Հինգշաբթի, 24 մայիսի

Հեղափոխության Աբո պապը. «Որ Նիկոլին տեսնեք, ասեք՝ Աբո պապը բարևում է»


Սուսաննան բերում է ցույցերի համար պատրաստած պաստառները, դնում բազմոցին: Ընտանիքով մասնակցել են ցույցերին: Ամուսինը՝ Սամվելը, մատնացույց է անում պատերին փակցված բազմաթիվ նկարներից մեկը. կինը նկարել է հեղափոխությունից հետո:

Սամվել Մինասյանը հեռախոսի մեջ փնտրում է ապրիլի 22-ին Երևանի Արցախի փողոցի և Էրեբունու խաչմերուկում արված տեսանյութերը: Սամվելն առաջին օգնություն էր ցուցաբերել 79-ամյա Ալբերտ Վարդանյանին, ում ոստիկանության հատուկջոկատայիններից մեկը ոտքով հարվածել ու գցել էր գետնին:

«Դա եղավ երրորդ պայթյունի ժամանակ: Սև դիմակավորները եկան, պապին հայհոյեց, հետո քացով խփեցին, պապին ընկավ գլխի վրա, չէր շարժվում: Մենք վազեցինք, որ օգնենք: Նույնիսկ մտածում էինք, որ պապին մահացել է: Դրանից հետո ինձ քաղաքացիական անձանցից մեկը խփեց, նա սկզբից էլ սադրանքներ էր անում ցույցի մասնակիցների հանդեպ»,- հիշում է Սամվելը: Դրանից հետո շտապօգնություն են խնդրել, որ Ալբերտ Վարդանյանին հիվանդանոց տեղափոխեն: Սամվելն ասում է, որ սկզբից շտապօգնության բժիշկը հրաժարվել էր տանել, բայց երկար համոզելուց հետո համաձայնել էր:

Սամվել Մինասյանի հետ այցելում ենք Ալբերտ Վարդանյանին՝ Աբո պապին:

79-ամյա պապը՝ քայլակին հենված, մեզ դիմավորում է տան շքամուտքին: Հազիվ է շարժվում, դժվարությամբ է գնում դեպի հյուրասենյակ: Նստելուց ոտքը մեկնում է: Ասում է՝ ցավը հատկապես գիշերներն է ուժեղ:

Պապը դերձակ է: Ասում է՝ տաբատ ու պիջակ էր կարում, ամեն ինչ էլ ձեռքով գալիս էր: Կարի երկու մեքենա ունի, շեշտում է, որ մեկը «Զինգեր» է: Մինչև ցույցերը թոռներից մեկը խնդրել էր, որ կարել սովորեցնի, ոտքը լավ էր այն ժամանակ, սովորեցրել էր:

Ապրիլի 13-ից Աբո պապը մասնակցել է Երևանում կազմակերպված բողոքի ցույցերին: Ավելացնում է, որ առհասարակ 1988-ից է մասնակցում ցույցերին և այդ մասին իրենց փողոցում շատերը գիտեն:

«Որ եկան Նիկոլին բռնին տարան, ընենց դուխից ընկա, սկսեցին կրակել: Դու կրակոցներին ընդե՞ղ էիր»,- Սամվելին է դիմում: Վերջինս պատասխանում է՝ հա, բա ինչ, որից հետո պապը շարունակում է խոսքը. «Էդ ի՜նչ էին անում: Էս հարևանս իր աղջկա ու թոռան հետ մեզ մոտ էր, հետո կորցրեցի իրենց, երևի էրեխուն առավ, փախավ: Էրեբունու կողմը սետկաներով փակել էին, մեկ էլ մեջներից մի 4 հոգի գալիս են, բռնում էրեխեքին, երկուսը՝ ոտքերից, երկուսը՝ ձեռքերից: Ասացի՝ հո չե՞ք քաշելու ճղեք էրեխեքին, էդ ի՞նչ եք անում, հետո երկրորդին տարան, երրորդին... Հայհոյեցի, չեմ հիշում, թե ոնց տվին քցին գետնին, մեկ էլ լսեցի, որ ասում էին՝ այ մարդ, էս մարդը մեռել է, ո՞ւր եք խփում»:

Աբո պապին օգնություն ցույց տալու կադրերը՝ 14:00-ից

Ասում է, որ ձախ ոտքի սրունքը փշրվել էր, երկաթներով են հավաքել: Սկզբից 800 հազար դրամ են պահանջել վիրահատության համար, հետո մտափոխվել են՝ նշելով, թե «Աբո պապի, քեզնից փող չենք վերցնելու, դու հերոս պապիկ ես»: Պապը սա ասելուց հետո ձեռքով մաքրում է աչքերը:

«Աբո պապ, բա հիշո՞ւմ ես, որ վիրահատությունից հետո պալատ բերեցին, ինչ ասեցիր»,- հարցնում է Սամվելն՝ իմանալով պատասխանը:

«Հա՜, աչքերս բացեցի, հարցրեցի՝ բա Նիկոլն ի՞նչ եղավ: Հետո ասեցին՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, վա՜յ, ցավներդ տանեմ»,- պատմում է պապն ու զրույցի ժամանակ անընդհատ հարցնում, թե Նիկոլին տեսնո՞ւմ եք, որ տեսնեք, ասեք՝ Աբո պապը բարևում է:

Պապը չի վատաբանում այն անձին, որն իրեն գցել է գետնին, ասում է՝ մարդկանց դեմքերին ժպիտ է տեսել, բայց բակում դեռ մարդիկ կան, որոնց պատասխան պիտի տա ապաքինվելուց հետո:

«Ասում էին՝ մեծ մարդ ես, ամոթ չի՞, որ ցույցի ես գնում, հիմա լավանամ, քայլեմ, դրանց պիտի մի խոսք ասեմ»,- սա ասելուց ժպտում է:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (1)
1. gohar14:39 - 14 մայիսի, 2018
Հեղափոխության Պապ՝ Աբո պապ։ Առողջություն ։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։