HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կրթական համակարգը ազատել կուսակցականացման, ռազմականացման, կրոնականացման և առևտրայնացման ճիրաններից»

«Հետքի» գրավոր հարցերին պատասխանում է Կրթական  քաղաքացիական նախաձեռնության անդամ, քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը

-Վահրամ, համառոտ ինչպե՞ս կձևակերպեք Հայաստանում կրթության ոլորտի ներկա վիճակը:

-Կրթական համակարգում ամենասուր խնդիրը սոցիալական անարդարությունն է։ Տարիներ շարունակ կրթությունը կենտրոնացվել է Երևանում, հեռավոր բնակավայրերի երեխաները զրկվել են որակյալ կրթություն ստանալու իրավունքից։ Խոշոր բիզնեսին ծառայող կառավարությունը տարեցտարի կրճատել է կրթության ծախսերն ու կրթությունը դիտել որպես ավելորդ բեռ և ոչ որպես ներդրում։ Ըստ էության, այդպիսով ծրագրվել է ներկայիս աղքատության մակարդակը, որը ՀՀ ԱՎԾ տվյալներով` ուղիղ համեմատական է կրթության այս կամ այն աստիճանի հետ։

Ռազմավարական առումով նույնպես ՀՀ ՀՆԱ-ում կրթության ծախսերը որոշել են իջեցնել ներկայիս 2,2 տոկոսից մինչև 1,8 տոկոս, այն դեպքում, երբ աշխարհում շատ քիչ երկրներ են, որ ՀՆԱ 2,5 տոկոսից ցածր կրթության ֆինանսավորում ունեն։ Այսինքն՝ նպատակ է դրվել Հայաստանի աղքատ խավերին անդառնալիորեն զրկել կրթության հանրային բարիքից և արգելակել նրանց վերադարձը դեպի բարեկեցիկ կյանք։ Այդ խավերի համար նախատեսվել է սպասարկող և շահագործվող անձնակազմի, «Ազգ-բանակ» հայեցակարգով` դիրքապահ զինվորների դերը։

Այսպիսով, մենք խնդիր ունենք պաշտպանելու զանգվածային կրթության սկզբունքը, որը բոլորի համար հավասար կրթական հնարավորություն կապահովի։ Բարեբախտաբար մենք խորհրդային տարիներից դեռևս ունենք դպրոցների ու մանկապարտեզների լայն ցանց, որը պետք է պահպանել և արդիականացնել։ Ներկայիս սոցիալ-տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառը 2000-ականների տնտեսական աճի տարիներին մարդու կրթության մեջ չկատարված ներդրումներն են։

Բովանդակային առումով մեր դպրոցները մնացել են ավտորիտար մտածելակերպի գերին։ Ռեֆլեկտիվ քննադատական մտածողություն, կարողություններ և հմտություններ խթանելը դեռևս մեծ խնդիր է մեր դպրոցների անձնակազմի համար։ Անձի ազատությունն ու հասարակական համերաշխության գաղափարները հետևողականորեն զոհաբերվել են կուսակցականացման, կրոնականացման, ռազմականացման և առևտրայնացման վտանգավոր միտումներին։ Դպրոցական խորհուրդները որպես դեմոկրատիայի բջիջներ չեն գործում մասնակցայնության սկզբունքով։ 2018-ի ապրիլի արժեքային ու մշակութային հոսանքը նոր հնարավորություն է բացում այս մտահոգիչ պատկերը փոխելու համար։ 

-2014-ին  կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծվեց: Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրերից մեկը կրթության ոլորտին է վերաբերել: Ձեր կարծիքով՝ այս տարիներին հաջողվե՞լ է նվազեցնել կոռուպցիոն դեպքերը դպրոցներում, բուհերում, նախակրթարաններում:

-Ոչ, կոռուպցիան դպրոցներում ավելի խորամանկ ու ճկուն դրսևորումներ է ստացել։ Տնօրենները՝ որպես կուսակցական ֆունկցիոներներ, թաթախվել են ֆինանսական մեքենայությունների մեջ։ Մեկ տարվա ընթացքում մենք անընդհատ ստանում ենք հաղորդումներ այն մասին, որ տնօրենները գույք են գնում և կրկնակի գումարով ՀԴՄ կտրոններ են վերցնում, ուսուցիչների համար պարգևավճարներ են սահմանում, սակայն այդ գումարներն իրենց են վերադարձվում։ Այս ամենը սիստեմի մասն է։ Դու կատարում ես մեր կուսակցական հրահանգները, մենք աչք ենք փակում քո կոռումպացվածության վրա։ Այդ է պատճառը, որ Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը փորձում է օգնել տեղերում ծնողների և ուսուցիչների ինքնակազմակերպման ջանքերին։ Բոլոր այն տեղերում, որտեղ ծնողներն ինքնակազմակերպվել են, կոռուպցիոն դեպքեր են բացահայտվել կամ կանխարգելվել։

-Մեկ տարի է՝ ստեղծվել է Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը, որի նպատակը, ինչպես հայտարարվել է,  կրթության ոլորտում դրական փոփոխությունների հասնելն է: Ի՞նչ դրական տեղաշարժ եք ունեցել:

-Նախ՝ այս մեկ տարվա ընթացքում մենք կրթության իրավունքի մասին ուղեցույցների, հուշաթերթիկների և անգամ ծաղրանկարների միջոցով իրազեկել և ակտիվացրել ենք բազմաթիվ ծնողական խմբերի, պարզաբանել ենք մանկապարտեզների ֆինանսավորման սխեմաները, օգնել ծնողներին բացահայտել չարաշահումները, քաջալերել աշխատեցնել դպրոցական խորհուրդները։  

Այս ընթացքում ձևակերպել ենք մեր չորս առաջնահերթությունները` կրթության իրավունք, սոցիալական արդարություն, մասնակցություն և քննադատական մտածողություն։ Մայիսի 14-ին մենք կհրապարակենք նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ուղղված մեր առաջարկների համապարփակ փաթեթը, որը ներառում է կրթության բոլոր ոլորտները։ Մենք ունենք դեպքերի անանուն ահազանգման հարթակ` https://iditord.org/education/։

Հանրային արշավ ենք կազմակերպել 2018 թ.-ին կրթության ֆինանսավորման մեծացման ու վերաբաշխման նպատակով։ Կազմակերպել ենք փորձագիտական քննարկումների շարք կրթական քաղաքականության տարբեր թեմաների շուրջ` 1. Սոցիալական արդարություն և կրթություն, 2. Կրթության ֆինանսավորում, 3. Բուհերի դիմորդների թվի անկումը, 4. Դպրոցների խորհուրդների գործունեությունը։ Դրանց արդյունքում ստեղծված եզրակացություններին և տեսանյութերին բոլորը կարող են ծանոթանալ մեր ֆեյսբուքյան էջում և յութուբի ալիքում։ Մենք խնդիր ենք դրել նաև խթանել այլընտրանքային կրթական հարթակներ։

Մեր նախաձեռնությունը ինքնաբուխ ինքնակազմակերպման արդյունք է և փորձում է ձևակերպել հանրության ձայնն ու համատեղել քաղաքացիների ու փորձագետների տեսակետները։ Հատկապես առանձին անհատները դպրոցներում և քաղաքացիական ակտիվիստները, ինչպես նաև տարբեր մասնագիտական ՀԿ-ները էական դեր են խաղում մեր աշխատանքներում։ Մեր անդամների ու գործընկերների մասին նույնպես կարող եք տեղեկանալ ֆեյսբուքյան էջում։ Մենք ակտիվ համագործակցում ենք «Հանուն գիտության զարգացման» քաղաքացիական նախաձեռնության, «Մանկապարտեզը և երեխաները» և «Դպրոցներ, խմբակներ, պարապմունքներ» ֆեյսբուքյան խմբերի հետ։ Որպես կրթության շատ բազմազան շահառուների հարթակ (անհատ քաղաքացիներ, փորձագետներ, 15-ից ավելի ՀԿ-ներ և այլն) մենք աշխատել ենք թե՛ օրակարգ ձևակերպել ՀՀ կրթության և գիտության նախարարության առջև, թե՛ ուժեղացնել ակտիվ քաղաքացիական խմբերին` ապահովելով կապը այդ երկու մակարդակների միջև։ 

-Ի՞նչ պետք է առաջնահերթ փոխել կրթական համակարգում, ո՞ր կետից պետք է սկսել:

-Նախևառաջ պետք է կրթական համակարգը ազատել կուսակցականացման, ռազմականացման, կրոնականացման և առևտրայնացման ճիրաններից։ Այս նպատակով նոր ԿԳՆ-ի կամքն իսկ արդեն շատ կարևոր է։ Սակայն առավել կարևոր է դպրոցների և ուսուցիչների բովանդակային վերապատրաստումը` ազատության, ժողովրդավարության և արդարության արժեքներին և դրանցով առաջնորդվող հասարակարգին համահունչ կրթություն կազմակերպելու համար։

Հեղափոխական դեպքերի օրերին անցնում էի Երևանի դպրոցներից մեկի բակով։ Լսեցի, թե ինչպես են աշակերտները գրականության դասի ժամին վանկարկում «Միացե´ք», «Ազա՛տ, արդա՛ր Հայաստան» լոզունգները, ինչին ի պատասխան ուսուցիչը բղավեց. «Հասկացանք, դա երեկ էր, մոռացեք դա, այսօր դաս է»։ Այն, որ մեր ուսուցիչներից շատերը պատրաստ չեն մեր հասարակության մեջ տեղի ունեցողի շուրջ բանավիճել կամ ճիշտ մեկնաբանել դրանք, ըստ էության, շատ մեծ մարտահրավեր է։

Երկրորդը`մենք պետք է շտապ նյութական վերաբաշխումներ իրականացնենք նախադպրոցական կրթության և հանրակրթության ոլորտում։ Այն հարյուր հազարավոր մարդիկ, որոնք աղքատությունից դառնացած եկան Երևան և մասնակցեցին զանգվածային բողոքի ակցիաներին, պետք է անհապաղ ստանան անվճար մանկապարտեզներ անխտիր բոլոր բնակավայրերում։ 1-4-րդ դասարանների աշակերտները չպետք է ստիպված լինեն ամեն օր 6 կմ քարուքանդ ճանապարհ անցնել՝ դպրոց հասնելու համար։ Դպրոցը շատ գյուղերի համար կարևոր սոցիալական հաստատություն է։ Անհրաժեշտ է բյուջետային վերաբաշխումներ կատարել և հրաժարվել պետբյուջեի հաշվին էլիտար անհասկանալի կրթություն խրախուսելու միտումից և այդ գումարներն ուղղել մարզերի դպրոցներին։ Անգամ ամենաաղքատ վայրերում դպրոցը պետք է ամենաբարվոք վիճակում գտնվող հիմնարկը լինի։

Եվ իհարկե այլևս երբեք ՀՀ կրթության նախարարը չպետք է ամփոփիչ ասուլիսի ընթացքում թվարկի մասնավոր ընկերությունների ներդրումները կրթության ոլորտում, այլ պետք է ցույց տա, թե որոնք են պետության կրթական քաղաքականության բովանդակային և ֆինանսական շեշտադրումները։ Ինչպես տեսնում եք, մենք ձևակերպել ենք մեր գլխավոր տեսլականը` «Սոցիալական արդարություն կրթության ոլորտում» և այդ նպատակով շարունակելու ենք վերահսկել ՀՀ կրթության նախարարության քայլերն ու աջակցել յուրաքանչյուրի մասնակցությանը։ Մայիսի 18-ին տեղի կունենա մեր հերթական ընդհանուր ժողովը, որը Կրթական քաղաքացիական նախաձեռնության բարձրագույն մարմինն է և բաց է բոլոր քաղաքացիների առաջ։

Հայաստանի կրթական համակարգի կարևորագույն խնդիրը ոչ թե գիտելիքի փոխանցում և վերարտադրություն ապահովելն է, այլ աշակերտներին ինքնուրույն մտածելու, նախաձեռնելու, որոշումներ կայացնելու և այլ հմտություններ ու կարողություններ սովորեցնելը։ Դա նաև կարևոր է, որպեսզի մեզ սպասվող հասարակական և քաղաքական ապագա բանավեճերում մենք ունենանք առավել ռեֆլեկտիվ և քաղաքականապես պատրաստված քաղաքացիներ։

Լուսանկարները՝ boon.am-ի

Մեկնաբանություններ (1)

Hovik
Պարոն Սողոմոնյան, լիովին համաձայն եմ ձեր հետ: Հետաքրքիր է, որ նույնիսկ այս կրթական համակարգի պայմաններում մենք ունենք հիանալի երիտասարդություն, որը վճռորոշ դեր ունեցավ հեղափոխության հաղթանակի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter