Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Կուրսանտի սպանության գործով դատարանը հասավ ամբաստանյալների հարցաքննության փուլին



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ  դատավոր Դավիթ Հարությունյանի,  կուրսանտի սպանության գործով դատական նիստին այսօր անցավ ամբաստանյալների հարցաքննության փուլին:

Ամբաստանյալները, սակայն, այսօր ցուցմունք չտվեցին: Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, որոնք անցնում են սպանության գործով, դատարանին հայտնեցին, որ ցանկանում են ցուցմունք տալ, սակայն այսօր պատրաստ չեն: Ամբաստանյալ Նորայր Սահակյանը հայտնեց, որ ցուցմունք տալու կամ չտալու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար պետք է խորհրդակցի իր պաշտպանի հետ` նշելով, որ դիրքորոշումը կհայտնի հաջորդ դատական նիստին: Ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանն, ով  անցնում է ոչ թե սպանության, այլ կանոնադրային հարաբերություններ խախտելու մեջ, ևս հայտարարեց, որ հաջորդ նիստին պատրաստ է ցուցմունք տալ:

Դատարանն արձանագրեց, որ այս փուլում ամբաստանյալները հրաժարվում են ցուցմունք տալ:

Սպանված Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը դժգոհեց դատաքննության շարունակ ձգձգումներից: Վերջինս նշեց, որ որդու սպանության գործով դատական վերջին նիստը մոտ մեկ ամիս առաջ է տեղի ունեցել, և ամբաստանյալներն ու վերջինիս պաշտպանյալներն այդ նիստի ընթացքում տեղեկացվել են, որ հաջորդիվ նախատեսվում է ամբաստանյալների հարցաքննությունները: Ուստի, ըստ Բարսեղյանի, պաշտպանական կողմը ցանկության դեպքում կարող էր այսօրվա նիստին պատրաստ ներկայանալ ու ցուցմուքներ տալ:

Դատավոր Դավիթ Հարությունյանը նույնպես արձանագրեց, որ պաշտպանական կողմն անբարեխիղճ է օգտվում իր իրավունքներից:

Այսօրվա դատական նիստին դատախազ Կարեն Հարությունյանը միջնորդեց հրապարակել վկաներ Սամվել Սերոբյանի և  Արթուր Վահանյանի ցուցմունքները: Այդ երկու վկաներին դատարանը հարցաքննելու հնարավորություն չի ունեցել, քանի որ բացակայում են Հայաստանից: Վաչե Մարգարյանի և Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ` ի թիվս այլ հիմնավորումների նշելով նաև, որ մինչև դատաքննության փուլի ավարտն իրենք դեռևս բազմաթիվ  միջնորդություններ ունեն, և չի բացառվում, որ մինչև այս դատավարական գործընթացների ավարտը վկաները Հայաստան գան և հնարավոր լինի իրականացնել նրանց հարցաքննությունը:

Դատարանը հետաձգեց միջնորդության լուծումը:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց մայիսի  21-ին:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է  2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան Հայկազ Բարսեղյանը հայտնաբերվել է ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Սպանության համար  քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Վերջինս ինստիտուտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի` ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ Զարմիկ Մարկոսյաի որդին է: Սպանության դեպքից հետո Զարմիկ Մարկոսյանն աշխատանքից ազատվել է: Նրա նկատմամբ ևս քրեական գործ է հարուցվել՝ ինստիտուտում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար: Սպանության գործի նյութերի հիման վրա հարուցվել է մի քանի քրեական գործ ինչպես այլ կուրսանտների, այնպես էլ սպայական կազմի նկատմամբ:

Ըստ մեղադրանքի` ամբաստանյալներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանն ու Մովսես Ազարյանը Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել ինստիտուտի սպորտհրապարակից:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ