ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Մանդատից հրաժարված պատգամավորներին կփոխարինեն Հակոբ Հակոբյանն և Սպարտակ Սեյրանյանը



Մանդատից հրաժարված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանին և Արմեն Բաբայանին խորհրդարանում կփոխարինեն Սպարտակ Սեյրանյանը և Հակոբ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ մայիսի մեկին՝ վարչապետի ընտրության օրը, ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող Գրիգոր Ավալյանը մանդատը վայր դնելու հայտարարությամբ էր հանդես եկել, իսկ ավելի ուշ «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները հայտարարություն էին տարածել, որ իրենց ընկերությունը ներկայացնող անկուսակցական պատգամավորներն այլևս չեն լինելու խորհրդարանում։ Եւ չնայած վերջիններիս հայտարարության նպատակն այն էր, որ նոր Հայաստանի խորհրդարանում չլինեն գործարար պատգամավորներ, այնուամենայնիվ ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող Գրիգոր Ավալյանին փոխարինելու է գործարար, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Ավալյանն առաջադրված էր Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում (17 հազար 113 ձայն), նրան ձայների քանակով հաջորդում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (8 հազար 90 ձայն), որը հանրության շրջանում հայտնի է որպես Կիլիկայի Հակոբ։ Հակոբ Հակոբյանն անկուսակցական է, երկու գումարման խորհրդարանի պատգամավոր։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ժամանակ Հակոբյանը բաժնեմաս ուներ տաս ընկերությունում՝ 50 %-անոց բաժնետոմաս՝ «Երևանի գարեջուր», «Դիատոմիտ», «Կոննեկտ», Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան», «Հակ և Աշ», «Հ և Տ Հակոբյաններ», «Կիլիկիա» ընկերություններում, բացի այդ Հակոբյանին են պատկանում «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի», «Տիգրան ՀՀԳ» ընկերությունների 100 % բաժնետոմսերը, նաև 30 % բաժնեմաս ունի «Արմամաստ» ՍՊԸ-ում։

Հակոբ Հակոբյանի ունեցվածքին «Հետք»-ն ավելի վաղ ևս անդրադարձել է։

«Գրանդ հոլդինգ» ընկերության կողմից խորհրդարանում ներկայացված և մանդատից հրաժարված մյուս պատգամավորը Արմեն Բաբայանն է, որը ընդգրկված էր ՀՅԴ խմբակցությունում։ Վերջինս ՀՅԴ-ի համապետական ցուցակով էր առաջադրվել, ցուցակում հաջորդը նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանն է։ Սեյրանյանը սովորել է Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, ստացել պատմաբանի, պատմության և հասարակագիտության ուսուցչի որակավորում: 2004թ.-ից մինչև 2006թ. հունիսը` ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Երկիր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է եղել: 

Ի դեպ, մանդատներից հրաժարված Արմեն Բաբայանը 6-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ամենաշատ բացակայություններ ունեցող պատգամավորների թվին է դասվում, ըստ ԱԺ լրատվական վարչության՝ «Հետք»-ին տրամադրած տվյալների՝ վերջինս բացակայություններով հինգերորդն էր, իսկ Գրիգոր Ավալյանն աչքի է ընկել կողմ քվեարկություններով, ինչպես նաև զրո հարցերով, զրո ելույթներով ու զրո օրենսդրական նախաձեռնությամբ։

Լուսանկարում՝ ձախից՝ Հակոբ Հակոբյանը, աջից՝ Սպարտակ Սեյրանյանը։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Հայկ07:33 - 17 մայիսի, 2018
Դա լավ է, որ Հակոբ Հակոբյանը ինքնակամ է ընտրում իր հետագա ճակատագրի տնօրինումը։ Կարծես թե նրան չի վերաբերվում օրվա այն հրամայականը,որ իշխանության մարմիններում պետք է բացառել գործարարների առկայությունը։ Եզրակացությունը մեկն է, եթե նա ի վիճակի չէ հրաժարվելու պատգամավոր լինելու գայթակղությունից, ապա պետք է հրաժարվի գօտծարար կոչվելու հիմքերից։ Առավել ևս, որ դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները լիովին բավարար են։ շշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշ Դա լավ է, որ
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ