HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բագրատ Ասատրյան. «Եթե բիզնեսի և քաղաքականության սերտաճումը վերացնելու հարցը խորհրդարանի մակարդակով չլուծվի, տեսանելի արդյունքներ չեն լինի»

« Մինչև Հայաստանի նոր իշխանությունները չկարողանան սերտաճած բիզնեսը և քաղաքականությունը տարանջատել, տնտեսական ու սոցիալական կյանքում տեսանելի արդյունքներ չեն կարող լինել։ Իսկ տնտեսական գլոբալ փոփոխությունների համար հարկավոր է համբերատար լինել. տարիներ են պետք»։ Այսպես է կարծում Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։ «Հետք»-ը նրա հետ զրուցել է  Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության տնտեսական արդյունքների և ակնկալիքների մասին։

- Պրն Ասատրյան, հեղափոխությունից հետո տնտեսական ոլորտում առաջնահերթ  ո՞ր խնդիրները պետք է  ուշադրության կենտրոնում լինեն։

Հայաստանում վերջին մեկ ամսում տեղի ունեցածը իրական ժողովրդական հեղափոխություն էր՝ իր ուրույն ձևով, բովանդակությամբ ու դրսևորումներով։ Հեղափոխության առաջնային արդյունքը  պետք է լինի իշխանափոխությունը. մենք արդեն այդ գործընթացի մեջ ենք, իսկ հեռանկարը` քաղաքական համակարգի փոփոխությունը։ Սկզբնական շրջանում՝ նոր խորհրդարանի կազմավորումը։ Այն, ինչ ունեինք,  նախկին իշխանության «զավակն էր»՝ ձևավորված վարչական ճնշումների հանցանքի ու ընտրակաշառքի միջոցով, որի միակ նպատակը համակարգի վերարտադրությունն էր։ Հիմա քայլ առ քայլ մենք պետք է առաջ գնանք` նախ վերականգնենք սահմանադրությամբ նախանշված օրենսդիր մարմնի գործառույթը։ Հաջորդը` պետք է փոփոխվեն քաղաքական համակարգի ձևավորման ուղիներն ու մեթոդները, այսինքն՝ վերանայվեն ընտրական օրենսգիրքը, ընտրությունների հետ կապված ամբողջ օրենսդրությունը` Սահմանադրական նորմերից մինչ ընտրական հանձնաժողովների կազմը։ Այս փոփոխությունների նպատակը պետք է լինի օրինական  ընտրությունների կազմակերպումը: Հակառակ դեպքում միշտ կլինի այնպես, ինչպես եղավ այս անգամ՝ իշխանափոխություն ոչ թե ընտրությունների, այլ հեղափոխության միջոցով։

Փոփոխություններ պետք է լինեն և լինելու են։ Ուղղակի մենք, մեր երկիր Հայաստանը հասել էինք մի սահմանի, որից նահանջելու տեղ էլ չունեինք: Եվ այս տեսանկյունից նոր ձևավորված կառավարության մշակվող ու առաջիկայում ներկայացվելիք ծրագրի առաջնային խնդիրներն են տնտեսության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների մշակումն ու իրագործումը։ Ծրագրի հիմնական առաքելությունը պետք է լինի առողջ մրցակցային տնտեսական միջավայրի ձևավորումը, ազատական տնտեսական համակարգի գործունեության խոչընդոտների վերացումը և հեռանկարային միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման նախադրյալների ձևավորումը:

 Մեր տնտեսական օրենսդրությունը ձևավորվել է ազատական գաղափարախոսության ներքո, այն իր էությամբ եվրոպական օրենսդրություն է։ Անկախությունից ի վեր մենք գնում էինք դեպի Եվրոպա, իսկ վերջին տարիներին, երբ մեզ մղեցին դեպի ԵԱՏՄ, որոշակի տարրեր սկսեցին հարմարեցվել այդ միջավայրին։ Այս տարիների ընթացքում ձևավորվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին բազմիցս խոսվել է՝ կոռուպցիա, բիզնեսի և իշխանության սերտաճում, որոնք խեղդում են տնտեսությունը, չեն թողնում, որ շուկայական մեխանիզմներն աշխատեն։ Եվ այս հեղափոխության նպատակներից մեկն էլ սա վերացնելն է։ Մեր Հայաստանը դարձել էր մի խումբ մարդկանց երկիր, որոնք ունեին ամեն ինչ՝ թե´ քաղաքական, և թե´ տնտեսական, և թե´ այլ հնարավորությունների իմաստով։ Ուղղակի այդ մարդկանց նպատակները, վարած քաղաքականությունը չէր համընկնում մեր երկրի շահերի հետ։ Հիմա առաջնահերթ այդ խնդիրները պետք է լուծվեն, որովհետև դրանք վտանգ են թե´ բուն տնտեսության համար, թե´ երկրի գոյության համար։ Խայտառակ վիճակի ենք հասել։ Կոռուպցիան դարձել է կառավարման համակարգի մասը, բովադակությունը, այն վերից վար ներթափանցված է մեր հասարակության մեջ։ Կոռուպցիան ու մենաշնորհները, որ այսօր կան, բիզնեսի ու իշխանությունների սերտաճման հետևանքն են։ Պետք է, որ առաջիկայում փոփոխությունների ինչ-որ դրսևորումներ արդեն լինեն։

- Հասարակության  մի մասն այս հեղափոխությունից հետո իր կյանքում սպասում է արագ ու շրջադարձային փոփոխությունների։ Դրանք նախևառաջ տնտեսական ոլորտում փոփոխությունների հետևանքները պետք է լինեն։ Հնարավո՞ր է այդպիսի արդյունքների հասնել կարճ ժամանակում։

Ե՛վ այո, և՛ ոչ։ Նայած կոնկրետ ինչ փոփոխություններ ենք ուզում տեսնել։  Այս հեղափոխության ընթացքում արդեն իսկ շատ փոփոխություններ են եղել։ Մարդիկ իրենք իրենց հանդեպ վերաբերմունք են փոխել, փողոցում իշխողը հանդուրժողականությունն է, օրինականությունը, սրտացավությունն ու փոխադարձ հարգանքը: Կենցաղային օրինակ՝ հանրահավաքների հաջորդ առավոտյան մարդիկ գալիս ու հրապարակից հավաքում են աղբը։ Սա շատ լուրջ արժեքամշակութային փոփոխություն է, որը լուրջ հիմք է ապագայի կառուցման համար։ Այլ ժողովուրդներ նման փոփոխության կարող էին հասնել տասնյակ տարիների ընթացքում։ Հաջորդը, ինչ էր Հայաստանը մինչև ապրիլի 15-ը՝ մեկուսացված, աշխարհում բացասական ընկալումներով առանձնացող երկիր։ Հայաստանը բացվեց, ճանաչելի դարձավ աշխարհի համար իբրև օրինակելի, խաղաղ, օրինական լուծումներով ապագան կառուցող հանրություն, դարձավ միջազգային սուբյեկտ՝ թավշյա հեղափոխության շնորհիվ։ Յուրաքանչյուրիս համար այն որոշակի բավարարվածություն է ստեղծում։ Սա ինքնին բավականին մեծ հնարավորություն է, որը մենք պետք է կարողանանք օգտագործել,  այս կարողությունը պետք է դրվի ապագա լուծումների հիմքում:

- Տնտեսության առողջացման համար արդեն այսօր կոնկրետ ո՞ր ոլորտներից պետք է սկսել։

Իհարկե, պետք է գանք արդեն մյուս ու ավելի բարդ խնդիրներին, որոնք շատ ավելի կոնկրետ են։ Շարքը շատ երկար է։ Պետք է այս եղած համակարգը ուղղակի քանդվի և պարզ է, որ նոր համակարգի ձևավորման համար ժամանակ է պետք։ Ունենք աղքատության սարսափելի բարձր մակարդակ։ Այս խնդրի լուծումը ոչ մի վայրկյան չպետք է ուշացնել։ Այսօրվա իշխանությունը պետք է արդեն նշմարի առաջահերթ միջոցառումներն, հետագա ծրագրերն ու ուղղությունները։ Այս տարվա արդյունքներով արդեն կարելի է աղքատության մակարդակի որոշակի կրճատման հասնել։ Դրան զուգահեռ կան խնդիրներ, որոնք ավելի գլոբալ են, և որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում։ Օրինակ, սոցիալական բևեռացման խնդիրը։ Հայաստանն այսօր նախկին ԽՍՀՄ պետությունների ցանկում ամենաբևեռացվածն է։ Վրաստանն այսօր տնտեսական ընդհանուր բնութագրերով էապես չի տարբերվում Հայաստանից, օրինակ, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով։ Բայց Վրաստանում աղքատության մակարդակը հաջողվեց կտրուկ նվազեցնել, և այն հիմա շատ ավելի ցածր է, քան Հայաստանում, այն կտրուկ նվազեցվեց շնորհիվ սոցիալական քաղաքականության մեջ տեղաշարժերի ռեսուրսների ավելի արդյունավետ տնօրինման, այլ ոչ թե ծավալուն ներդրումների։ Արտագաղթի տեմպերով ևս Հայաստանի ցուցանիշն ավելի բարձր է, քան Վրաստանում։ Վրացին իր ապագան տեսնում է Վրաստանում, իսկ հայը մինչև այս պահը հակված է եղել արտագաղթել։ Ստեղծված այս նոր իրավիճակում կարելի է դրական արդյունքներ ակնկալել։

Եվ երրորդ առանցաքային ոլորտը, որը հիմնովին փոփոխությունների կարիք ունի, կրթական համակարգն է, որը վերջին տասնամյակում և դեռ ավելի երկար ժամանակահատվածում անընդհատ քայքայվել է, ինչը իրականացվող քաղաքականության հետևանք է։ Այսպես, եթե վերջին տասնամյակի ընթացքում մեր բյուջեի ծախսերն աճել են մոտ 1.7 անգամ, ապա պետական ծառայությանն ուղղվող ծախսերն աճել են մոտ 2.5 անգամ, ոստիկանության և հասարակական կարգի ու ներքին անվտանգության ծախսերը՝ 2 անգամ, իսկ կրթության ծախսերը՝ ընդամենը 1.3-1.4 անգամ, ասինքն՝ իրական արժեքով կրճատվել են։

Բազմաթիվ հարցեր կան, որոնց ուղղությամբ աշխատանքները պետք է հենց այսօրվանից սկսել։ Մեր առկա ռեսուրսներով կարող ենք արդյունավետ լուծումներ գտնել, պետք է եղածն արդյունավետ օգտագործենք։

- Մեր երկրում ամենակարևոր տեղաշարժը  ո՞րը պետք է լինի։

Իշխանությունները դեմքով պետք է շրջվեն դեպի ժողովուրդը։ Մինչև հիմա ժողովուրդը եղել իշխանությունների համար միայն վերարտադրվելու միջոց։ Այս իշխանությունները պետք է հաշվի նստեն ձևավորված ներուժի հետ, նկատեն այն երիտասարդներին, որոնք ինքնադրսևորման հատուկ մոտեցումներով հանդես եկան, պետք է նրանց ոգևորեն ու գործի դնեն։ Պետք է օգտագործել հասարակության ներուժը, ձևավորված եռանդն ու լիցքը։ Բազմաթիվ խնդիրներ կարելի է դնել հասարակական նախաձեռնությունների ու կազմակերպությունների վրա` մաքուր Հայաստանից մինչ կրթության հասանելիություն: Ավելին, այս ներուժը կարող է և պետք է օգտագործվի կառավարման համակարգում:

 - Բիզնեսի և քաղաքականության սերտաճումը մեր երկրի տնտեսական խնդիրների գլխավոր պատճառներից մեկն է։ Նոր կազմավորվող կառավարությունը ինչպե՞ս  կարող է այս հարցն արդյունավետ լուծել։

Փոփոխություններն առաջին հերթին պետք է լինեն ոչ  թե տնտեսական քաղաքականության մասով, այլ պետք է վերաբերմունք փոխենք, փոխենք քաղաքականության իրականացման եղանակները։ Պետք է հետևենք սահմանադրական պահանջներին, որը հստակ ասում է, թե որտեղ է բիզնեսը, որտեղ իշխանությունը։ Եթե հետևենք Սահմանադրությանը, արդեն իսկ փոփոխություններ կլինեն։

Ես ունեմ որոշակի պատկերացումներ այդ հարցի լուծման վերաբերյալ։ Մեր արդեն նախկին իշխանությունները հնարավորություն էին տալիս, անգամ շատ դեպքերոմ պարտադրում, որ քիչ, թե շատ բարձր քաղաքական պաշտոն ունեցողը բիզնեսով զբաղվի։ Այսինքն՝ նախևառաջ պետք է այս վերաբերմունքը փոխել ու ավելի խիստ նայել այդ հարցին, դիտարկել այդ համատեղումը իբրև օրինազանցություն` դրա բոլոր հետևանքներով: Առաջին քայլը՝ հրաժարվենք նրանց` պետական ապարատում ծառայություններից։

- Ինչպե՞ս։

Թող քաղաքական գործիչ/պետական պաշտոնյա-բիզնեսմեն անձը ընտրություն անի՝ կա´մ քաղաքականության մեջ է մնում, կա´մ բիզնեսի։ Իհարկե, դա ներկայիս խորհրդարանում շատ դժվար է լինելու։ Կարևորը՝ խորհրդարանում եղած իշխող հատվածը գնա ինքնամաքրման, գիտակցի, որ սա զարգացման լուրջ խոչընդոտ է: Այստեղ մեծ անելիքներ ունի հասարակությունը, հասարակական նախաձեռնությունները: Բայց, իհարկե, սա երկար ու բարդ գործընթաց է։ Մեր երկրում տարիներ շարունակ խրախուսվել է փողի և իշխանության սերտաճումը, իշխանության առաջնային նպատակը խոշոր բիզնեսների սպասարկումն էր և զարգացման խրախուսումը, իսկ փոքր ու միջինը մնացել են ստվերում։ Իշխանությունը պետք  է մտածի բոլորի մասին, բայց ուշադրության կենտրոնում պետք է  լինի փոքրը, թույլը, անպաշտպանը։

- Ասացիք, որ նոր կառավարության գլխավոր խնդիրներից մեկը պետք է լինի տնտեսության բնականոն գործընթացի ապահովումը։ Ենթադրում եմ՝ այս ոլորտում ցնցումներ ու կտրուկ շրջադարձեր մեզ պետք չեն։  Տնտեսական կյանքում գլոբալ փոփոխությունների համար, ըստ Ձեզ, որքա՞ն  ժամանակ է հարկավոր։

Գլոբալ  փոփոխությունների համար իհարկե երկար ժամանակ է պետք։ Հիմա մենք ստացել ենք տնտեսությունը զարգացնելու հնարավորություն։ Բայց շոշափելի փոփոխությունների համար տարիներ են անհրաժեշտ։ Ի վերջո չմոռանանք, որ մեր միջավայրում վաղուց ի վեր տնտեսական քաղաքանությունը վերածվել էր առանձին միջոցառումների: Պետք է հստակ առանձնացել կարճատև ծրագրերը, միջնաժամկետ ու հեռանկարային ծրագրերը։ Բայց միայն ծրագրեր գրելը քիչ է։ Իշխանությունները պետք է ազնիվ լինեն ժողովրդի հետ և ամենակարևորը` հաշվետու։ Նախորդ իշխանությունները հանդես եկան բազմաթիվ լավ ծրագրերով, բայց որևէ մեկը դրանց չիրագործման համար պատասխան չտվեց, ներողություն անգամ չխնդրեց։

- Իսկ դրական փոփոխություններ արդեն հիմա կարե՞լի է նկատել։

-Այո, նկատելի է: Մի քանի աղբյուրից արդեն տեղեկություն է գալիս առանձին մարմիների գործելաոճի փոփոխության մասին, օրինակ, մաքսային ծառայության` թե ինչքան արագ ու անխոչընդոտ գործարքներն իրականացվեցին: Տնտեսության մեջ արդեն իսկ տեսանելի դրական արդյունքներ կան կամ հիմքեր՝ առաջիկայում դրանք գրանցելու համար։ Օրինակ՝ զբոսաշրջության ոլորտում։ Մեր  տնտեսության զարգացման կարևոր ուղղություններից մեկը զբոսաշրջությունն է, իսկ քաղաքական վիճակի փոփոխությունը գրավիչ է դարձրել Հայաստանը։ Ներդրումների վրա ևս այսպիսի հեղափոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ։ Սակայն իշխանությունները չպետք է նստեն և սպասեն: Անելիքները շատ են` պետք է կտրուկ բարելավվի պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը: Որևէ մակարդակի պետական ծառայողի պարտականությունը քաղաքացիների գործունեությանը նպաստելն է: Դրական եմ համարում նաև մեր բանկային համակարգում տեղի ունեցողը։ Ապրիլի ընթացքում եղել է արտահոսք բանկային համակարգից, բայց մայիսի առաջին օրերից դրական դինամիկա արձանագրվեց (խոսքը ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվների մնացորդի մասին է,- հեղ.)։ Արձանագրենք, որ այս ընթացքում ֆինանսական համակարգի կայունությունը պահպանվեց։ Փողը շատ նուրբ երևույթ է, երբ վտանգ է` փախչում է, մի լավ տեղ է տեսնում` անմիջապես գալիս է այդտեղ։ Հայաստանն այսօր կարող է այդպիսի տեղ դառնալ։ Իհարկե, միանգամից խոշոր կապիտալ չի գալու։ Փոքր հոսքերը, որոնք նախկին տասնամյակի  ընթացքում փաստորեն չորացան, կարող են քիչ-քիչ վերականգնվել։ Ներդրումային գործառույթ, ըստ երևույթին, չկար մինչ այս։ Միակ լուրջ ֆինանսական հոսքը մասնավոր տրանսֆերտներն էին։

- Նոր կառավարությունը շուտով պետք է առաջին մի քանի տարվա գործունեության ծրագիրը ներկայացնի։ Ըստ Ձեզ՝ առաջնահերթ ինչի՞ն պետք է ուշադրություն դարձվի։

Հարկավոր է դեմքով շրջվել դեպի խնդիրները, համարձակորեն մտնել այդ խնդիրների դաշտ։ Դրա հիման վրա նոր պետք է ձևավորվեն ծրագրերը։ Պետք է լինի կամք` դրանք իրականացնելու։ Հուսանք՝ այս իշխանությունը լինելու է ձգտողների, մտածողների, խնդիրներ դնողների և լուծումներ տվողների համակարգ։

Մեկնաբանություններ (2)

Ashot
Վերջապես խոստովանեց, որ Հայաստանը ունենլաով շատ ավելի վատ մեկնարկային պայմաններ տնտեսությունով Վրաստանին չի զիչում: Իսկ աղքատության պահով: Հայաստանը պատերազմ հաղթած ու հողթանակը պահող երկիրա ստպիվածա ուժեղ բանակ պահի: Վրաստանի ռազմական բյուջեն 277միլիոնա Հայաստանինը мвт 500միլիոնի դոլլար: Եթե էտ 200միլիոն դոլլար տարբերությունը ուղղվեր սոցիալական ոլորտ աղքատությունը նույնպես նույն կարգի կլիներ: Կրթությունը Հայաստանի ու Վրաստանի ՏՏ ոլորտը համեմատալով պարզա դառնում որտեղա կրթության որակը ավելի բարձր:
Գեվորգյան Կարեն
ԱՅՍՕՐ ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՌԵՖՈՐՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԻ ,ՈՐՊԵՍԶԻ ԺՈՂՈՎՐԴԸ ԳՈՆԵ ՄԻ ՓՈՔՐ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԹՈԹԱՓԻ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԲԵՌԸ։ ԱՅՍՕՐ ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՊԵՏՔ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԲԵՌԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԼՈՒԾՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ, ՄԱՐԴՈՒՆ ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՈՒՄ ՆՈՐ ՄՆԱՑԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ։ ԱՅՍՕՐ ՕՐԻՆԱԿ ԻՆՁ ՆՈՐԻՑ ՃՕ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԵԿԱՎ ԴԱՀԿ -ԻՑ ։ՍԱ ԱՐԴԵՆ ԶԶՎԵԼԻ Է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter