HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորներ Լենա Նազարյանը եւ Արարատ Միրզոյանը երաշխավորություն են ներկայացրել Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը երաշխավորություն են ներկայացրել դատարան` «Սասնա ծռեր»-ի գործով կալանավորված Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արարատ Միրզոյանը` հրապարակելով երաշխավորագիրը:

Չուգասզյանի փաստաբան Տիգրան Եգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջնորդագիրը երկու ժամ առաջ փոխանցվել է գլխավոր դատախազություն:

«Հաշվի առնելով, որ Գարեգին Չուգասզյանը հացադուլի մեջ է, առողջական վիճակով պայմանավորված հյուծվածություն կա, դա արդեն իսկ պարտավորություն է ստեղծում դատախազության համար հնարավորինս սեղմ ժամկետներում այդ հարցին անդրադառնալ: Օրենքը սահմանում է միջնորդությունների քննության համար հնգօրյա ժամկետ, բայց նման հանգամանքների պարագայում դատախազությունը չի կարող սպասել ու ձգձգելով քննել այն: Պետք է անհապաղ քննի այն»,-ասաց Եգորյանը:

Գլխավոր դատախազությունից ասացին, որ միջնորդագիրը ստացել են, քննում են:

Հիշեցնենք, որ Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգավածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով և նրա նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմինը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Գ. Չուգասզյանի մեղադրանքն առնչվում է 2015-ի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործին: Այս գործով անցնում են նաև Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը: Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանն արդեն իսկ առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել, իսկ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի վերաբերյալ գործը միացվել է 2016 թվականի հունիսին Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու վերաբերյալ հարուցված գործին:

Չուգասզյանը մոտ երկու տարի ընդհատակում է եղել, ապա` ապրիլին, ընդհատակից դուրս է եկել ու ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս ճանապարհին ձերբակալվել, ապա կալանավորվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter