HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժառանգություն եւ հեղափոխություն

Մենք ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին հեղափոխական իրավիճակ վերապրողներն ենք աշխարհում: Ճիշտ է, որ ամեն հեղափոխություն ուրույն է՝ համապատասխան տեղի պայմաններին, բայց ճիշտ է նաեւ, որ կան ընդհանուր օրինաչափություններ:

Հեղափոխությունը, նախ, բաց իրավիճակ է՝ խաչմերուկ, որտեղից բացվում են միանգամից բազմաթիվ ուղիներ՝ բարձրագույն վերելքից մինչեւ անդունդ գլորվելու հնարավորություններով:

Հեղափոխությունը կազմաքանդում եւ արարում է միեւնույն «փաթեթով»: Եվ ավելին՝ նուրբ կշռույթ (բալանս) է այդ երկուսի միջեւ, որի չափից կախված են հաջողումն ու ձախողումը:

Ի՞նչն ենք քանդել եւ ի՞նչ ունենք ստեղծելու:

Քանդել ենք «հին համակարգի» քաղաքական վերնահարկի մի հատվածը:

Ի՞նչ էր այդ հին համակարգը եւ ի՞նչ՝ չէր:

Տարբեր խմբեր ունեն իրենց «թվարկությունները». մեկը «համակարգի» սկիզբը հաշվում է 1990-1991 թթ.-ներից, մյուսը՝ 1998 թ.-ից կամ 1999 թ.-ից, երրորդը՝ 2008 թ.-ից եւ այլն: Տարբերությունները կարեւոր են, բայց ճիշտը տվյալ դեպքում առավել ընդհանրացված հայացք ընդունելն է՝ դրանում ներառելով անկախ Հայաստանի ողջ պատմությունն իբրեւ ամբողջություն. այսպես ասած՝ հեղափոխությունից մինչեւ հեղափոխություն:

Կարեւոր չեն երկու հեղափոխությունների էական տարբերությունները, և նույնիսկ այն, որ երկու դեպքում էլ կարող ենք իրավամբ վիճարկել «հեղափոխություն» եզրի ստուգությունը՝ որպես տեղի ունեցածի բնորոշում: Տվյալ դեպքում բավական է, որ հանրության մեծ մասը եղածն ընկալում է որպես հեղափոխություն:

Այս երկուսի միջակայքում՝ 1990-2018 թթ.-երին, իշխող վերնախավը երբեք չի փոխվել ներքեւից եկած ալիքով, այլ միայն՝ ներիշխանական գործընթացներով: Այս երկուսի միջակայքում իշխանությունը պատկանել է Ղարաբաղյան շարժման եւ Ղարաբաղյան պատերազմի հետ այս կամ այն չափով կապված գործիչներին եւ խմբերին: Նույնիսկ հիմնական ընդդիմադիր ուժերն այս համակարգում եղել են գերազանցապես Ղարաբաղյան շարժման հատվածներ: 30 տարի ունեցել ենք պետականության վերածված Ղարաբաղյան շարժում:

Անկախ վերջին դեպքերից՝ այս համակարգն ուներ ժառանգականության լուրջ խնդիր, թեկուզ որովհետեւ ծերանում էր Ղարաբաղյան շարժումը կերտած սերունդը: Կարծում եմ՝ պատահական չէր, որ իր հայտնի հարցազրույցներից մեկում Սերժ Սարգսյանը շեշտեց, որ ուզում է վարչապետ մնալ՝ իր փորձը երիտասարդներին փոխանցելու նպատակով: Այսօր այդ խոսքերը, անշուշտ, այլ կերպ են հնչում, բայց դրանք, թերեւս, բացի ամենից, ժառանգականության ճգնաժամը գիտակցելու անկեղծ ազդանշան էին, այլ ոչ միայն պարզապես «թույլ արդարացում», ինչպես համարեց հանրության մեծ մասը:

Շեշտենք, որ երբ ընդունում ենք 1990-ից սկսվող «թվարկությունը», ի տարբերություն «վերջին 26 տարիներից» խոսող այլեւայլ խմբերի, բացասական շեշտ չենք դնում դրանում: Մեզ համար այդ 26 տարիները ոչ թե «դեգրադացիայի», «անկման» եւ նմանորակ բնորոշումների շրջան են, այլ Հայոց պետության կայացման բազմաշերտ՝ դրականն ու բացասականը միահյուսած ժամանակ, դարերով ապրող Հայոց թագավորության եւս մեկ փուլ:

Անցածն ամփոփելիս պիտի ծայրահեղ հեռու լինենք այդ շրջանի լրագրության կամ ընդդիմադիր խոսքում ընդունված կաղապարներից: Պիտի թեկուզ նախնական ու ամենաընդհանուր գծերով, բայց նուրբ ու զգույշ, չափված-ձեւված կշռենք հաջողություններն ու ձախողումները, որպեսզի կարողանանք առաջ շարժվել՝ տեղում դոփելու կամ նահանջելու փոխարեն:

Պիտի նաեւ հաղթահարենք ցանկացած խմբայնություն. անցած 30 տարին այս պահին տեղին չէ լուսավոր ու մութ առանձին հատվածների բաժանել ու բացարձակ սահմաններ գծել։ Պետք է նայել հենց ամբողջության մեջ՝ որպես մեկ կտավ, որի առանձին հատվածներն ունեն կարեւոր տարբերություններ, բայց ընդհանուր պատկերը միասնական է:

Հիմա, իհարկե, մոդայիկ չէ խոսել եղածի դրական կողմերից, բայց ճիշտ խոսակցության համար պետք է սկսենք հենց դրականը շեշտելուց: Մենք՝ տարիների ընթացքում «ոչ կառուցողական» ընդդիմադիրներս, այդ իրավունքը հաստատ վաստակել ենք։ Իսկ հնի նկատմամբ ուշացումով ինքնահաստատվողները թող դեռ առժամանակ ոգեւորվեն իրենց նորահայտ համարձակությամբ ու անկաշկանդությամբ:

Նախեւառաջ պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունն իր առաջին օրից մե՛ր, հայկակա՛ն, հարազա՛տ պետությունն է, մեր խմբային դիմանկարն է, մեր կարողացածն է, մեր ներուժն է: Այն կարող էր լիներ ավելի լավը կամ ավելի վատը, բայց այն է, ինչ կա ու ավելի լավն է, քան ցանկացած ոչ անկախ Հայաստան: Այն օտար մարմին չէ, օկուպացիոն ռեժիմ չէ, «կոնցլագեր» չէ, «ռսի գաղութ» չէ, «գուբերնիա» չէ, իր ժողովրդի հանդեպ սպիտակ ցեղասպանություն իրականացնող չէ (եւ մնացած ամենը, ինչ կհիշեք այս շարքից): Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր գործունեությունն ազգային-ազատագրական պայքար չէ, կռիվ չէ թշնամիների դեմ, այլ պայքար է լավից լավն ունենալու համար:

Հայաստանի Հանրապետությունը հայաստանցիների ինքնակազմակերպման ձեւն է, եթե կուզեք անգամ՝ ինքնապաշտպանության ձեւը: Նույնիսկ մեր ժողովրդի ամենասիրելի ռուսական եւ սովետական տիրապետությունները երբեք ի զորու չեղան ապահովելու հայ ազգի ֆիզիկական անվտանգությունը. վկա՝ հայկական ջարդերը, որոնք միշտ ուղեկցել են ռուսական եւ սովետական համակարգերի ցանկացած ճգնաժամի: Հայկական պետությունը հայերի անվտանգության միակ երաշխավորն է:

Այս գիծը պետք է հստակ քաշել, որովհետեւ անկախության տարիներին միշտ էլ եղել է ու կա մի թաքնված հոսանք, որն ըմդդիմադիր դիրքի «տակից» կամա թե ակամա ավելացնում է թշնամանքը անկախության դեմ, պետության դեմ. դա հազար կաշի փոխած ու կենդանի մնացած սովետական ռեւանշիզմն է, որի համար Հայաստանի Հանրապետությունում խնդիրը ոչ թե այս կամ այն իշխանության թերի քաղաքականությունն է, այլ թշնամանքը Հայոց անկախ պետության հանդեպ, եւ որը հնարավոր է համարում ընդդիմադիր դիրքին տալ ազգային-ազատագրական պայքարի երանգ՝ ընդհուպ մինչեւ զինված գործողություններ: Սա 1920 թ.-ի Մայիսյան ապստամբության գաղափարախոսությունն է մեր օրերում, մի յուրատեսակ նեոբոլշեւիզմ: Ցավոք այս հոսանքի թույնը միշտ էլ սողոսկում է նույնիսկ այն մարդկանց խոսքի եւ մտքի մեջ, որոնք իրենց համարում են անկախության գաղափարակիրներ:

Հայաստանի Հանրապետությունն իր չափի եւ կարողությունների համեմատ ամուր, հուսալի եւ կայուն անվտանգության համակարգ է:

Հայաստանի Հանրապետությունն իր չափի եւ կարողությունների համեմատ անկախ պետություն է՝ ոչ միայն զուտ իրավականորեն, այլեւ՝ փաստացի. հնարավոր է անգամ՝ փաստացի անկախության ավելցուկով՝ համեմատած իր չափի եւ կարողությունների հետ: Կասկած կա, որ թե՛ մեր անվտանգության, թե՛ մեր անկախության չափը լուրջ խնդիր կարող էին լինել որոշ արտաքին ուժերի համար, ինչը կարող էր ընկած լինել 2016 թ.-ից նկատվող որոշ զարգացումների հիմքում:

Հայաստանի Հանրապետությունն ունի իր ուրույն եւ համեմատաբար բազմաբեւեռ ու դինամիկ քաղաքական համակարգը: Այն լիարժեք դեմոկրատական չէ այն իմաստով, որով հասկացվում է մերօրյա աշխարհում, բայց նաեւ տարբեր է ու ավելի ճկուն, քան հետսովետական տարածքի մեծ մասում: Հայաստանն անգամ մոտիկ չէ «Ադրբեջան» կամ «Թուրքմենստան» լինելուն ու դառնալուն:

Միաժամանակ այդ քաղաքական համակարգը բավականին ամուր, կայուն եւ համեմատաբար ինքնիշխան է, հիմա՝ հայաստանակենտրոն: Հենց վերջին դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանը չի կառավարվել դրսից, որ այստեղ որոշողը դրսի ուժերը չեն, իսկ միջամտության վեհերոտ փորձերն էլ ավարտվեցին անհաջողությամբ:

Նույն վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ունեցել ենք պետական ապարատ, որն աշխատել է եւ փլուզման նշաններ ցույց չի տվել նույնիսկ փաստացի երկիշխանության պայմաններում: Եվ ի դեպ, որքան էլ չսիրենք իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ի զարմանս բոլորիս, գոնե ի դեմս ԱԺ-ի խմբակցության ոչ թե մի քանի օրում փլվեց, ինչպես տարիներ առաջ շատերս կենթադրեինք, այլ պահպանեց իր միասնությունը: Ու դա զուտ օբյեկտիվորեն, անկախ մեր վերաբերմունքից՝ կարող է լավ նշան լինել ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ պետության համար:

Որո՞նք էին եղած համակարգի թերությունները: Կարիք չկա այստեղ մանրամասնելու. կարեւոր է արձանագրել մի քանի հիմնարար խնդիր:

  1. Արդարություն: Սա պետք է հետագայում կոնկրետացնել, մանրամասնել, հասկանալ, որպեսզի ճիշտ լուծում գտնվի: Իսկ մինչ այդ, այստեղ շեշտենք միայն այսպիսի՝ ամենաընդհանուր ու անորոշ անվամբ: Արդարության խնդիրն այն էր, որն, ի տարբերություն անվտանգության, Հայաստանի Հանրապետությունն առ այսօր չկարողացավ լուծել: Այս խնդիրն է, որ ընկած է ժողովրդական (այլ ոչ թե վերնախավերի) դժգոհության հիմքում:
  2. Իշխանություն-հանրություն լուրջ ապահաղորդակցություն (դիսկոմունիկացիա): Սա այս կամ այն ձեւով գոյություն ունի գրեթե ՀՀ գոյության սկզբից: Շատերին կարող է անլուրջ, ոչ քաղաքական թվալ, բայց ինտրովերտ ու անհույզ այն ոճը, որը տիրապետող է եղել հանրության հետ շփման մեջ, իրական խնդիր է: Մարդիկ կարիք ունեն նաեւ հույզեր ստանալու: Իմ հիշողության մեջ մեր նորագույն պատմության միակ բարձրաստիճան պաշտոնյան, որը հասկացել էր այս խզումը, Վազգեն Սարգսյանն էր: Թերեւս դրա համար են շատերը նրա կարճատեւ վարչապետությունը հիշում որպես իշխանություն-ժողովուրդ հարաբերության լավագույն շրջան: Իհարկե, այսօրվա հեղափոխականներն էլ մեզ առայժմ տվել են ավելի շատ հույզ, քան բանականություն. նույնիսկ կասեի՝ ավելի շատ մակերեսային, քան խորքային հույզ, մի քիչ «էժան կայֆ», բայց դա թերեւս անցյալի բացի փոխհատուցումն էր:
  3. Երրորդ խնդիրը պակաս ակնհայտ է եւ համառոտ շարադրանքով ոչ դյուրին բացատրելի, բայց գուցե՝ առավել խորքային ու կարեւոր: Կա պետություն արտաքին իմաստով, եւ կա այսպես կոչված «ներքին պետություն»: Արտաքին պետությունն իրավական համակարգն է, օրենքները, պետական ապարատը: Բայց պետությունը միայն դա չէ: Թե ի՞նչ է ներքին պետությունը, ծավալուն խոսակցության թեմա է, որը մենք չունեցանք, բայց պետք է ունենանք արդեն որպես նպատակ, եթե ցանկանում ենք հաղթած դուրս գալ այս խաղից: Սա այն խնդիրն է, որը չկարողացավ դնել եւ լուծել Ղարաբաղյան շարժումը, որը վերածվելով իշխանության եւ պետության՝ չդարձավ առաջնորդող ուժ: Նոր կառուցվող պետությունները չեն կարող սահմանափակվել միայն ինչ-ինչ չափանիշներին ֆորմալ համապատասխանությամբ, որոնք ընդունված են արդեն կայացած երկրներում: Հարկավոր է ավելցուկ, ներքին մղիչ ուժ, առաջնորդում: Դա´ է հեղափոխական քաղաքականությունը, այլ ոչ թե իրականությունը զուտ օրենքի տառին համապատասխանեցնելը:

Այսօրվա խնդիրը դիալեկտիկ է. մի կողմից՝ ժառանգականություն, մյուս կողմից՝ հեղափոխություն: Նախկինը զրո համարելու գայթակղությունը նույնքան անարդյունավետ եւ կործանարար կարող է լինել, ինչքան դրա հակառակ բեւեռը՝ զուտ ֆորմալ-իրավական նպատակներ դնելով բավարարվելը, այսինքն՝ նոր կառավարությունը միայն իբրեւ ժամանակավոր ուժ պատկերացնելը, որը պետք է կազմակերպի ազատ, արդար ընտրություններ, որից հետո ամեն բան կստացվի «ինքն իրենով»: Ֆորմալ մեխանիզմները չունեն իրականությունը հեղափոխելու մոգական ուժ: Իրական հեղափոխությունը ենթադրում է տեւական քաղաքական կամք, ջանք, ներդրում:

Պետք է առաջնորդում: Պետք է իմանալ` դեպի ուր տանել երկիրը. ոչ թե ո՛րեւէ երկիր, այլ Հայաստանը: Պետք է ունենալ կամք դեպի ուր տանելը մինչեւ վերջ հասցնելու համար: Պետք է ունենալ պատկերացում, թե ինչ է ոչ միայն պետության ձեւը, այլեւ բովանդակությունը:

 

Մեկնաբանություններ (2)

Aram
Thank you Hetk for the recent thoughtful philosophical and political articles by Heranoosh Kharatian, Haig Balanian and Herand Der Abrahamian. Keep them coming , please. Apologies for misspelling(?) of the authors' first and last names
Արամ Մաթևոսյան
Քանի որ Նիկոլի կարգխոսերում կա նաև դուխով խոսքը, չեմ ուզում այդ դուխից գցել ջահելությանը; Բայց ասեմ, որ նախնական սխալները անտանելի շատ են; Սոչիի միտինգ, սփյուռքի նախարարի պառլամենտական ինչ որ նոր պալատի ստեղծում դիլետանտ դիլետանտ, մշակույթի նախարարի չափից դուրս ինքնավստահությունը, հհկական կին պատգամավորների նկատմամբ գռեհիկ պահվածքը, զանգվածի մարդու ավանսցենայում ցցուն հայտնվելը և այլն; Այդ սխալները կարող են վանել ինտելեկտուալ ու արտադրող մարդկանց; Ասեմ ավելին եթե ՀՀՇ-ի շարժման պերիոդում կար ԽՍՀՄ –ից մնացած ռեսուրսը, որ հերիքեց տարիների ձախողումներին, Նիկոլը ռեսուրս չունի, Նիկոլը շատ դիպուկ քայլեր պետք է անի կարճ ժամանակում;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter