HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին ԱԺ-ում կփոխարինեն Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը

Ինչպես արդեն հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ի պաշտոնե պետք է հրաժարվեն պատգամավորական մանդատից։ Ե՛ւ Փաշինյանը, և՛ Միրզոյանը ընտրվել են ռեյտինգային ընտրակարգով, այսինքն նրանց փոխարեն խորհրդարանում պետք է հայտնվեն պատգամավորի այն թեկնածուները, որոնք համապատասխան ընտրատարածքում ըստ ցուցակի հաջորդել են Փաշինյանին և Միրզոյանին։

Նիկոլ Փաշինյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր Երևանի կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից։ Այդ ընտրատարածքում Փաշինյանից հետո հաջորդ համարը ՔՊ վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն է։ Սիմոնյանը խորհրդարանական ընտրություններում չորրորդ ընտրատարածքում ստացել է 1870 ձայն։ Համապետական ցուցակի 14-րդ համարն է։ Ալեն Սիմոնյանը Արարատ ամսագրի և araratnews.am կայքի գլխավոր խմբագիրն է, ունի իրավագետի և քաղաքագետի որակավորում, անցել է պարտադիր զինվորական ծառայություն։ Հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր»՝ նախ հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի, ապա՝ կուսակցության վարչության անդամ։

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը խորհրդարանական ընտրություններում առաջադրված էր Երևանի Մալաթիա-Սեբաստիա  և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում, ցուցակի հաջորդ համարը ՔՊ վարչության փոխնախագահ, նորանշանակ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն է, Հարությունյանից հետո ցուցակում հաջորդը ՔՊ անդամ Հրաչյա Հակոբյանն է։ Նա ստացել է 3390 ձայն, համապետական ցուցակի 19-րդ համարն է։ ՔՊ վերահսկիչ հանձնաժողովի անդամ է։ Հակոբյանը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, աշխատել է Խամաճիկների թատրոնում, Կամերային երաժշտական թատրոնում, նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում և հեռուստանախագծերում։ 1998-2000 թվականներին անցել է պարտադիր զինվորական ծառայություն։

Լուսանկարում՝ ձախից՝ Ալեն Սիմոնյանը, աջից՝ Հրաչյա Հակոբյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter