HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՀՀԿ-ն պատրաստ է «Ոստիկանության մասին» օրենքում կառավարության առաջարկները ներառել

ԱԺ փոխխոսնակ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօրվանից շրջանառության մեջ է դրվել իր և մի խումբ ՀՀԿ-ական պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը։ Հիշեցնենք, որ այս նախագծով ոստիկանությունն առաջարկում էր հանցագործությունները բացահայտելիս, հասարակական կարգը պահպանելիս և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին թույլատրել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործել: Հովհաննիսյանը գրել է, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում մարտի երեքին տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշվել է բացառել ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից ճանապարհային անվտանգությունն ապահովելիս շարժական տեխնիկական սարքերով լուսանկարահանումը կամ տեսանկարահանումը: Վերջինս նաև նոր ձևավորված կառավարությանն է դիմել՝ ասելով, որ պատրաստ են քննարկել նաև կառավարության առաջարկները անշարժ տեխնիկական միջոցների կիրառմամբ տեսանկարահանում կամ լուսանկարահանում կատարելու խնդրի շուրջ։

Հիշեցնենք, որ այս նախագիծը «Ելք» խմբակցության պատգամավորների կողմից բավական քննադատվեց ԱԺ լիագումար նիստում, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում (Փաշինյանի ելույթը՝ 49.38 րոպեից) հայտարարեց, որ «ոստիկանության երազանքը իրականություն է դառնալու», քանի որ վերջինս հնարավորություն է ստանալու ցանկացած վայրում տեսախցիկ տեղադրել՝ հետևելով ինչպես ընդդիմադիրների, այնպես էլ իշխող ուժի ներկայացուցիչների քայլերին։ Նա կոչ էր արել ՀՀԿ-ականներին մշտապես ժպտալ և գովերգել Սերժ Սարգսյանին, քանի որ նկարահանվում են թաքնված տեսախցիկով։ 

Մեզ հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ օրենքի ընդունումից հետո Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում թե՛ ինքը, թե՛  Արտակ Զեյնալյանը բարձրացրել են իրենց հուզող մտահոգությունները, խոսել են հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի հետ, և ՀՀԿ խմբակցության՝ հանձնաժողովում ընդգրկված պատգամավորներից ստացել են հավաստիացումներ, որ օրենքում փոփոխություններ կկատարվեն։

Մեր դիտարկմանը, որ Հովհաննիսյանն ասել է, թե պատրաստ են նաև կառավարության առաջարկները քննարկել, Մարուքյանն ասաց՝ չի բացառում, որ կառավարությունն ավելի ընդգրկուն առաջարկներով հանդես գա, քան միայն տեսախցիկների խնդիրն է։ Նաև հավելեց՝ քանի դեռ որևէ մեկի հետ չեն քննարկել այս հարցը, չի կարող ավելի հստակեցնել՝ ինչ առաջարկներ կլինեն թե՛ իրենց խմբակցության,  թե՛ կառավարության կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter