողոքի դուրս եկած բնակիչները նշում են, որ թեև նախորդ տարիներին ևս այս շրջանում կաթի գինը որոշակիորեն իջել է, սակայն այս տարի գնանկումը կտրուկ է. նախկինում մեկ լիտրի համար վճարվող 180 դրամի փոխարեն գյուղացիներին այժմ առաջարկվում է 110-130 դրամ սակագին: Գյուղացիների խոսքով` տարածաշրջանում կաթ մթերողներ հիմնական ընկերությունները «Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Անի» ընկերություններն են, ովքեր էլ հանդիսանում են հիմնական գին թելադրողները շուկայում:

Օգտվելով առիթից, որ բողոքի ակցիային ներկա լրագրող կա, Նորաշեն համայնքի բնակիչ Հարություն Հարությունյանը կոչով դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Հարգելի՛ ընկեր վարչապետ, էս մեր կաթի գինը էս15-20 օրվա ընթացքում իջավ մոտ 40 տոկոս: Մենք դրա համար սաղ Արագածի շրջանի ժողովուրդը ելել, ճանապարհը փակել ենք, որ գա հասնի ձեզի: Էն, որ կասեիք մոնոպոլիա է, բան է, էդման բան եղավ, մեզի տեղյակ պահենք...տեղյակ ենք պահում»,- իր խոսքում նշեց գյուղացին:

Վերջինիս խոսքով՝ գյուղացիները դեմ չեն լինի մթերվող կաթի գնի իջեցմանը միայն այն դեպքում, եթե վերամշակվող կաթնամթերքի արժեքը ևս համամասնորեն իջնի:

«Կաթի գինը 40 տոկոս իջել է, դեմ չենք, դե թող կաթը, մածունը, սմետանը իջնի, քաղաքացիք էլ 40 տոկոս էժան դա առնեն: Ոչ թե մենակ մեզի իջացնեն, գեղացոնց թալանեն, տանեն, իրանք էլ գերշահույթ ստանան»,- ասում է Հարությունը:

«Եթե հումքի գինը կիջնի, ապրանքինը ինչի՞ չի իջնի: Էս էլ հո դրսից բերել չի»,- հավելում է բնակիչներից մեկը:

Գյուղացիները նշում են, որ գնի իջեցման հարցում որևէ հստակ պատճառաբանություն իրենց չի ասվել: Տեղեկացրել են միայն, որ կաթի գինը առաջիկայում էլի կնվազի:

«Իրանց ըսա, Նիկոլին թող ասեն, թող կանչի խոշորներին, իրանք են գին թելադրողները»,- խորհուրդ են տալիս գյուղացիները:

Նրանք նշում են, որ մթերվող կաթի գինը չվերանայվելու դեպքում շարունակելու են բողոքի ակցիաները:

Քիչ առաջ տեղեկացանք, որ հարցը քննարկելու համար տարածաշրջանի գյուղացիներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հրավիրել են հանդիպման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter