HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՊԵԿ-ի կարիքների համար գնման պայմանագրերը կնքվել են առանց նախահաշիվների Գագիկ Խաչատրյանի հետ առնչություն ունեցող ընկերության հետ

Պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար ձեռք են բերվել ապրանքներ, մատուցվել են ծառայություններ ընթացակարգերի թերի կիրառմամբ: Գնումներ իրականացնելու ժամանակ պարբերաբար խախտվել են օրենսդրության պահանջները: Վերահսկիչ պալատն իրականացրել է ՊԵԿ-ի կողմից պետական միջոցների օգտագործման և մի շարք այլ գործառույթների նկատմամբ հսկողություն: Վերահսկողության ժամանակահատվածն ընդգրկել է 2 տարի՝ 2015-2017թթ.: Բացահայտվել են մի շարք թերություններ:

Ըստ Վերահսկիչ պալատի՝ «Այյունեթվորքս» ՍՊԸ-ի հետ 2015թ. դեկտեմբերին կնքվել է մոտ 499 մլն դրամ ընդհանուր արժեքով պայմանագիր: Դրա շրջանակներում մաքսային ծառայությունների համար մոնիթորինգի նպատակներով 2017թ. ապրիլին մատակարարվել  է 224 հատ BOSCH տեսախցիկ: Ստուգման ժամանակ տեսախցիկներից 36 հատը պահեստավորված են եղել և հայտնի չէ դրանց հետագա ճակատագիրը: 

Նույն ընկերության հետ 2017թ. ապրիլին կնքվել է պայմանագիր՝ զովացման համակարգերի ձեռք բերման, տեղադրման, վերամոնտաժման նպատակով: Գնման ընդհանուր արժեքը կազմել է 92 մլն դրամ, որից զովացման համակարգերի և հարակից սարքավորումների արժեքը կազմել է 56 մլն դրամ, իսկ տեղադրման, կարգաբերման և վերամոնտաժման աշխատանքները՝ 36 մլն:

Վերահսկիչ պալատն ուսումնասիրությամբ պարզել է, որ  տեղադրման, կարգաբերման և վերամոնտաժման աշխատանքների համար նախահաշիվ չի կազմվել, ուստի հստակ չէ աշխատանքներից յուրաքանչյուրի չափաբաժինը և շրջանակը:

«Այյունեթվորքս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ. մարտին: Ընկերության հիմնադիրները եղել են ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին՝ Հայկ Խաչատրյանը և Ալեքսանդր Եսայանը: Վերջինս «Յուքոմ» ընկերությունում 3,17% բաժնետեր է: Գագիկ Խաչատրյանի որդիները «Յուքոմ»-ում ևս բաժնետերեր են:

«Այյունեթվորքս» ՍՊԸ-ում Ալեքսանդր Եսայանն ունի 40% բաժնեմաս: Մնացած 60%-ը պատկանում է Արամ Անտոնյանին: Հայկ Խաչատրյանն այս ընկերությունից դուրս է եկել 2016թ. հունվարին:

Ստացվում է, որ «Այյունեթվորքս» ՍՊԸ-ի հետ 2015թ. դեկտեմբերին 499 մլն դրամ ընդհանուր արժեքով պայմանագրի կնքումը եղել է Գագիկ Խաչատրյանի նախարար եղած ժամանակ:

Ինչպես երևում է Վերահսկիչ պալատի հաշվետվությունից, վերը ներկայացվածը միակ դեպքը չի եղել, երբ գնում է կատարվել առանց մանրամասն հաշվարկների: Վերահսկիչ պալատի ուսումնասիրության համաձայն՝ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքները ևս չեն ունեցել մանրամասն հաշվարկ: Գումարը եղել է Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված դրամաշնորհ և կազմել է մոտ 4 մլրդ 284 մլն դրամ:

Իսկ, օրինակ, տեսակոնֆերանսների սարքերի ձեռքբերման պայմանագիրը կնքվել է առանց նախահաշվային փաստաթղթերի: 298 մլն դրամ գումարը դարձյալ հատկացվել է ՌԴ-ի կողմից որպես դրամաշնորհ:

Պետական բյուջեի միջոցներից հատկացված մոտ 55 մլն դրամի շրջանակներում ՊԵԿ-ում ներդրված ՀԴՄ-ների էլեկտրոնային համակարգերի և համալրող միջոցների սպասարկման համար ծառայություններ են մատուցվել: Վերահսկիչ պալատը բացահայտել է, որ դարձյալ նախահաշվային փաստաթղթեր չեն եղել:

Մեկ այլ դեպքում 2015թ. նոյեմբերին գնման պայմանագիր է կնքվել «Ֆեռս Ցենտր Ռազռաբոտկի» ընկերության հետ: 505 մլն դրամով ձեռք է բերվել և 2017թ. ապրիլին մատակարարվել է էլեկտրոնային կշեռքների կենտրոնացված համակարգ: Այն փորձարկվել է նույն տարվա ապրիլ-օգոստոս ամիսներին, սակայն դեկտեմբեր ամսվա դրությամբ դեռևս գործարկված չի եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter