Երկուշաբթի, 18 հունիսի

Չեխական կապիտալ. դեսպանը, մարզպետը, փոխնախարարն ու նախկին դատախազի որդին


Հայ պաշտոնյաներն ու նրանց հարազատները Չեխիայում ներդրումներ են կատարում տարբեր նպատակներով. ոմանք այստեղ բիզնեսով են զբաղվում, որոշները՝ անշարժ գույք են գնում, մի մասն էլ ո՛չ բիզնես ունի, ո՛չ գույք, բայց ընկերություն է հիմնել կամ գնել այս երկրում, ինչը, սակայն, աննպատակ չէ: Այս վերջինների շարքին կարելի է դասել Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանին, նրա ու որդու ընտանիքներին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին ու կնոջը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Կարեն Ղահրամանյանին կնոջ հետ, ինչպես նաեւ նախկին գլխավոր դատախազ, այժմ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որդիներից Միսակ Հովսեփյանին:   

Շենգենյան գոտու մաս կազմող Չեխիան զբոսաշրջիկների համար գրավիչ երկիր է դեռ սոցիալիստական ժամանակներից: Բայց վերջին տարիներին այս երկիրը, մասնավորապես, հայերին ու հայաստանցիներին գրավում է ոչ միայն իր տուրիստական կարողություններով, այլեւ ներդրումային միջավայրով: Բազմաթիվ հայեր՝ հատկապես Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից ու Վրաստանից, այստեղ ընկերություններ են հիմնել, որոնց մի մասը, ինչպես ասվեց, զբաղվում է բիզնեսով, շատերն էլ անշարժ գույք ձեռք բերելու համար են: 

Առիթ ունեցել ենք նշելու, որ ընկերության առկայությունը օտարերկրացիների համար հեշտացնում է Չեխիայում անշարժ գույքի ձեռքբերումը, իսկ սա էլ իր հերթին՝ քաղաքացիության ստացումը: Ընդ որում՝ նախկինում ընկերություն ունենալը (այլ կերպ ասած՝ հարկատու լինելը) պարտադիր պայման էր, որպեսզի արտասահմանցին կարողանար Չեխիայում անշարժ գույք ձեռք բերել. այսօր այդ պահանջը չկա: 

Մյուս կողմից, սակայն, կան նաեւ այնպիսի ընկերություններ, որոնք փաստացի չեն գործում, սակայն լուծարված էլ չեն: Դրանք ո՛չ բիզնես գործունեություն ծավալելու, ո՛չ էլ գույք ձեռք բերելու համար են հիմնվել: Եվ ուրեմն, ո՞րն է ստեղծման նպատակը: Հարցի պատասխանը թաքնված է Չեխիայի եւ շենգենյան երկրների միգրացիոն քաղաքականության մեջ: Այսպես՝ Չեխիան օտարերկրացիներին մուտքի կարճաժամկետ վիզա է տրամադրում առավելագույնը 90 օր ժամկետով կես տարվա ընթացքում: Այսինքն՝ անձը կես տարվա մեջ կարող է Չեխիայի տարածքում գտնվել մինչեւ 90 օր:

Սակայն գոյություն ունեն նաեւ երկարաժամկետ վիզա ու երկարաժամկետ կացության թույլտվություն, որոնք տրամադրվում են 90 օրից ավելի ժամկետով՝ ընտանիքի վերամիավորման, կրթական, գիտական, մշակութային, գործարար այցերի համար: 

Ահա հենց այս դեպքում Չեխիա այցելող օտարերկրացիների շրջանում տարածված պրակտիկա է դարձել, մասնավորապես, գործարար ներկայանալը, ինչը նրանք անում են ֆիկտիվ ընկերությունների միջոցով: Մեր չեխ գործընկերների հարցմանն ի պատասխան՝ Չեխիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ իրենք քաջատեղյակ են «քողարկող» ընկերությունների միջոցով միգրացիոն համակարգը չարաշահելու փորձերին: Այդ առումով 2011-ից Չեխիայի դեսպանատները պարտավոր են անհատական զրույց ունենալ յուրաքանչյուր անձի հետ, ով ցանկանում է 90 օրից ավելի ժամկետով վիզա կամ կացության թույլտվություն ստանալ՝ պարզելու նրա այցի նպատակի մանրամասները: Ըստ նախարարության՝ այս մեթոդն ապացուցել է իր արդյունավետությունը. օրինակ՝ անցյալ տարի մերժվել է իրավաբանական անձանց (ընկերությունների) ներկայացուցիչների հայտերի 2/3-ից ավելին, որոնք ներկայացվել են բիզնես նպատակով ավելի քան 90 օրվա վիզա ստանալու համար:   

Իրենց հերթին մեր չեխ գործընկերները նշում են, որ լրագրողական հետաքննությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ օտարերկրացիները նման ընկերությունները կիրառում են Չեխիայում մշտական կացության թույլտվություն ստանալու համար: Ըստ նրանց՝ ընկերության առկայությունը նպաստում է կրճատել այն ժամկետը (առնվազն 5 տարի), որը կպահանջվեր կացության վերաբերյալ գործի սովորական ընթացքի դեպքում: Հայտնի է, որ Չեխիան որպես կանոն տրանզիտ տարածք է ծառայում տարբեր մաֆիոզ խմբավորումների համար: Մեր գործընկերների տեղեկացմամբ՝ մասնավորապես, բալկանյան խմբավորումների անդամներն օգտագործում են վերը նշված հնարավորությունը՝ Չեխիայում բնակություն հաստատելու համար:

Մենք չենք պնդում, որ հայ պաշտոնյաներն ու նրանց հարազատները, որոնց կանդրադառնանք ստորեւ, վերոնշյալ նպատակներով են ընկերություններ հիմնել կամ ձեռք բերել Չեխիայում, սակայն փաստն այն է, որ դրանց կամ տերերի անուններով չկա անշարժ գույք, բացի դրանից, դատելով փաստաթղթերից, կարելի է ասել, որ ընկերությունները չեն գործում, սակայն լուծարված էլ չեն:

Մյուս կողմից՝ պաշտոնյաները չեն հայտարարագրել իրենց բաժնեմասերը չեխական ընկերություններում, իսկ դա օրենքի պահանջ է:   

Դեսպան Թումանյանը չի հայտարարագրել իր բաժնեմասը

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ու նրա ընտանիքի անդամները Պրահայում ընկերություն են հիմնել դեռ 2008-ին: Թումանյանը 2000-2006 թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր: 2006-ից մինչեւ 2015 թ., երբ նշանակվել է Իրանում դեսպան, եղել է իրավաբանական ծառայություններ մատուցող «Լիսամ» ՍՊԸ (գրանցված է Երեւանում) խորհրդի նախագահը: Այս ընկերությունը հիմնադրվել է հենց 2006-ին Ա. Թումանյանի կողմից:

Վերադառնանք Պրահա: «Unitezza Group» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008-ի նոյեմբերի 12-ին: Հիմնադիրները 4-ն են՝ Արտաշես Թումանյանը (52 %-ի փայատեր), նրա կինը՝ Անահիտ Ստեփանի Շահվերդյանը (16 %), դուստրը՝ Լիլիթ Թումանյանը (16 %), եւ փեսան՝ Կարեն Լեւոնի Գրիգորյանը (16 %): Լ. Թումանյանը նաեւ ընկերության տնօրենն է:   

«Unitezza Group»-ի կանոնադրական կապիտալը 200.000 չեխական կրոն է (4,5 մլն դրամ): Ի սկզբանե ՍՊԸ-ի գործունեության տեսակներ են նշվել առեւտրի եւ ծառայությունների բնագավառում միջնորդական գործունեությունը, մեծածախ եւ մանրածախ առեւտուրը, անշարժ գույքի, բնակելի եւ ոչ բնակելի տարածքների վարձակալությունը, սակայն 2012-ից հետո մնացել է միայն վերջինը:

2008-ի նոյեմբերից մինչեւ 2009-ի դեկտեմբեր ընկերությունը գրանցված էր Պրահայի Կոշիրժե թաղամասում (Košíře, Zahradníčkova 1220/20a): 2009-ի վերջում դրա հասցեն տեղափոխվել է Լիբոց՝ Նաարդենսկա 666/7 (Liboc, Naardenská 666/7): Այս երկրորդ հասցեն անմիջական կապ ունի ՀՀ քաղաքացի, Պրահայի բնակիչ, փաստաբան Բագրատ Վերդիյանի հետ, ով Թումանյանների կողմից լիազորված է եղել զբաղվել ընկերության գրանցմամբ եւ այլ գործողություններով:

Չեխական կադաստրի տվյալներով՝ այս հասցեում վերը նշված անձանցից որեւէ մեկը սեփականություն չունի: Ընդհանրապես, Թումանյանները եւ նրանց ընկերությունը Չեխիայում անշարժ գույք չունեն: Բայց, ինչպես տեղեկանում ենք ՍՊԸ-ի փաստաթղթերից, ընկերության գրանցման հասցեում է բնակվում Բ. Վերդիյանը: Այս փաստը ֆիքսել ենք նաեւ մենք՝ այցելելով նշված շենք (տես լուսանկարում):

Վերդիյանի հետ բնակվում են նաեւ քույրը՝ Զարուհի Վերդիյանը, ու մայրը՝ Ռուզաննա Բաղդասարյանը, որոնք նույնպես ՀՀ քաղաքացիներ են: Վերդիյանները, տրամաբանորեն՝ նաեւ Թումանյանների ընկերությունը, գրանցված են ՌԴ քաղաքացի Անաստասիա Մոլետոտովային պատկանող բնակարանում: Վերջինիս ընտանիքը համատեղ ընկերություն ունի Վերդիյանների հետ (չի բացառվում նաեւ նրանց բարեկամական կապը):  

Չեխական առեւտրային ռեգիստրում առկա են «Unitezza Group»-ի միայն 2008 եւ 2009 թթ. փաստաթղթերը: Ըստ էության, ընկերությունն այժմ չի գործում, չնայած լուծարված չէ: Այդուհանդերձ, դա դեսպան Թումանյանին չի ազատում ՍՊԸ-ում իր ունեցած 52 % բաժնեմասը (104.000 կրոն կամ 2,4 մլն դրամ) հայտարարագրելու պարտականությունից, ինչը նա չի արել: Մասնավորապես, 2015-ին պաշտոնը ստանձնելու առիթով ներկայացրած հայտարարագրում դեսպանը նշել է մի քանի միավոր անշարժ գույքի, ինչպես նաեւ ավտոմեքենայի ու 50.000 դրամ բաժնեմաս ունենալու մասին (սա, ենթադրաբար, «Լիսամ» ՍՊԸ-ի բաժնեմասն է), սակայն խոսք չկա չեխական ընկերությունում մասնակցության վերաբերյալ:   

Պրահայում ընկերություն ունի նաեւ դեսպանի որդու ընտանիքը

«Unitezza Group»-ի հիմնադրումից օրեր անց՝ 2008-ի նոյեմբերի 25-ին, գրանցվել է «Tumanyan Group» ՍՊԸ-ն, որի փայատերերն են դեսպանի որդին՝ Սամվել Թումանյանը (70 %), եւ հարսը՝ Լաուրա Վլադիմիրի Բադալյանը (30 %): Սա կարելի է համարել նախորդի երկվորյակը, քանի որ կանոնադրական կապիտալը, գործունեության տեսակներն ու հասցեն նույնն են: «Tumanyan Group»-ը նույնպես գրանցվել է Բագրատ Վերդիյանի անմիջական մասնակցությամբ, եւ 2009-ին Կոշիրժեից տեղափոխվել է Լիբոց:

Այս ընկերության փաստաթղթերը նույնպես վերաբերում են միայն 2008-2009 թթ., ինչը հուշում է, որ այն փաստացի չի գործում:   

Արտաշես Թումանյանի հարսի մասին անցյալ տարվա հոկտեմբերին civilnet.am-ը գրեց, որ նա մասնակցություն ունի «Սոֆադ» ՍՊԸ-ում, որում ներգրավված է նաեւ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանի կինը՝ Զարուհի Մելիքսեթյանը: Հայ-լիբանանյան «Սոֆադ» ընկերությունը տարբեր տարիների տնտեսական, սանիտարահիգիենիկ եւ լվացքի միջոցներ է մատակարարել պետական կառույցներին, այդ թվում՝ նախագահի աշխատակազմին, չնայած որ պետական գնումների գործընթացքում մյուս մասնակիցներից ավելի բարձր գին է առաջարկել: Ըստ հրապարակման՝ Լաուրա Բադալյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամու՝ ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի ազգականն է:

Չեխական կադաստրի տվյալներով՝ Սամվել Թումանյանը, նրա կինը եւ «Tumanyan Group»-ն այդ երկրում անշարժ գույքի սեփականատեր չեն:        

Մարզպետ Հովիկ Աբովյանը փայատեր ու տնօրեն է

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այդ պաշտոնում նշանակվել է 2014-ին: Մինչ այդ՝ 2007-2009 թթ., եղել է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետ, իսկ 2009-2014-ին՝ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ: Նա Հայաստանի հարուստ մարզպետներից է:

Հովիկ Աբովյանը եւ նրա կինը՝ Աննա Ազատյանը, չեխական ընկերության սեփականատեր են դարձել 2009-ի ապրիլին: Նրանք իրենց լիազորած անձ Հակոբ Նիկողոսյանի միջոցով ձեռք են բերել Չեխիայի Օստրավա քաղաքում գրանցված «EXABELLO» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել էր նույն տարվա հունվարին չեխերի կողմից:

Ընդհանրապես, Չեխիայում տարածված պրակտիկա է որեւէ ընկերություն հիմնելը՝ հետագայում այն արտասահմանցիներին վաճառելու նպատակով: Դա օտարերկրացիներին ձեռնտու է այնքանով, որ խուսափում են գրանցման գործընթացի թղթաբանությունից եւ ձեռք են բերում «պատրաստի» իրավաբանական անձ: 

Այսպիսով՝ 2009-ի ապրիլի 8-ին Հ. Աբովյանն (51 %) ու Ա. Ազատյանը (49 %) գրանցվել են որպես «EXABELLO» ՍՊԸ-ի փայատերեր՝ դառնալով նաեւ դրա տնօրենները: Միանգամից ասենք, որ Հովիկ Աբովյանը տնօրեն ձեւակերպվելու իրավունք չուներ, քանի որ այդ ժամանակ մաքսային ծառայող էր, իսկ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով՝ մաքսային ծառայողին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ (ներկայում էլ մարզպետ Աբովյանը չի կարող տնօրեն լինել, քանի որ հանրային ծառայող է, իսկ «Հանրային ծառայության մասին» օրենքն արգելում է ձեռնարկատիրությամբ զբաղվելը): Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում մարզպետ Հովիկ Աբովյանի հայտարարագրերը թերի են: Մասնավորապես, բացակայում է 2014-ին պաշտոնի ստանձնման հայտարարագիրը, որտեղ, ըստ կարգի, Աբովյանը պիտի ներկայացներ նաեւ չեխական ընկերությունում իր 51 տոկոս փայը:

Չեխական ռեգիստրում առկա են միայն 2009 թ. փաստաթղթերը, թերեւս, ՍՊԸ-ն ներկայում չի գործում, բայց լուծարված էլ չէ: Այսինքն՝ մարզպետն ու նրա կինը մնում են փայատեր:

Ձեռք բերելով «EXABELLO»-ն՝ Աբովյանն ու Ազատյանն այն անվանափոխել են՝ դարձնելով «ZIKATAR»: Զիկատարը (նաեւ՝ Ձիգկատար) լեռնագագաթ է Գուգարաց լեռնաշղթայում՝ Տավուշի եւ Լոռու սահմանին: Դրա անունով է կոչվում Տավուշի «Զիկատար» արգելավայրը: Մյուս կողմից՝ Աբովյանն ու կինը ընկերությունը Օստրավայից տեղափոխել են Պրահա եւ գրանցել վերոնշյալ Հակոբ Նիկողոսյանի «ՍԻՍ» հյուրանոցում («Gallery Hotel SIS», Nusle, Rostislavova 253/17): Ավելի ճիշտ կլինի ասել, որ այս ամենը հենց Նիկողոսյանն է արել պաշտոնյայի ընտանիքի լիազորմամբ:

Հյուրանոցի սեփականատերը չեխական «Նարեկ» ՍՊԸ-ն է, որը մինչեւ 2015 թ. պատկանում էր Նիկողոսյաններին, իսկ հետո վաճառվեց 2 ուկրաինացու: Հակոբ Նիկողոսյանը լոռեցի է, սակայն վաղուց ապրում է Սանկտ Պետերբուրգում: «ZIKATAR»-ը հայկական արմատներով միակ ընկերությունը չէ, որ գրանցված է արդեն նախկին հայկական հյուրանոցում: Դրանցից եւս մեկին կանդրադառնանք քիչ անց:   

«ZIKATAR»-ի կանոնադրական կապիտալը 200.000 կրոն է, այսինքն՝ մարզպետ Աբովյանի բաժնեմասը 102.000 կրոն է կամ 2,3 մլն դրամ: ՍՊԸ-ի գործունեության տեսակներն են անշարժ գույքի վարձակալությունը, առեւտուրն ու ծառայությունների մատուցումը: Ինչպես եւ Թումանյանները, Աբովյանը, նրա կինն ու ընկերությունը Չեխիայում անշարժ գույքի սեփականատեր չեն:

2015-ի հունիսին Հովիկ Աբովյանը այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատվիրակության կազմում այցելել էր Չեխիա, հանդիպել Հրադեց Կրալովե երկրամասի նահանգապետ Լյուբոմիր Ֆրանցին (Lubomir Franc), որի հետ հուշագիր էր ստորագրել տնտեսական եւ մշակութային համագործակցության վերաբերյալ: Արդեն 2017-ի հոկտեմբերին Հայաստան էր ժամանել չեխական պատվիրակությանը, այդ թվում՝ Հրադեց Կրալովեի նահանգապետ Իրժի Շտեպանը (Jiří Štěpán): «Օրեր» ամսագրի հետ զրույցում վերջինս նշել էր, որ Տավուշի ղեկավարության հետ որոշել են համագործակցել առողջապահության եւ զբոսաշրջության ոլորտներում:  

Փոխնախարար Ղահրամանյանը գրանցվել է տնօրեն, բաժնեմասն էլ թաքցրել է

2010-ի օգոստոսի 9-ին Պրահայում «EDIKAR COMPANY» անունով ՍՊԸ են հիմնել Կարեն Ղահրամանյանը եւ նրա կինը՝ Էդիտա Էդուարդի Շեկոյանը: Ընկերության անվանումը նրանց անունների զուգակցումն է:

Կ. Ղահրամանյանը 2006-ից Արմավիրի մարզպետ աշխատող Աշոտ Ղահրամանյանի որդին է, 1998-ից պետական կառավարման համակարգում է, 2004-2018 թթ. եղել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության (նախկինում՝ էներգետիկայի, ապա՝ էնեգետիկայի եւ բնական պաշարների) աշխատակազմի ղեկավար, իսկ այս տարվա փետրվարից նախարարի տեղակալն է: Այսինքն՝ ընկերությունը հիմնելիս Ղահրամանյանը եղել է ԷՆ աշխատակազմի ղեկավար:

«EDIKAR COMPANY»-ն փոխնախարարն ու կինը կիսում են 50-50 համամասնությամբ, յուրաքանչյուրի փայը 100.000 կրոն է կամ մոտ 2,3 մլն դրամ: Ընկերության գործունեության տեսակը անշարժ գույքի վարձակալությունն է: Ամուսինները գրանցվել են նաեւ ՍՊԸ-ի տնօրեններ, սակայն, ինչպես Հ. Աբովյանը, Կ. Ղահրամանյանը դրա իրավունքը չուներ եւ այժմ էլ չունի, քանի որ հանրային ծառայող է, իսկ «Հանրային ծառայության մասին» օրենքն արգելում է զբաղվել ձեռնարկատիրությամբ:

Ղահրամանյանն ու կինն իրենց ընկերությունը գրանցել են Պրահայի Ստարոկոշիրժսկա 6/11 շենքում (Starokošířská 6/11), որին նախկինում էլի ենք անդրադարձել: Այս հասցեն կապ ունի Չեխիայի հայ համայնքում հայտնի Աղասարյան եղբայրների հետ, որոնց անունները կարելի է գտնել հայ պաշտոնյաների հետ կապված ընկերությունների գրանցման կամ այլ գործարքների մեջ: Օրինակ՝ Երեւանի նախկին քաղաքապետ, էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանի զավակների ընկերությունը նույնպես այս շենքում էր գրանցվել հենց Աղասարյանների մասնակցությամբ: Կարելի է ենթադրել, որ Ղահրամանյանին նույնպես նրանք են օգնել:

Այդուհանդերձ, Ստարոկոշիրժսկա 6/11 շենքում, ըստ չեխական կադաստրի, հայ սեփականատեր չկա. ավելին՝ բնակիչների մեջ էլ հայկական անուն չկա (տես լուսանկարում), բայց այն գրանցման հասցե է ծառայում հայկական արմատներով մի շարք ընկերությունների համար, որոնց, ըստ էության, օգնել են Աղասարյանները: Ընդ որում՝ վերջիններս նույնպես այստեղ ընկերություն ունեն:

Չնայած Կ. Ղահրամանյանը նախարարության աշխատակազմի ղեկավար է եղել 2004-ից ի վեր, միայն 2017-ին է ընդգրկվել հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնյաների մեջ, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ են արվել:

2017-ին պաշտոնի ստանձնման հայտարարագրում պաշտոնյան նշել է 2 բնակարանի, 2 հողամասի ու 1 ավտոտնակի, ինչպես նաեւ 2 ավտոմեքենայի մասին, սակայն որեւէ խոսք չկա չեխական ընկերությունում ունեցած 50 տոկոս փայի մասին:

Շեշտենք, որ չեխական առեւտրային ռեգիստրում ներկայացված են միայն «EDIKAR COMPANY»-ի հիմնադրման փաստաթղթերը, սակայն փաստ է, որ այն ներկայում լուծարված չէ, եւ Ղահրամանյանը պարտավոր էր հայտարարագրել իր բաժնեմասը: Մյուս կողմից՝ չնայած փետրվարին Կ. Ղահրամանյանը նշանակվել է փոխնախարար, իսկ օրենքով պարտավոր էր պաշտոնի ստանձնման առիթով 30 օրում հայտարարագիր ներկայացնել, այդ փաստաթուղթը էթիկայի հանձնաժողովի կայքում բացակայում է:     

Նշենք, որ 2017-ի հուլիսի 1-ից ուժի եջ են մտել հայտարարագրմանն առնչվող խախտումների եւ դրանց համար կիրառվող պատասխանատվության միջոցների վերաբերյալ օրինադրույթները, որոնք կիրառելի են դրանից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Այս առումով պետք է շեշտել, որ Կ. Ղահրամանյանը 2017-ի սեպտեմբերին է ներկայացրել պաշտոնի ստանձնման իր հայտարարագիրը, որում չի նշել չեխական ընկերությունում ունեցած փայի մասին:

Աղվան Հովսեփյանի որդու ընկերությունը

Պրահայում 2010 թ. հունվարի 29-ին ընկերություն է գրանցել նաեւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնեկ որդին՝ Միսակ Հովսեփյանը: Վերջինս Հայաստանում մի շարք ընկերություների սեփականատեր է, նրա անունն առավել շատ քննարկվում է հէկերի բիզնեսի առնչությամբ, որից անմասն չէ նաեւ ավագ եղբայրը՝ Նարեկ Հովսեփյանը:

Միսակ Հովսեփյանի «OMIRA» ՍՊԸ-ի գործունեությունը ներառում է անշարժ գույքի վարձակալությունը, առեւտուրն ու ծառայությունների մատուցումը: Միսակը 200.000 կրոն (4,5 մլն դրամ) կապիտալով ընկերության միակ սեփականատերն է, իսկ 2013-ից՝ նաեւ տնօրենը (2010-2013 թթ. ՍՊԸ-ն ղեկավարել է Չեխիայի քաղաքացի Դավիդ Բուխալը): Հովսեփյանը ընկերությունը գրանցելու եւ դրա գործերով զբաղվելու համար լիազորել է Չեխիայում բնակվող ՌԴ քաղաքացի Մարինա Պուշինային:

Սկզբնապես ՍՊԸ-ն գրանցված էր Պրահայի Վ Հուրկախ փողոցի այն շենքում (V hůrkách 2145/1), որտեղ բնակարան ունի ատամնաբույժ Էդգար Հովհաննիսյանը: Ավելորդ չէ ասել, որ Միսակը մասնագիտությամբ նույնպես ատամնաբույժ է, այնպես որ միանգամայն հավանական է նրա եւ Հովհաննիսյանի ընկերական կապը: Այդուհանդերձ, 2013-ին «OMIRA»-ի գրանցման հասցեն տեղափոխվել է Հակոբ Նիկողոսյանի «ՍԻՍ» հյուրանոց: Ինչպես վերեւում նշեցինք, նախկին հայկական այս հյուրանոցում գրանցված են հայերի հիմնած մի շարք ընկերություններ:

Չեխիայի հայ համայնքի մեր աղբյուրը պատմեց, որ Աղվան Հովսեփյանը ընկերական հարաբերությունների մեջ է Նիկողոսյանների հետ: Ընդհանրապես, նախկին գլխավոր դատախազն ամուր կապեր ունի այս երկրում: Բավական է նշել նրա եւ Չեխիայի նախկին (2005-2010 թթ.) դատախազ Ռենատա Վեսեցկայի (Renata Vesecká ) ջերմ հարաբերությունները: Ըստ նույն աղբյուրի՝ Վեսեցկայի սենյակում նույնիսկ կախված էին Ա. Հովսեփյանի արած լուսանկարները (հայտնի է Աղվան Հովսեփյանի սերը դեպի նկարչությունը): 

Չեխական ռեգիստրում 2013-ից հետո «OMIRA»-ի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չկա, բայց, ինչպես վերը նշված մյուս ընկերությունները, սա էլ լուծարված չէ: Քանի որ Մ. Հովսեփյանը եւ նրա կինը՝ Նորա Բարսեղյանը, բնակվում են Աղվան Հովսեփյանի հետ, օրենքի պահանջով ներկայացնում են հայտարարագրեր, սակայն դրանցում չկան չեխական ընկերությանը վերաբերող տվյալներ:

Հոդվածի պատրաստմանն աջակցել է Պավլա Հոլցովան


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (2)
1. Hagop03:08 - 28 մայիսի, 2018
Mr. Prime Minister Pashinyan. Get used to the saying the word JAIL for all the corrupt, Armenian officials. JAIL JAIL JAIL is where they belong. The Diaspora demands LAW AND ORDER!
2. Սերժ10:25 - 28 մայիսի, 2018
...մի խոսքով, բոլոր ՀՀԿ անդամները և նրանց ազգականները հանցագործներ են:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։