HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքի՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման գործընթացին և հայ-բրիտանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի: 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև փոխգործակցության հետագա զարգացումը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ նոր իշխանությունները շահագրգռված են բրիտանական ներդրումների ու կապիտալի ներգրավմամբ և ավելացրել, որ կառավարության նոր ծրագրում հստակ ձևակերպված են լինելու մեր երկրի զարգացման ուղիներն ու տեսլականը: Վարչապետի խոսքով՝ իշխանությունների քայլերն ուղղված են լինելու բիզնես միջավայրի շարունակական բարելավմանը, այդ թվում` ներդրումների պաշտպանվածության բարձրացմանը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանում առհասարակ, և մասնավորապես, բրիտանական ներդրումները դիվերսիֆիկացնելու կարևորությունը։ «Մենք վճռական ենք մեր կողմից նախանշված նպատակները, ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու համար, իսկ կառավարությունը, յուրաքանչյուր քայլ իրականացնելիս, հաշվետու է լինելու հասարակությանը»,- ընդգծել է վարչապետը: 

Դեսպան Ֆարնոուրթը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նշել, որ բրիտանական կառավարությունը պատրաստ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Դեսպանն իր երկրի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին, այդ թվում՝ կառավարման համակարգի, բիզնես միջավայրի բարելավման, ժողովրդավարության ամրապնդման, դատաիրավական համակարգի արդիականացման և այլ ուղղություններով: Տիկին Ֆարնուորթը կարևորել է նաև տնտեսական կապերի ամրապնդումը և ավելացրել, որ նախատեսվում է բրիտանացի գործարարների այցը Հայաստան, որի ընթացքում նրանք կծանոթանան մեր երկրի ներդրումային միջավայրին և հայ գործընկերների հետ կքննարկեն ներդրումների իրականացման հնարավորությունները: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter