HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Բալանյան․ «Ն․ Փաշինյանը ժառանգել է ոչ միայն 7 մլրդ պարտքը, այլ նաև երկու տասնամյակում կուտակված, ստեղծված արտաքին պարտավորությունները ու ներքին հանգամանքները»

2018թ․ ապրիլ-մայիսի սկզբին մենք ականատես եղանք, թե ինչպես ռուսահայ օլիգարխիան փորձեց շախմատային խաղատախտակից հանել թուլացած ու հեղինակազրկված Սերժ Սարգսյանին և նշանակել իր ներկայացուցչին՝ Կարեն Կարապետյանին։

Ռուսահայ օլիգարխիայի շարժառիթը սեփական ՍՊԸ֊երկիր ունենալն էր` որպես իրենց բիզնեսների ծաղկման համար ևս մի փաստարկ-ակտիվ, որը պիտի զոհաբերվեր և օգտագործվեր ռուս իշխանության հետ բազարներում։ Այդ ծրագրին աջակից կանգնեց նաև Ռոբերտ Քոչարյանը, ծրագիրը նաև հավանության արժանացավ Կրեմլի որոշ շրջանակներում։

Մի փոքռ «սպրավոչկա»․ ռուսահայ օլիգարխիան գործող ռուսական վարչակարգի գերին ու կատարողն է։ Ով համաձայն չի, Խոդորկովսկու֊Բերեզովսկու-Լևոն Հայրապետյանի ճակատագիրը շատ արագ կհիշացնեն։ Ու այդ մեկ, երկու կամ հինգ միլիարդը ոչ թե իրենց ազատության ցուցանիշն են, այլ հակառակը՝ նժարին դրված իրենց հիմնական շարժառիթը, որը կկորցնեն 5 րոպեում, եթե հանկարծ ընտրեն մյուս նժարին դրված Հայաստանի շահերը։
Սա` ձեզ ի գիտություն։ Ու մնացած «ֆաստի» մեջ իմիջային միավորները ու դատարկ փիառ-ակցիաները պիտի ուղեղը չանջատեն։

Տեխնոլոգիապես ծրագրվել էր, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին գցելուց հետո ինքը պիտի գցվեր ու ճանապարհ բացեր Կարեն Կարապետյանին։ 
Երբ Սերժ Սարգսյանը հասկացավ Ռոբերտ Քոչարյան֊Սամվել Կարապետյան֊Ռուբեն Վարդանյան֊Կարեն Կարապետյան դավադրությունը, որոշեց, որ եթե ինքը չի կարող պահել իշխանությունը, ապա գոնե կարող է որոշել, թե ում այն հանձնել։

Եվ արդեն ինքը գնաց Նիկոլ Փաշինյանի հետ գործարքի` նրան հանձնելով ղեկը, իհարկե որոշակի պայմաններով ու երաշխիքներով, կտրելով Քոչարյանի թիմի ռեւանշի հնարավորությունը։

Նիկոլ Փաշինյանը գտնվեց բացառիկ պրագմատիկ, բայց այլ հարց է, որ ստիպված է պահպանել մի կողմից համաձայնությունը Սերժ Սարգսյան֊ԲՀԿ֊ՀՅԴ-ի հետ, մյուս կողմից, Մոսկվային չնյարդայնացնելու համար, կադրային նշանակումները և քաղաքականությունը պիտի վարի` նկատի ունենալով Մոսկվային։

Ինչու եմ հիմա գրում։ Որովհետև վաղը Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ, ու ավելի լավ է ինձ հիմա քննադատեն ու փորձեն հասկանալ իրավիճակը, և որ մենք՝ Հայաստանի անկախության ու ինքնուրույնության կողմնակիցները մեր անելիքները իմանանք։

Ես Շարժումը գնահատում եմ բացառիկ դրական։ Մենք այլևս երբեք հինը չենք լինի, կատարվեց մի մեծ քայլ առաջ, վերականգնվեց ուղղահայաց մոբիլությունը, նոր դեմքեր կլինեն, կփոխվեն խաղի կանոնները։ Տեղի կունենա ազգային, հայաստանյան բուրժուազիայի կոնսոլիդացիա` ռուսահայ օլիգարխային ի հակակշիռ։

Նիկոլ Փոշինյանը մտավ խաղի մեջ Սերժ Սարգսյանին խփելու ու սեփական իմիջը բարձրացնելու համար, ու վստահ եմ` առանց ենթադրելու հետագա ամբողջ հաղթական ընթացքը։

Փաշինյանն ի՞նչ իմանար, որ շարժումը այդքան հզոր կդառնա, և որ Սերժ Սարգսյանը չի կարողանա ուժ կիրառել (Սերժ Սարգյսանն էլ չգիտեր, որ չի կարողանա ուժ կիրառել) ու իրեն իշխանությունը կհանձնի՝ վառված լինելով Ռուբեն Վարդանյանից, Սամվել և Կարեն Կարապետյաններից ու Ռոբերտ Քոչարյանից։ 
Կարային բռնեին, կարային խփեին, դեմները մարդակերներ են։ 

Փա՛ռք մեր ժողովդրին, հայի ազատատենչությանը ու համառությանը, որովհետև մեր ժողովդրի կուտակված կատաղությունը վճռական դեր խաղաց։

Բայց ռեվանշի վտանգը մնում է և հիմա, կուսակցություն են ստեղծում, ֆուտբոլային թիմ են տեղափոխում Հայաստան, ահռելի ֆինասնական ռեսուրս ունեն, իսկ Ռուսաստանը ունի վճռական ազդեցություն Հայաստանի վրա՝ դիմադրելու են ու երկար։

Հայաստանը շարունակում է մնալ ռուսական գոտու մաս։ Ռուսական գոտուց դեպի Հայաստանակենտրոնություն պոկվելը հեշտ չի, իսկ այլ երկրների փորձից գիտենք, որ ցնցումային, վտանգավոր ու մեծ խնդիրներ առաջացնող գործընթաց է։ Անհրաժեշտ է դանդաղ, համառ, շատ զգույշ, նուրբ ու ռուսների բնավորության առանձնահատկությունները հաշվի առնող քաղաքական աշխատանք։

Հայաստանը շարունակում է մնալ իր տնտեսության կառուցվածքով, բիզնեսի առանձնահատկություններով դեռ օլիգարխիկ երկիր, որտեղ ապարատի ու խոշոր բիզնեսի ներկայացուցիչները պահպանում են իրենց ազդեցությունը քաղաքական իշխանության վրա։ Այստեղ նույն մեթոդներն են պետք ու ժամանակ։

Ձևավորվող կառավարությունը ու վարվող քաղաքականությունը Մոսկվայի և հայկական խոշոր կապիտալի հետ որոշակի կոմպրոմիսի արդյունք է։ Իրականությունը սա է, և դեռևս այդպես է։

Ն․ Փաշինյանը ժառանգել է ոչ միայն 7 միլիարդ պարտքը, այլ նաև երկու տասնամյակում կուտակված, ստեղծված արտաքին պարտավորությունները ու ներքին հանգամանքները։ 

Գործի կեսն էլ արված չի։ Բայց դրանից չի բխում, որ Ն․ Փաշինյանը իրենց մարդն է, և պետք է այս նոր իշխանությունը քանդել։ Ձախից քանդողներին ի գիտություն՝ գալու են հենց ձեր/մեր թշնամիները։

Ուստի, իհարկե, ես առաջինը կքննադատեմ իշխանություններին՝ առանց ռազմավարությունը քանդելու, ընտրելով լեզուն, ոճը, պահը ու ձևը, ու առանց հիստերիկ մեղադրանքների։
Իմ անձնական ընտրությունն է աջակցել Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին` չլինելով դրա մաս, ու հասկանալով ստեղծված իրավիճակը։ Հակառակ դիրքը օգնելու է գաղութային օլիգարխային գալ ռեւանշի։

Նիկոլ Փաշինյանից ձախ գտնվում են ավելի ռադիկալ ուժեր, որոնց ես նույնպես կաջակցեմ` էլի չլինելով իրենց մաս, այնքանով, որքանով ռազմավարությունը ընդհանուր է։

Ինձ խորթ են Նիկոլ Փաշինյանի թիմի աջ-լիբերտարիալ, կիսասորոս-քաղաքացիական, օտարա(արևմտա-)մետ թիմի լեզուն, ոճը, գլամուր, ֆրոնդյոր տուսովշիկների պատկերացումները Հայաստանի մասին, և հետևաբար զարգացման տեսլականները։

Ես էլ իրենց համար եմ խորթ իմ քաղաքական ազգի պատկերացումներով։

Խորթ են նաև ձախ հայդուկյան թևի պատկերացումները, որովհետև դրանք ուղղակի քաղաքական չեն, մշակութային զեղումներ են։

Այս երկու խմբերի արանքում ես գործելու եմ ընդդեմ օլիգարխիայի՝ ռուսահայ՝ հիմա, և հայկական՝ հետո և կաջակցեմ այս իշխանությանը ու ռադիկալ ձախ թևին այնքանով, որքանով իմ պատկերացումները Հայաստանի ընդհանուր բարիքի մասին համընկնում են իրենց գործունեության հետ։

Սև֊սպիտակ, դավաճան, սաղ խոսացած է, Սերժը հանձնեց, որ պարտքերը ջրվի, Նիկոլը իրենց մարդն է, ու և այլն՝ ոչ իմ էջին, զահլա չկա։ Քաղաքականության մեջ չկան հավերժ դաշնակիցներ, կան միայն հավերժ համոզմունքներ։ 
Եվ կա երկար գործընթաց։ Նիկոլ Փաշինյանը և շարժումը էլի մնում են դեռ վտանգված, ու իրավիճակը դեռ լիովին անդառնալի չէ․․.

Քաղաքական պայքար է իր վտանգներով, նրբություններով, դանդաղ ձեռքբերումներով ու աշխատանքով։ Կան ու կլինեն սխալ որոշումներ, տապալումներ, հիմարություններ, նշանակումներ, կլինեն ևս կոմպրոմիսային քայլեր, տակտիկական շեղումներ։ Կլինեն նաև բողոքներ և ցույցեր Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այդ նույն մարդկանց։ Մթնոլորտը փոխվել է, և այդ ջինը էլ շշի մեջ չի մտնի, և դա լավ է։ 
Բայց հենց այդքանով հանդերձ, եթե ռազմավարությունը հասկանալի է, ընդունելի, ապա ավանսով այս թիմին աջակցելը դառնում է անայլընտրանք այնքանով, որքանով այս թիմի այլընտրանքը դրսից կառավարվող գաղութային վարչակարգն է կամ տեղի քրեական տարրը։

Կարելի է վերացնել հայ, բայց ոչ ազգային կապիտալի քայքայիչ քաղաքական ազդեցությունը՝ այս պահին հիմնվելով հայ ազգային բուրժուազիայի վրա, ինչպիսին որ այն կա իր բոլոր թերություններով։

Եվ կարելի է հասնել նրան, որ Հայաստանի արտաքին քաղաքական բալանսը անցնցում ու անկորուստ բերվի մեզ ձեռնտու իրավիճակի, որը աշխարհագրությամբ շատ հարմար է՝ պայմանական երեք կենտրոնների միջև․ Արևմուտք, Իրան ու Ռուսաստան` պահպանելով փոխշահավետ բարիդրացիական հարաբերությունները բոլորի հետ ու չդառնալով այլևս ոչ մեկի գերին` ոչ Արևմուտքի, ոչ էլ ռուսահայ օլիգարխայի, նույնիսկ եթե այն ԽՍՀՄ ՊԱԿ֊ի 5 վարչության ստեղծած լիբերալ թևն է։

Հայկ Բալանյան

լուսանկարը՝ Սեդրակ Մկրտչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter